Նիժնի Նովգորոդում՝ Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց, ինքնահրկիզվել է «Կոզա պրես» հրատարակչության գլխավոր խմբագիր Իրինա Սլավինան։ Լրագրողը տեղում մահացել է։
«Իմ մահվան համար խնդրում եմ մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը», – ինքնասպան լինելու առաջ ֆեյսբուքի իր էջում գրել էր Սլավինան։
«Протестный Нижний Новгород» տելեգրամ ալիքի հեղինակ, տեղացի ակտիվիստ Գրիգորի Տիֆանյուկը կարծում է, որ իքնասպանության պատճառը իրավապահ մարմինների կողմից լրագրողի պարբերական հետապնդումներն են։
Երեկ՝ հոկտեմբերի մեկին, Սլավինայի տանը խուզարկություն է իրականացվել։ Ֆեյբուքի մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ իր տանը իրավապահները «Բաց Ռուսաստան» կազմակերպության հետ կապված փաստաթղթեր էին փնտրում, և չեն գտել։
«Ինչ ձեռքների տակ ընկավ՝ առգրավեցին․ բոլոր ֆլեշկաները, համակարգիչս, աղջկաս համակարգիչը, հեռախոսները՝ իմ և ամուսնուս, նոթատետրերս, որոնցում գրառումներ էի անում մամուլի ասուլիսների ժամանակ», – գրել է լրագրողը։
Ավելի վաղ, «Յաբլոկո» կուսակցության Նիժնի Նովգորոդի մասնաճյուղը հայտարարել էր, որ նմանատիպ խուզարկություններ են իրականացվում նաև շտաբի ղեկավար Ալեքսեյ Սադոմովսկու և երեք այլ ակտիվիստների բնակարաններում։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սլավինայի, Սադոմովսկու և մյուսների տներում իրականացված խուզարկությունները կապված են քրեական գործի հետ, որում խուզրկվողները ներգրավված են որպես վկա։
«Կոզա պրեսը» Նիժնի Նովգորոդի ամենաանկախ լրատվամիջոցն է, որը կարող է գրել ցանկացած թեմայով, պատմում է փաստաբան Ռուսլան Սոզոնովը, ով բազմիցս տարբեր գործերի շրջանակներում ներկայացրել է Իրինա Սլավինայի շահերը։
« ․․․ Նիժնի Նովգորոդում է ապրում ընդդիմադիր ձեռներեց Միխաիլ Իոսելեվիչը՝ «մակարոնային հրեշի տաճարի» հիմնադիրը։ Նա տարածք էր տրամադրում հասարակական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած միջոցառումների համար։
Այնտեղ միջոցառում էր իրականացնում նաև «Գոլոսը» (դիտորդական առաքելություն իրականացնող դաշինք)․ դիտորդներին պատրաստում էին գալիք ընտրություններին։ Բայց այդ միջոցառումներն իրականացնել չհաջողվեց․ մեկնարկից անմիջապես առաջ ոստիկանության աշխատակիցները ցրեցին հավաքվածներին՝ նշելով, որ ահազանգեր են ստացել միջոցառման իբր ծայրահեղական բնույթի մասին», – հիշում է Սոզոնովը։
Այս դեպքից հետո Միխաիլ Իոսելեվիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անցանկալի կազմակերպության գործունեությունում ներգրավվածության մեջ (ՌԴ, ՔՈ 284.1 հոդված)։ Հենց այս գործի հետ էր կապված Սլավինայի տան խուզարկությունը։