Home / Հայաստան / Որդիները բանակում են, իսկ 5 երեխայի մայրը մնում է փողոցում

Որդիները բանակում են, իսկ 5 երեխայի մայրը մնում է փողոցում

Հովհաննիսյանների ընտանիքին փողոցում մնալու վտանգ է սպառնում։ Epress.am-ի թղթակիցն այցելել է Աբովյան քաղաքում բնակվող բազմազավակ միայնակ մայր Լիլիթ Հովհաննիսյանին։

Փողոցի երթևեկելի մասից թեքվեցինք դեպի «քոլեջի հանրակացարան», ինչպես հուշել էր խմբագրություն զանգահարած 5 երեխաների մայրը, ու արդեն շենքի բակում հանդիպեցինք մեզ դիմավորող քույրիկների։ Բարձրացանք 5-րդ հարկ, անցանք կիսամութ միջանցքով, հայտնվեցինք փոքրիկ խոնավ սենյակում։

Տանն էին միայն Երևանից լրագրողներին դիմավորելու դուրս եկած երկու աղջիկները։ Ինչպես Լիլիթն էր նկատել, ամաչում էին իր այս զրույցներից։ 40-ամյա մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանն, ասում է՝ այլ հնար չունի, ուր որ է փողոցում են մնալու։

Սեփականության իրավունք չունի ո՛չ մեր զրուցակիցը, ո՛չ էլ հարևանը, ով սպասում է՝ երբ կազատվի սենյակը, որում Հովհաննիսյանները բնակվում են 2018 թվականից։ Ի տարբերություն մեզ հյուրընկալած ընտանիքի, հարևանը «կապեր ունի»։ Օրինակ, ընտրություններից ընտրություն «Բարգավաճ»-ի հետ էր աշխատում, նշում է Լիլիթը։ «Երևի, զանգել, ասել է՝ վախտին ձեր համար հոշոտել եմ, ձայներ եմ հավաքել․․․»։

Այժմ Հովհաննիսյանը կանգնել է խնդրի առաջ․ հարևանը պնդում է, որ ընտանիքը պետք է տարածքը լքած լիներ դեռ անցած կիրակի օրը։

«Հիմա ամեն տեղ դիմել ենք, ինձ ասել են, որ հարցը կլուծվի։ Եկան, գույքագրում արին, ասին, որ սենյակներ կտրամադրեն»։ «Լավության կարգով» ընտանիքը ժամանակավորապես հանրակացարանում էր տեղավորել մարզպետի խորհրդականը։ Բայց նույն շենքում բնակվող հարևանը չի համբերում․ «Ասում ա՝ ուզում եմ գամ իմ տուն, քեզ խաբել ա պետությունը, ոչ մի բանով էլ չի օգնում»։

Հովհաննիսյանը՝ տարբեր պետական կառույցներ դիմելուց առաջ, նաև վարչապետի անունով էր նամակ գրել։ Աշխատակազմից ստացված պատասխանի համաձայն՝ հարցով Կոտայքի մարզպետարանն է զբաղվում։

Ավագ տղաները բանակում են, «սովորող, աշխատող էրեխեք են»։ Մայրը իրենց չի պատմել փողոցում մնալու վտանգի մասին։

«Ես ամեն բան չեմ ասում իրանց, խաբում եմ, ասում՝ վայ, Կարեն ջան, բա դու խաբար ես, հարցը կլուծեն․․․ Ասում ա՝ մամա, խաբում են։

Տարել էին Ղարաբաղ, հիմա էլի դիրքերում ա։ Բայց ոչ մի բան չի պատմում, 13 օր շրջափակման մեջ էր, ես ուրիշից եմ իմացել։

Բայց որ չեմ դիմանում, բողոքում եմ Նիկոլից, ասում ա՝ Նիկոլին բան չասեք, դուք չգիտեք՝ ինչ ա կատարվում։

Ես էլ չեմ ուզում հա բողոքեմ, միլիոնավոր մարդիկ կան իմ պես։

Ինձ շատ բան պետք չի՝ մի անկյուն տան, ապրենք։

Ի՞նչ անեմ, որ որևէ մեկի ընկերուհին չեմ»։

Տղաներից մեկը հունվարին ավարտում է ծառայությունը, մյուսը՝ մեկ տարուց։ Երկուսն էլ պետք է 7 օրով տուն գան․ «Որովհետև մասնակցել են պատերազմին։ Ասեց՝ սպասում ենք հրամանին, որ իջնենք։ Հիմա մտածում եմ՝ որ գան, ստեղ փորթափություն է լինելու տանտիրոջ ու երեխաների մեջ»։