Իրանի «ողջախոհության ոստիկանության» կարգավիճակի վերաբերյալ անորոշություն է, այն բանից հետո, երբ երկրի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն լուծարվել է: Իրանցիները, այնուամենայնիվ, չեն դադարեցնելու ցույցերը․ այսօրվանից եռօրյա գործադուլ են հայտարարել։
Նախօրեին Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, կրոնական համաժողովի ժամանակ «ողջախոհության ոստիկանության» մասին հարցին պատասխանել էր, որ այն «որևէ առնչություն չունի դատական համակարգի հետ և փակվել է այնտեղից, որտեղից ստեղծվել է»։
«Ողջախոհության ոստիկանությունը» ազգային ոստիկանական ուժերի մի մասն է, վերահսկողությունը պատկանում է ներքին գործերի նախարարությանը և ոչ թե դատական իշխանությանը:
Այնուամենայնիվ, կառավարությունը դեռևս չի հաստատել այս որոշումը և տեղի լրատվամիջոցները գրում են, որ նախարարի «խոսքերը սխալ են մեկնաբանվել»։
Պետական Al-Alam հեռուստաալիքն ասում է, որ ոմանք «փորձել են սխալ մեկնաբանել» գլխավոր դատախազի խոսքերը․ «Ամենաշատը, որ կարելի է հասկանալ Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերիի խոսքերից, այն է, որ ողջախոհության ոստիկանության պարեկները իրենց ստեղծման օրվանից կապված չեն եղել դատական համակարգի հետ»:
Ռեֆորմիստական Sharq թերթն, իր հերթին, գրում է, որ դիմել է Թեհրանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի գրասենյակ, սակայն պաշտոնյաները «խուսափել են» պարեկային ծառայությունը ցրելու վերաբերյալ հարցին պատասխանելուց:
To lift world’s public opinion pressure, the IR changes name of the “Morality Police”. However, Iranian women & girls are still beaten, imprisoned or killed like #MahsaAmini for mandatory dress code. Don’t let the IR fool you with lies and be Iranian’s voice.#IranRevolution @UN pic.twitter.com/PGKk0DlBkZ
— Amin Pouria ممد پوری (@mamadporii) December 4, 2022
«Աշխարհի հասարակական կարծիքի ճնշումը վերացնելու համար Իրանի Իսլամական հանրապետությունը փոխում է «ողջախոհության ոստիկանություն» անվանումը։ Այնուամենայնիվ, իրանցի կանայք և աղջիկները դեռ ծեծի են ենթարկվում, բանտարկվում կամ սպանվում, ինչպես Մահսա Ամինին, պարտադիր դրես-կոդի համար: Թույլ մի տվեք, որ Իսլամական հանրապետությունը ձեզ խաբի ստերով և դառնա Իրանի ձայնը», – գրում է Թվիթերի իրանցի օգտատեր Amin Pouria-ն:
Միևնույն ժամանակ, այսօր Իրանում հազարավոր մանրածախ ձեռնարկություններ համազգային գործադուլ են հայտարարել այն բանից հետո, երբ գաղտնի ակտիվիստական խմբերը կոչ են արել եռօրյա բողոքի ցույցեր անցկացնել և փակել շուկաները: Հաղորդվում է, որ Իրանի ավելի քան 40 քաղաքների ձեռնարկություններ գործադուլ են անում, և մանրածախ առևտրականների ավելի քան 90%-ը փակում է իրենց դռները՝ քայլ, որը թանկ կարժենա առանց այդ էլ ճգնաժամի մեջ գտնվող Իրանի տնտեսության համար:
Եթե «ողջախոհության ոստիկանության» լուծարումը հաստատվի, անշուշտ, դա զիջում կլինի ցուցարարներին և նրանց հաղթանակներից մեկը։ Այնուամենայնիվ, դժվար, թե այն բավարար լինի ցույցերը դադարացնելու համար։
«Միայն այն պատճառով, որ կառավարությունը որոշել է վերացնել ողջախոհության ոստիկանությունը, դա չի նշանակում, որ բողոքի ցույցերն ավարտվում են։ Նույնիսկ այն, որ իշխանություններն ասում են, թե հիջաբը անձնական ընտրություն է, բավարար չէ: Մարդիկ գիտեն, որ Իրանն ապագա չունի այս կառավարության հետ», – BBC-ի հետ զրույցում ասել է մի իրանցի կին:
Մեկ այլ կին ասել է․ «Մեզ՝ ցուցարարներիս, այլևս չի հետաքրքրում հիջաբը: Մենք առանց դրա ենք դուրս եկել փողոց վերջին 70 օրերի ընթացքում: Մեզ մոտ հեղափոխություն է: Հիջաբը դրա սկիզբն էր, և մենք պակաս ոչինչ չենք ուզում, քան մահ բռնապետի համար և ռեժիմի փոփոխություն»:
«Ողջախոհության ոստիկանությունը» պաշտոնապես գործարկվել է 2006 թվականի ամռանը՝ պահպանողական Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակ։ Թեհրանի նախկին ոստիկանապետ Ահմադրեզա Ռադանը «ողջախոհության ոստիկանության» առաքելությունը, իր հերթին, որակեց որպես «ոչ պատշաճ հիջաբի դեմ պայքար»։ Սկզբում պարեկները միայն նախազգուշացումներ էին անում կանանց, հետո նրանց լիազորություններն ընդլայնվեցին՝ նրանք իրավունք ստացան ձերբակալել «մեղավորներին»։