Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը և հայտնվել գերության մեջ, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնել է վառչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչը գերեվարվել էր այս տարվա հուլիսի 8֊ին՝ Սիսիանի տարածաշրջանում։
Ադրբեջանը նրան չէր ներկայացրել որպես դիվերսանտ։ Նարեկի հարազատների տեղեկություններով՝ նրա նկատմամբ քրեական որեւէ գործ հարուցված չէ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիս ամսին բավարարել էր Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը, որը ներկայացրել էին փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը։ Հայաստանի ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ՝ մարդուն առևանգելու հոդվածով: