Home / Մշակույթ / Ստրկացումից մինչև սև թոռ․ Աստված պահապան թագուհուն

Ստրկացումից մինչև սև թոռ․ Աստված պահապան թագուհուն

Սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում մահացավ Եղիսաբեթ երկրորդը՝ Մեծ Բրիտանիայի միապետը։ Թագուհու առաջնեկը՝ 73-ամյա արքայազն Չարլզը, փոխարինելու է նրան թագավորության գահին։ 

Թագուհու մահվան կապակցությամբ Բուքինգհեմյան պալատի դռների մոտ էին հավաքվել հազարավոր մարդիկ։ Աշխարհի առաջնորդները նույնպես իրենց ցավակցություններն էին հայտնում։ Ամերիկայի նախագահ Ջո Բայդենն, օրինակ, իր հայտարարության մեջ ասում էր, որ թագուհին «սահմանեց անգերազանցելի արժանապատվության ժամանակաժշրջան» Մեծ Բրիտանիայում։

Շատերի համար, մասնավորապես՝ Արևմուտքում, թագուհու 70 տարվա իշխանությունը նշանավորվեց կայունությամբ։ Եղիսաբեթ երկրորդի օրոք, թագավորական ընտանիքը փորձեց «հեռու մնալ» քաղաքականությունից և միապետության երկարամյա գաղութատիրական պատմությունից։ 

Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց համար, ովքեր ապրել են թագավորական ընտանիքի դաժան գաղութատիրական ու ռասիստական համակարգի մեջ և հիմա էլ տառապում են դրա հետևանքներից, ոչինչ չփոխվեց։ 

54 «անկախ և հավասար ազգերից» բաղկացած և Մեծ Բրիտանիայի նախկին գաղութները ներառող «Ազգերի համագործակցություն» կազմակերպության դեռևս 15 երկրներ թագուհուն համարում են իրենց պետության ղեկավարը: Ինքնիշխան հանրապետություն դառնալը միևնույն է չի ազատում երկիրը այս միութենական կազմակերպության անդամակցությունից, այն ընդամենը նշանակում է բրիտանական տիրապետության խորհրդանշական մերժում։ 

Բարբադոսը այդ օրինակներից է։ 2021 թվականի նոյեմբերի 30-ին, վերջ դնելով բրիտանական շուրջ 396 տարվա գաղութացմանը, Բարբադոսը հեռացրեց Անգլիայի Եղիսաբեթ II թագուհուն ղեկավարի պաշտոնից և դարձավ աշխարհի նորագույն հանրապետությունը։ Նորանշանակ նախագահը երդմնակալության արարողության ժամանակ ազգի հերոսի կոչում շնորհեց երգչուհի Ռիհաննային։

«արժանապատվության ժամանակաժշրջան» 

Մեծ Բրիտանիայի միապետության առաջին իսկ տարիներից (17-րդ դարի վերջ) այն իմպերիալիստական տերություն էր, որը գաղութացնում ու շահագործում էր տասնյակ երկրներ ու տարածքներ, մասնավորապես՝ գլոբալ Հարավում, որոնք այժմ առճակատվում են աղքատության ու շարունակական բռնաճնշումների հետևանքների հետ։ 

1952 թվականին՝ հենց այն ժամանակ, երբ Եղիսաբեթ երկրորդը թագադրվեց, Քենյայում սկսվեց «Մաու Մաու» ապստամբությունը, որի նպատակն էր ձերբազատվել բրիտանական գաղութացումից։ Այն վերածվեց պատերազմի՝ «Քենյայի հողի ու ազատության բանակի» և բրիտանական իշխանությունների միջև, որը տևեց շուրջ 10 տարի։ Բրիտանական RAF ինքնաթիռները թռչում էին համակենտրոնացման ճամբարների վրայով, որտեղ բրիտանացիները տեղավորել էին շուրջ 1,5 միլիոն քենյացիների և ռումբեր նետում դրանց վրա՝ պահանջելով քենյացիների հողն ու ազատությունը: 

Դարերի ընթացքում Մեծ Բրիտանիան տրիլիոնավոր դոլարներ է ստացել իր գաղութներից, և մինչ օրս շարունակում է շահույթ ստանալ իր ռասիստական անցյալից ու ներկայից։ Միապետությունը կառուցվել է ստրկության և մասնավորապես՝ ստրուկների առևտրի վրա, ինչի արդյունքում միլիոնավոր աֆրիկացիներ, հյուսիսային  ու հարավային ամերիկացիներ տեղահանվել են իրենց տարածքներից։ Առևտրաշրջանառությունն այնքան մեծ էր, որ Բրիտանիան միայն 2015-ին կարողացավ մարել բոլոր ստրկատերերի «պարտքերը»՝ ստրուկներին 19-րդ դարում ազատելու համար։ 

Վերջին տարիներին, թագավորությունը անտեսում էր Բարբադոսի և Ջամայկայի նման երկրների (Բրիտանիայի նախկին գաղութների) կոչերը՝ փոխհատուցելու բրիտանական ստրկավաճառության ժամանակներում բնիկների արյունոտ ու նողկալի շահագործման համար։

Այս տարվա մարտին Կարիբյան կղզիներ կատարած այցի ժամանակ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը Բելիզում և Ջամայկայում հանդիպեցին տեղացիների բողոքի ցույցերին։ Մարդիկ կոչ էին անում թագավորական ընտանիքին պաշտոնական ներողություն խնդրել աֆրիկացիների ստրկության մեջ իրենց ընտանիքի դերի համար և պահանջում էին փոխհատուցում:

Մեծ Բրիտանիայի արյունոտ պատմությունը թաքցնելու համար՝ Եղիսաբեթը «Ժառանգություն» օպերացիան էր նախաձեռնել․ փորձ՝ ջնջելու և խեղաթյուրելու գաղութատիրական նախաձեռնության մասին ճշմարտությունը փաստաթղթերի գողությունների ու ոչնչացումների միջոցով։ 2013 թվականին, երբ մի խումբ տարեց քենյացիներ դատի տվեցին Միացյալ Թագավորությանը, արտաքին գործերի նախարարությունը ստիպված եղավ ընդունել, որ անօրինական կերպով թաքցրել է գաղութատիրության ժամանակաշրջանի ավելի քան մեկ միլիոն փաստաթղթեր, որոնք պետք է գաղտնազերծվեին:

Ռասիզմն առկա է անգամ թագավորական ընտանիքի ներսում։ 2020 թվականին Սասեքսի դուքս և դքսուհի արքայազն Հարին ու Մեգան Մարքլը լքեցին պալատը՝ ներքին ռասիզմի պատճառով։ Մեկ տարի անց տարածվեց նրանց աղմկահարույց հարցազրույցը ամերիկացի Օփրա Ուինֆրիի հետ, որի ժամանակ դուքսն ու դքսուհին, ի թիվս այլի, բրիտանական թագավորական ընտանիքին մեղադրում էին ռասիզմի մեջ։ Մեգանին հղիության ընթացքում տեղեկացրել էին, որ նրանց ապագա երեխան՝ ընտանիքի առաջին ոչ սպիտակ անդամը (Մեգանի մայրն աֆրոամերիկացի է), արքայազնի տիտղոս չի ստանա, ուստի՝ ի տարբերություն թագավորական ընտանիքի մյուս անդամների, չի ունենա նաև թիկնազոր։

թվիթերը

Թագուհու մահվան մասին սրտաճմլիկ հրապարակումներից բացի Թվիթերում նույն թեմայի շուրջ կարելի է գտնել հումորներ ու մեմեր։

«Նախքան կատակներ անելը, խնդրում եմ, մտածեք նրա ընտանիքի մասին՝ կնոջը դավաճանողի, մյուս կնոջը դավաճանողի, պեդոֆիլի, նրա, ով հարցնում էր՝ ինչ գույնի է լինելու թոռը», – ասվում է թվիթում:

Պեդոֆիլը․ Եղիսաբեթի երրորդ տղան՝ Էնդրյուն հեռացավ թագավորական պալատից, երբ նրան մեղադրեցին 17 տարեկանի հետ սեռական հարաբերություններ ունենալու և սեռական թրաֆիքինգով զբաղվելու մեջ։

Կնոջը դավաճանողը․ արքայազն Չարլզը՝ Եղիսաբեթի առաջնեկը, Մեծ Բրիտանիայի նոր թագավորը, դավաճանում էր իր առաջին կնոջը՝ արքայադուստր Դիանային։ Դիանան մահացավ 36 տարեկան հասակում, 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ «դժբախտ պատահարի» հետևանքով։ Շատերը պնդում էին, որ ավտովթարը տեղի է ունեցել դավադրության արդյունքում և որ դավադրության հեղինակները բրիտանական հատուկ ծառայություններն են, ովքեր գործում էին թագավորական ընտանիքի հանձնարարությամբ։

Թոռան գույնը․ Օփրայի հետ հարցազրույցում Մեգանը պատմում էր, որ իր հղիության ընթացքում պալատում «խոսակցություններ և մտահոգություններ են եղել» այն մասին, թե «որքան մուգ կարող է լինել ապագա երեխայի մաշկը»։

Թագուհին մահացավ․ իռլանդացիների ու սևերի թվիթերը

Նկարը՝ «The Flash» սերիալից

Արքայադուստր Դիանան՝ երբ հանդիպի Եղիսաբեթ թագուհուն

Հիշվեց նաև Sex Pistols-ի God Save the Queen (Աստված պահապան թագուհուն) երգը Եղիսաբեթ երկրորդ թագուհու մասին.

Աստված պահապան թագուհուն
Ֆաշիստական ռեժիմին
Նրանք քեզ հիմար դարձրին
Պոտենցիալ H բոմբ

Աստված պահապան թագուհուն
Մարդ չէ նա
Ապագա չկա
Իսկ Անգլիան երազում է…