Վանաձորի քիմգործարանի հանրակացարանը գրավադրել են բնակիչներով հանդերձ:
Հանրակացարանում արդեն մոտ 40 տարի ապրում են գործարանի նախկին աշխատողներն ու նրանց ժառանգները: Պատմում են, որ Սովետի ժամանակ հերթ էին կանգնել, որ բնակարան ստանան, և ժամանակավոր տեղավորվել էին այստեղ: Հերթը դեռ չհասած՝ Սովետական Միությունը փլվեց։
Անդրանիկ Մարգարյանի օրոք որոշում ընդունվեց, որ նախկին արդյունաբերական ձեռնարկությունների հանրակացարանները պետք է սեփականաշնորհվեն դրանց փաստացի բնակիչների կողմից: Քիմզավոդցիներն ասում են, որ իրենց թույլ չեն տվել դա անել:
2000-ականներին քիմգործարանը վաճառվել է, ունեցվածքը փոշիացվել է, հետո այն վերավաճառվել է կրկին։ Սեփականատերերից մեկը հանրակացարանը գրավադրել է բանկ, իսկ հետո՝ ինքնալուծարվել: Հանրակացարանը դեռ 2009-ից սնանկության գործընթացը չավարտած «Քիմբրոմ» ընկերության սեփականությունն է համարվում, բնակիչները մինչև հիմա էլ այնտեղ օրինական իրավունքներ չունեն՝ զուտ հաշվառված են։
Բնակիչները հարց են տալիս՝ ինչպե՞ս կարող էր գրավադրվել լուծարված գործարանի մաս կազմող հանրակացարանը, անձամբ ո՞վ է եղել գրավադրողը, ո՞վ է ստորագրել պայմանագիրը, ինչո՞ւ բանկը հաշվի չի առել, որ հանրակացարանում 25 ընտանիք է ապրում, ինչպո՞ւ նրանց օրինական շահերը չի պաշտպանել նաև պետությունը։
Հանրակացարանի բնակիչները պատմում են, որ մի քանի ամիս առաջ ինչ-որ մարդիկ են եկել, սկսել չափագրել շենքն ու իրենց բնակարան-սենյակները։ Նրանք ենթադրում են, որ հանրակացարանը աճուրդի է հանվելու կամ արդեն հանվել է։ Եթե շենքը վաճառվի, իրենք անտուն են մնալու։
***
Եվ սա միակ խնդիրը չէ։ «Վեոլիա ջուր» ֆրանսիական ընկերությունը, որին 2016-ից հանձնվել են Հայաստանի ջրամատակարարման ցանցերը, շուկա մտնելուց հետո հրաժարվել է բնակիչներին բաժանորդ ճանաչել և ջրաչափեր տեղադրել նրանց սենյակներում։ Այնամենայնիվ, ընկերությունը երկար տարիներ վերցրել է բնակիչների հավաքած ջրի գումարը, որը շենքի նկուղում դրված մեկ ջրաչափով էր հաշվարկվում։ Խնդիրներ չեն եղել։
Մեկ տարի առաջ, սակայն, Վեոլիան եկել, նոր ջրաչափ է տեղադրել հանրակացարանի և հարևան տնակային ավանի արանքում։ Ընդհանուր ջրաչափի տեղադրումից հետո ջրի ծախսը կրկնապատկվել է․ այն չի համընկնում բնակարան-սենյակներում տեղադրված ջրաչափերի ցուցումների հետ։ Բնակիչների անհատական ջրաչափերը «Վեոլիան» չի ճանաչում, քանի որ նրանք սեփականատեր չեն, հետևաբար բաժանորդ լինել չեն կարող։
Հուլիսին ընկերությունը ծանուցում էր ուղարկել հանրակացարանի բնկիչներին, պահանջել էր եռօրյա ժամկետում փոխանցել 250 հազար դրամ ջրի պարտքը և սպառնացել, որ հակառակ դեպքում ջուրը կկտրի։ Բնակիչները հրաժարվել էին վճարել ավելացած գումարը, քանի որ չեն հասկանում, «ոնց է այդ 250 հազար պարտքը առհասարակ գոյացել»։ «Վեոլիան» արդարանում է, թե շենքում ապրող մարդկանցից ոչ մի պահանջ չունի, իրենց պահանջը չգործող գործարանից է։ Բնակիչները հարցնում են՝ եթե պահանջը գործարանից է, ինչո՞ւ են ծանուցումն իրենց ուղարկում, պարտքը իրենցից ուզում և ջրազրկմամբ սպառնում իրենց։
Հուլիսի վերջերին «Վեոլիայի» տեսուչը եկել էր հանրակացարան, որ շենքի ջուրը կտրի։ Բնակիչները կողպեք էին դրել ջրհորի վրա, որպեսզի նա չկարողանա մոտենալ փականին։ Տեսուչը զգուշացրել էր, որ կողպեքը հեռացնելու համար դիմելու են ոստիկանություն։ Հարցը մինչև հիմա էլ առկախված է մնացել։