Մեծ Բրիտանիան ունի նոր վարչապետ։ Նախկին արտգործնախարար Լիզ Թրասը հաղթեց Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրություններում և կփոխարինի հրաժարական ներկայացրած Բորիս Ջոնսոնին։
Իշխող կուսակցության քվեարկության արդյունքներով Թրասը հավաքել է ձայների 57,4%-ը՝ անցնելով իր մրցակից, Ֆինանսների նախարար Ռիշի Սունակին։
Նախկինում լիբերալ-դեմոկրատ ակտիվիստ, միասեռ ամուսնությունների օրինականացման ու մարիխուաննայի ապաքրեականացման կողմնակից, 1980-ականներին Մարգարետ Թետչերի դեմ ակցիաների մասնակից, Լիզ Թրասն այժմ ցանկանում է, որ իրեն համարեն «երկաթե լեդի»։
Թրասի նախընտրական խոստումները
Նախընտրական ելույթներում Թրասը չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Օգոստոսի 24-ին նա խոստացավ, որ եթե ստանձնի վարչապետի պաշտոնը, ավելի շատ հետախուզական տեղեկատվություն կգաղտնազերծի Ռուսաստանի մասին։
«Որպես վարչապետ ես ավելի հեռուն կգնամ, կանեմ ամեն հնարավոր բան, այդ թվում՝ մեծ ծավալի հետախուզական տվյալների գաղտնազերծումը, որպեսզի բացահայտեմ աշխարհի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մարտավարությունը», – հայտարարել էր արտգործնախարարը։
Հիշեցնենք նաև Լիզ Թրասի աղմկահարույց պատասխանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների փետրվարին հրավիրած համատեղ ասուլիսին, Լավրովն արդարանում էր, որ ռուսական զորքերը Ռուսաստանի տարածքով են տեղաշարժվում և չեն պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա, և փորձեց սրամտել՝ հարցնելով Թրասին՝ արդյո՞ք նա չի ճանաչում Ռուսաստանի սուվերենիտետը Վորոնեժի ու Ռոստովի մարզերի նկատմամբ։ Թրասը, ամենայն հավանականությամբ Վորոնեժն ու Ռոստովը շփոթելով Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի հետ, պատասխանեց՝ ոչ։
Թրասը նաև խոստացել էր ընտրվելու դեպքում կրճատել տնտեսական գործընկերությունը Պեկինի հետ և համախմբել Մեծ Յոթնյակի մյուս երկրներին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ինտեգրացիոն նախագծի դեմ պայքարում:
Իր ընտրողներին նա հավաստիացրել է, որ կկրճատի հարկերը, կմեղմի էներգետիկ ճգնաժամի հետևանքները, արմատապես կբարեփոխի բրիտանական կառավարությունը և կպայքարի ազատության համար։
Մեծ Բրիտանիայում ապաստան հայցողներին Թրասը խոստացել է ուղարկել Ռուանդա՝ պետություն Արևելյան Աֆրիկայում։
Նոր վարչապետի ընտրությունները նշանակվել էին մի շարք քաղաքական սկանդալների ֆոնին կառավարության նախորդ ղեկավար Բորիս Ջոնսոնի հուլիսի 7-ին ներկայացրած հրաժարականից հետո։ Կառավարության շուրջ 50 նախարարներ ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ջոնսոնի ամենամոտ աջակիցներից որոշները հրաժարական էին տվել։