Երկուշաբթի առավոտյան ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են երկու ռազմական օդանավակայաններում՝ Սարատովի մարզի Էնգելս-2 և Ռյազանի մարզի Դյագիլևո ավիաբազաներում տեղի ունեցած պայթյունների մասին։ Տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Անհայտ ծագման թռչող սարքն այսօր առավոտյան հարվածել է Սարատովի մարզում գտնվող ռազմական օդանավակայաններից մեկի թռիչքուղուն՝ հղվելով իր աղբյուրներին, գրել է ռուսական Baza տելագրամ-ալիքը։
Astra-ի տեղեկություններով, անօդաչուն ընկել է Էնգելս քաղաքի մոտակայքում գտնվող ավիաբազայում։ Պարբերականի տեղեկություններով, հարվածի հետևանքով Ту-95 երկու ստրատեգիական ռմբակոծիչ է վնասվել։ Ըստ նույն աղբյուրի, վիրավորվել է երկու զինծառայող։
Էնգելսի և Սարատովի բնակիչները ուժեղ պայթյունի ձայն են լսել առավոտյան 6-ի սահմաններում՝ գրել է «Сирена»-ն։
Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտարարել է, թե Էնգելսի շրջանի «ռազմական օբյեկտներում միջադեպերի մասին տեղեկությունը» ճշտվում է ուժային կառույցների կողմից։ Նա հավելել է, որ քաղաքի բնակելի թաղամասերում արտառոց որևէ բան տեղի չի ունեցել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկությունները ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել։
BBC-ին հիշեցրել է՝ Էնգելս-2 ռազմական օդանավակայանը գտնվում է Սարատովից դեպի արևելք 14 կմ հեռավորության վրա։ Բազայում երկու ծանր ավիագունդ է տեղակայված, դրա զինանոցում են ստրատեգիական Ту-160М և Ту-95МС-երը, որոնք ունակ են նաև միջուկային հրթիռներ կրել։
Էնգելսի ավիաբազայում գտնվող ռմբակոծիչները օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում։ Էնգելս-2 օդանավակայանի արբանյակային լուսանկարները վկայում են Ուկրաինայի վրա նոր հրթիռային հարձակման նախապատրաստման մասին՝ նոյեմբերի 30-ին գրել էր Der Spiegel-ը։ Հրապարակված լուսանկարներում Ту-95 և Ту-160 շուրջ 20 ռմբակոծիչներ են երևում։
Սարատովում տեղի ունեցած հարձակման մասին հաղորդումներին զուգահեռ ռուսական աղբյուրները գրել են Ռյազանի մարզում արձանագրված պայթյունի մասին։
Պետական РИА-Новости գործակալությունը՝ հղվելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Ռյազանի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում վառելիք տեղափոխող բեռնատար է պայթել։
Պայթյունի հետևանքով, ըստ նույն աղբյուրի, հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով՝ երեք հոգի զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել։ ТАСС-ը հաղորդել է երեք զոհերի և 5 տուժածների մասին։
Օդանավերից մեկը վնասվել է՝ հավելել է աղբյուրը։ Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն։
Տեղական Ya62.ru պարբերականը գրում է, որ ականատեսները ուժեղ պայթյունի մասին հաղորդել են առավոտյան 6։30-ին։
Ռյազանի մոտակայքում գտնվող Դյագիլևո ռազմական օդանավակայանը ռուսաստանյան ռմբակոծիչների խոշոր բազաներից մեկն է, զինանոցում՝ Ту-95МС и Ту-22М3-եր են։ Օդանավակայանի հարևանությամբ է գտնվում ավիավերանորոգման գործարանը։
Ռուսական միլիտարիստական տելեգրամ-ալիքները նշում են, որ պայթյունները տեղի են ունեցել միաժամանակ, և ենթադրում են, որ դրանք կարող են ուկրաինական դիվերսիայի հետևանք լինել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից մեկնաբանություններ չկան։
Ուկրաինան իր առնչությունը տեղի ունեցածին պաշտոնապես չի հաստատել։ «Եթե չափազնաց հաճախ ինչ-որ բաներ ես ուղարկում ուրիշ երկրների օդային տարածք, վաղ թե ուշ անհայտ թռչող օբյեկտները վերադառնում են թռիչքի նախնական վայր», – Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերը մեջբերել է BBC-ն։