Home / Հայաստան / Ինքնահրկիզված տղամարդուց հարկադիրը մեքենա էր խլել (թարմացված)

Ինքնահրկիզված տղամարդուց հարկադիրը մեքենա էր խլել (թարմացված)

17:50 — Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված 47-ամյա տղամարդը, ըստ ոստիկանության, զրկվել էր վարորդական իրավունքից, նրա մեքենան հետախուզման մեջ էր գտնվում։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 6-ի երեկոյան Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ինքնահրկիզման փորձ կատարած Ա․ՈՒ-ն հունիսի 16-ին անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ՃՈ տեսուչների կողմից տուգանվել է 10.000 դրամի չափով, և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար մեկ տարով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Սեպտեմբերի 19-ին հակադիրը հետախուզում է հայտարարել նրա մեքենայի նկատմամբ։

Արդեն նոյեմբերի 6-ի առավոտյան՝ ինքնահրկիզման փորձի օրը, պարեկները Հերացու փողոցում հանգնեցրել են մեքենան, տրանսպորտային միջոցը նույնականացնելիս պարզել են, որ այն չի անցել պարտադիր տեխնիկական զննում, իսկ վարորդը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել,  տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության հատուկ պահպանվող տարածք:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, ինքնահրկիզված տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր․ երեկ երեկոյան նա 2-րդ և 3-րդ կարդի այրվածքներով տեղափոխվել էր Այրվածքաբանական կենտրոն։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։

01։50 — Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզված 47-ամյա Ազիզ Ալիյանի եղբայրը news.am-ին պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում և հանձնում էր երկաթյա և պլաստմասսե իրեր։ 10 հազար դրամ տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, իսկ հետո՝ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք: Եղբոր խոսքով՝ Ազիզը հուսահատված դիմել է նման քայլի:

Ըստ նույն աղբյուրի, տղամարդը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

23։15 — Նոյեմբերի 6-ին, ժամը 21։20-ի սահմաններում քաղաքացին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տղամարդը հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Ինքնահրկիզման պատճառը և քաղաքացու ինքնությունը ճշտվում են։