Հաղթանակ թաղամասի բնակիչները Երևանի քաղաքապետարան են ներկայացրել 10 պահանջներ։ Դրանք չկատարելու դեպքում 17000 բնակչություն ունեցող Հաղթանակը սպառնում է ռեֆերենդում անել, առանձնանալ Երևանից և դառնալ ինքնուրույն վարչական շրջան, մարտի 2-ին թաղամասում հավաքի ժամանակ հայտարարել է բնակիչ Գեղամ Վլասյանը։
Այդ օրը հաղթանակցիք նաև ստորագրահավաք են արել, որպեսզի թաղամաս գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լսի իրենց բողոքը։
Պահանջները հիմնականում վերաբերում են թաղամասի բնակիչների հողի հանդեպ սեփականության իրավունքը ճանաչելուն։
տե՛ս՝ «Փոքր Չեչնիայում» սպասում են Երևանի ղեկավարությանը
Հաղթանակի բնակիչների 80 տոկոսին չեն տալիս նոր ձևանմուշի սեփականության վկայական, թեև նրանք ունեն 90-ականներին կոլտնտեսության հողերը մասնավորեցնելու արդյունքում ստացած ակտեր։ Տները կառուցվել են ապօրինի։ Գրանցումը հիմա ավելի թանկ է, քան նոր տուն սարքելը։
«Իմ ծնողները աշխատել են, ըստ իրենց աշխատանքի ստացել են հող, որը ժառանգել են ինձ։ Ինչի՞ պիտի ես նորից մոտ 10000 դոլար ծախս անեմ էդ հողը գրանցելու համար», – ասել է բնակիչներից Արսենը։
Ապօրինի շենքերը գրանցելու ծախսերը շատացել են, քանի որ նախկինում Հաղթանակը գյուղ էր, հողի նշանակությունը՝ գյուղատնտեսական։
«Մեզ բռնակցել են Երևանին։ Հողի նշանակությունը ավտոմատ պիտի փոխվեր։ Նշանակություն փոխելը առաջ արժեր 2500 դրամ, հիմա՝ 10000 դրամ», – ասել է մեկ այլ բնակիչ։
Բնակիչների հողերին սպառնում է նաև տեղի գերեզմանոցը։ Թաղման համար հողակտորներ են վաճառվել՝ մոտ 600 հազար դրամով, նաև ոչ հաղթանակցիներին։ Գերեզմանոցը մոտեցել է մարդկանց այգիներին և տներին։ Իսկ ըստ Երևանի քաղաքապետարանի նոր օրենքի՝ գերեզմանատեղիներից 300 մետրի վրա չի կարող լինել որևէ մասնավոր սեփականություն։ Այս օրենքի պայմաններում՝ շուրջ 400 սեփականատեր կկորցնի իր հողը կամ տունը։
«Գալիս են ամբողջ Երևանից, թաղում են անում։ Ծաղիկները և աղբը թափում են իմ հողամասում։ Մի անգամ հրդեհ է բռնկվել, այգիս ամբողջությամբ վառվել է, ոչ մի պտղատու ծառ չի մնացել։ Հիմա գարի եմ ցանում», – ասել է բնակիչներից մեկը։
Թաղամասով անցնում են նաև բարձրավոլտ էլեկտրական հոսանքի լարեր։ Որոշ բնակիչների հողում տեղադրված են կայաններ։ Դրանց համար բնակիչները պահանջում են փոխհատուցում ՀԷՑ-ից։