Կեմերովոյի մարզի համար 37 ուղղիչ գաղութում պահվող կալանավորների հարազատները հայտարարել են, որ բանտարկյալների նկատմամբ բռնություններ են իրագործում։ Նրանց ստիպում են համաձայնագիր ստորագրել ЧВК Вагнера ստորաբաժանման հետ՝ Ուկրաինայում պատերազմելու համար, գրում է Тайга.инфо-ն։
Հարազատների անանուն նամակի համաձայն՝ նշված գաղությում բանտարկյալներին ծաղրում են, ծեծում, խոշտանգում և կիրառում էլեկտրաշոկեր։ Նրանցից որոշներին այնպես են ծեծել, որ տեղաշարժվել կարողանում են միայն բանտակիցների օգնությամբ։
Հարազատները վստահ են, որ կալանավորներին բռնի ուժով ստիպում են պայմանագրեր ստորագրել՝ Ուկրաինա ուղարկելու համար և որ մոտ 120 հոգու արդեն կարող են ուղարկած լինել։
Կալանավորներից մեկի կինը պատմել է, որ իր ամուսնուն բանտից ստիպողաբար են տարել։ Կնոջ խոսքերով նա չէր կարող ինքնակամ գնալ պատերազմելու, քանի որ նոյեմբերից նրանք պատրաստվում էին հավաքել փաստաթղթերը և դիմել պայմանական վաղաժամկետ ազատման․ Նոր տարվան ընդառաջ նրան կարող էին տուն ուղարկել։ Գաղութի վարչությունը պատասխանել է, որ նշված անձը այլևս բանտում չի գտնվում։
Կեմերովոյի մարզի քրեակատարողական ծառայության գլխավոր վարչությունը ավելի վաղ հայտարարել էր որ բանտարկյալների հետ տեսակցությունները հոկտեմբերի 27-ից կդադարեցվեն։ Գերատեսչությունը պատճառաբանել է, որ տեսակցություններն արգելվում են COVID-19, գրիպ և սուր շնչառական վարակներ չտարածելու նպատակով։
Նույն պատճառաբանությամբ արգելել են տեսակցությունները նաև Նովոսիբիրսկի մարզում։ «Կարանտինային ռեժիմը» փաստացի մտցվել է նույն ժամանակ, երբ հայտնվել են ЧВК Вагнера-ի կողմից տարածաշրջանում կալանավորների հնարավոր հավաքագրում սկսելու մասին տեղեկություններ։
Ընդամենը երկու օր առաջ ЧВК Вагнера խմբավորման հետ ենթադրաբար կապեր ունեցող Grey Zone տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում մի խումբ անձինք մուրճով խփում են մի տղամարդու գլխին, ինչից հետո հայտնվում է «լիկվիդացված է» գրությունը։
Տեսանյութի նկարագրության մեջ գրված է, որ տղամարդը խմբավորման նախկին անդամ Եվգենի Նուժինն է, որին ռուսական բանտերից մեկից հավաքագրել է ЧВК Вагнера-ը, և որը պատիժ էր կրում այնտեղ սպանության համար։ Նուժինին ուղարկել էին Ուկրաինա և սեպտեմբերի սկզբին նա գերի էր հանձնվել։
Մոտ մեկ ամիս առաջ Նուժինը հարցազրույց էր տվել ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովին, որում քննադատում էր Ռուսաստանի քաղաքականությունը և պատերազմը։ Նա հայտարարել էր, որ միացել է ЧВК Вагнера-ին հնարավորինս շուտ հանձնվելու և ուկրաինական ԶՈւ-ի կողմից պատերազմելու նպատակով։ Պատերազմից հետո նա հույս ուներ մնալ Ուկարինայում, որտեղ ապրում էին նրա հարազատները։
2022 թվականի ամռանը տեղեկություններ հայտնվեցին, որ ЧВК Вагнера ստորաբաժանումը կալանավորների է հավաքագրում ռուսական բանտերից և ուղարկում Ուկրաինայում պատերազմելու։ The Insider-ի տվյալներով՝ նոյեմբերի դրությամբ Ուկրաինայում շուրջ 500 հավաքագրված ռուսաստանցի կալանավոր է զոհվել։
ЧВК Вагнера-ն ռուսական ոչ պաշտոնական ռազմական ստորաբաժանում է, որի մարտիկները մասնակցում են Սիրիայում, Աֆրիկայում և Ուկարինայում տեղի ունեցող ռազմական գործողություններին։ Ստորաբաժանման գործունեությունը օրենքով չի կարգավորվում և փաստացի համապատասխանում է «վարձկանություն» հոդվածին։ ЧВК Вагнера-ի անդամներին մեղադրում են Ուկրաինայում մի շարք ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ։