Կիևում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է բարդանալ։ Իշխանությունները տարբեր սցենարներ են դիտարկում՝ չբացառելով ամբողջական անջատումը։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կիևցիներին հորդորել է խմելու և տեխնիկական ջուր, սնունդ, լիցքավորման մարտկոցներ և տաք հագուստ կուտակել։ Մայրաքաղաքում այժմ դիզելային վառելիքի և էլեկտրագեներատորների, սննդի և խմելու ջրի պաշարներ են արվում, ստեղծվում են նաև տաքացման կետեր։ Կլիչկոյի խոսքով, նման կետերի թիվը կհասնի հազարի։ Քաղաքապետը խոստովանել է՝ սա միևնույնն է բավարար չէ, և կոչ է արել պատրաստվել «վատ սցենարի», հնարավորության դեպքում՝ նախօրոք պայմանավորվել հարակից շրջաններում ապրող բարեկամների և ընկերների հետ, պատրաստ լինել հնարավոր տեղափոխությանը։
«Մենք անում ենք ամեն բան, որ դա [ամբողջական բլեքաութ] չլինի։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որ քաղաքը մնա առանց ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման», – շաբաթ օրը տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ ասել է Կիևի քաղաքապետը։
Կլիչկոյի խոսքով, Կիևում այս պահին շուրջ 3 միլիոն մարդ է ապրում։ Ցերեկները այս թիվը աճում է հարակից շրջաններից եկող մարդկանց հաշվին։
Տաքացման կետեր
Նախատեսվում է, որ ձմռանը Կիևի յուրաքանչյուր վարչական շրջանում շուրջ 100 տաքացման կետ կլինի։ Քաղաքային իշխանությունների փոխանցմամբ, ջեռուցման կետերը կահավորվում են սոցիալական տարբեր օբյեկտներում։ Իշխանությունները խոստանում են, որ այնտեղ ջեռուցում, լույս, զուգարան, ճաշարան և հանգստի վայր կլինի, բնակիչներին նաև տաք հագուստ և վերմակներ կբաժանեն։
Օդային տագնապի դեպքում՝ տաքացման կետերում հավաքված մարդիկ կտեղափոխվեն ապաստարաններ։
Տաքացման կետեր են ստեղծվում նաև Խարկովում։
Էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը վնասված է
Հոկտեմբերից ռուսական բանակը Ուկրաինայով մեկ հրթիռակոծում է էլեկտրակայանները և էներգետիկ ենթակառուցվածքները։
Տարբեր մարզերում գործում են էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներ։ Պետական Ukrenergo ընկերությունը հրապարակել է էլեկտրաէներգիայի ժամային անջատումների ամենօրյա գրաֆիկները. դրանք գործում են Կիևի, Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի մարզերում:
Հոկտեմբերի 27-ին DTEK-ը զգուշացրել է՝ Կիևում և Կիևի մարզում էլեկտրաէներգիայի վթարային անջատումները կարող են ավելի երկար լինել, լույսերը անջատելու են նաև գրաֆիկից դուրս։
Նոյեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական բանակը վնասել կամ ոչնչացրել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ 40 տոկոսը։
Ռմբակոծությունները շարունակվում են։