Լիզ Թրասը հրաժարական է տվել Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոններից։ Թրասը դիմացավ վարչապետի պաշտոնին ընդամենը 45 օր՝ Միացյալ Թագավորության պատմության մեջ պաշտոնավարման ամենակարճ ժամկետը:
Հինգ շաբաթը նրան բավական էր խորացնելու քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որի մեջ ընկել էր Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու որոշումից հետո։ Մեծ Բրիտանիայում գնաճը հասել է վերջին 40 տարիների ամենաբարձր մակարդակին՝ ավելի քան 10%։ Հինգ շաբաթվա ընթացքում Թրասը ձերբազատվեց երկու գլխավոր նախարարներից և կորցրեց խորհրդարանական խմբակցության ու ընտրողների աջակցությունը։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բրեքսիթի գաղափարախոս և այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ընկավ տարատեսակ սկանդալների մեջ և ստիպված եղավ հրաժարական տալ։ Նրան փոխարինելու համար Պահպանողական կուսակցությունը (ո՛չ ժողովուրդը՝ այդպիսին է օրենքը) ընտրեց Լիզ Թրասին։
Տրասի տնտեսական ծրագիրը ներառում էր հարուստների հարկերի նվազեցում ու բիզնեսի հարկերի նախատեսված բարձրացման չեղարկում։ Այս ծրագիրն արժեր մոտ 0,25 միլիարդ ֆունտ ստերլինգ, բայց ոչ Թրասը, ոչ էլ նրա ֆինանսների նախարար Քվազի Կվարթենգը չբարձրաձայնեցին, թե որտեղից են վերցնելու այդ գումարը:
Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ անձնական և ուրիշների փողերը ներդրածների շրջանում խուճապ էր սկսվել։ Քառորդ միլիարդ ֆունտ ստերլինգ բյուջեի անցք ունեցող երկրի վարկատու լինելու հեռանկարը վախեցրել էր ներդրողներին: Թրաս-Կվարթենգի ծրագիրը, բարգավաճման փոխարեն, երկիրը տարավ դեպի փլուզում, և ինչ-որ բան պետք էր անել:
Թրասը սկզբում մերժեց բոլոր պնդումները և պատասխանեց երեք բառանոց կարգախոսներով․ «Աճ, աճ և աճ» կամ «Կանենք, կանենք, կանենք»։ Կարգախոսներն էլ չօգնեցին և Թրասը որոշեց զոհաբերել ֆինանսների նախարար Կվարթենգին՝ պաշտոնանկ անելով նրան։
Կվարթենգին փոխարինեց Ջերեմի Հանթը, ով ի սկզբանե դեմ էր Թրասին վարչապետի պաշտոնում նշանակելուն։ Շուտով Կառավարության երկրորդ առանցքային նախարար Սուելլա Բրավերմանը հրաժարական տվեց ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնից: Հրաժարականի դիմումից պարզ դարձավ, որ խորտակվող նավը լքում են Թրասի նույնիսկ ամենամոտ գաղափարական համախոհները։
Պահպանողականների կառավարման 12 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան զանգվածաբար կրճատեց սոցիալական ծախսերը՝ ի պատասխան 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, «ոչ» ասեց Շոտլանդիայի անկախությանը և «այո»՝ Բրեքսիտին:
Անգլիայի բանկի կանխատեսման համաձայն՝ գալիք տարում քաղաքացիներին սպասվում է կենսամակարդակի վերջին 60 տարիների ամենամեծ անկումը։
Անցած չորս տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայում փոխվել է երեք վարչապետ, իսկ վերջին չորս ամիսների ընթացքում՝ չորս ֆինանսների նախարար (երկրում Ֆինանսների նախարարության ղեկավարը վարչապետի աջ ձեռքն է, կառավարության գլխավոր նախարարը՝ կանցլերը)։
Լերի կատուն խոստանում է փրկել անգլիացիներին
Միացյալ թագավորության կառավարության բակում ապրող 15 տարեկան Լերի կատուն հայտնում է, որ առաջադրվել է վարչապետի պաշտոնում։
«Թագավորն ինձ խնդրել է դառնալ վարչապետ, քանի որ այս անհեթեթությունը արդեն շատ երկար է շարունակվել», – գրել է Լերին իր թվիթերյան էջում։
“The King has asked me to become Prime Minister because this nonsense has gone on long enough.” pic.twitter.com/eFL3fgSfVL
— Larry the Cat (@Number10cat) October 20, 2022
Լերին Կառավարության կայքում գրանցված է որպես Գլխավոր գրասենյակի մուկ բռնողների պետ։ Արդեն 10 տարի է ապրում է բրիտանացի պաշտոնյաների կողքին և փոխել է 4 վարչապետ։ Դիմավորում է հյուրերին, ապահովում շենքի անվտանգությունը՝ հարձակվելով աղվեսների վրա, կռվում իր ենթակայության տակ գտնվող կատուների հետ, ուտում թագավորական սնունդ և քնում որտեղ ցանկանա։