Իրանում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված դպրոցականներին «վերադաստիարակման» են ուղարկում հոգեբուժական կլինիկաներ, հայտնել է Իրանի կրթության նախարար Յուսեֆ Նուրին տեղական Shargh լրատվականի հետ հարցազրույցում։
Նախարարի խոսքերով՝ բուժհաստատություններում մասնագետներն աշխատում են երիտասարդներին «ուղղելու» և «վերադաստիարակելու» ուղղությամբ՝ հետագայում նրանց «հակասոցիալական վարքագիծը» կանխելու համար։ «Ուղղվելուց» հետո աշակերտները կվերադառնան իրենց դասերին։ Նուրին հավելել է, որ բուժվողները քիչ են՝ չնշելով հոգեբուժարաններում «հարկադիր հիվանդների» ստույգ թիվը։
Ամբողջ երկրով տարածված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն չորս շաբաթ։ Ցույցերին են միացել աշակերտներն ու գործարանների աշխատողները։
Նախօրեին Թեհրանում հերթական ցույցի ժամանակ փողոց են դուրս եկել աղջիկները, մասնավորապես՝ տեղի դպրոցի աշակերտները՝ վանկարկելով «Մահ բռնապետին», «Կին, կյանք, ազատություն» և ցուցադրաբար հանելով գլխաշորերը։
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Ըստ CNN-ի՝ ուժայիններին օգնել են «Բասիջ» կառավարամետ կամավորական կազմակերպության անդամները։ Նրանք ոստիկանների հետ մահակներով ծեծել են ցուցարարներին ու բերման ենթարկել։
Նորվեգիայում գործող իրանական իրավապաշտպան կազմակերպության հոկտեմբերի 13-ի տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 201-ի, որից 23-ը անչափահասներ են: Հրազենային կամ այլ վնասվածքներ ստացած վիրավորները, վախենալով ձերբակալվել, շատ հաճախ չեն գնում բուժհաստատություններ։
Իրանում սահմանափակված կամ արգելափակված համացանցի պայմաններում տեղեկատվությունը կա՛մ հասանելի չէ կա՛մ կցկտուր է։ Այդ իսկ պատճառով Iran Human Rights-ը զրուցել է տարբեր իրանցիների հետ՝ հասկանալու իրավիճակը, քաղաքացիների տրամադրվածությունն ու հեռանկարները։
Ք․ Մաշհադ, 27տ․ կին — Մեր ընտանիքում գրեթե բոլոր կանայք չադրա են կրում․․․ Ես հանում եմ իմը միայն մեքենա վարելիս։ Բայց վերջին շաբաթներին, մի շարք կանացի հավաքույթների ժամանակ, ես լսել եմ, որ իմ ընտանիքից շատերը խոսում են գլխաշորերը հանած աշակերտուհիների ցուցաբերած խիզախության մասին։
Օրինակ, նրանք ինձ ցույց տվեցին մի տեսանյութ, որում աղջիկները վառում էին իրենց գլխաշորերը, և ոչ ոք մեր հավաքույթի կանանցից չքննադատեց նրանց, նույնիսկ այն կանայք, ովքեր խիստ կրոնական են։ Մեր հարազատներից մեկը, ում ամուսինը հոգևորական է և ընդհանրապես շատ հավատացյալ, և ինչ-որ չափով իշխանությանը մոտ, ասաց․ «Ես հիմա կասկածներ ունեմ հիջաբի վերաբերյալ, և խնդիր չունեմ, եթե իմ տղան ամուսնանա հիջաբ չկրող աղջկա հետ»։
Ք․ Մաշհադ, 30տ․ տղամարդ — Մեզ նման մասնագետները [վեբ կայքի ձևավորում և մշակում] գործնականում անցանկալի գործադուլի են ենթարկվում (այսինքն՝ այս օրերին ավելի քիչ աշխատանք կա): Սակայն մեզ նման շատերի համար նորմալ կյանքին վերադառնալն իմաստ չունի։ Այն միտքը, որ բողոքի ակցիաները կվերջանան, և կյանքը կվերսկսվի սովորականի պես, դուրս է եկել մեր և իմ հասակակիցներից շատերի գլխից:
Իմ կարծիքով, իմ սերնդից շատերը և ինձ նման մտածողները [կրոնական և ավանդական] դեռևս մի տեսակ լավատեսություն ունեին Իրանում աշխատելու վերաբերյալ և ընդհանրապես չէին մտածում արտագաղթելու մասին, բայց եթե իրավիճակը մնա այսպիսին, և անդունդը իշխանության ու ժողովրդի միջև մեծանա, ապա մեզ նման շատերն էլ կմտածեն այլ երկիր մեկնելու մասին։
Ք․ Քարաջ, 55տ․ տղամարդ — Այն պահից, երբ աշակերտուհիները դուրս եկան փողոց և բողոքի ակցիաներ անցկացրեցին, ոստիկանությունն ավելի մեծ ուշադրություն սկսեց դարձնել մեր թաղամասին։ Միևնույն ժամանակ նրանք լավ գիտեն, որ եթե աղջիկներին վնաս հասցնեն, ժողովուրդը բուռն կարձագանքի։
Ուժայիններն ու պաշտոնյաները կարծում են, թե քանի որ մենք ապրում ենք քաղաքի ծայրամասում, շատ բան չենք հասկանում, բայց մեր երեխաները ցույց տվեցին, որ հասկանում են ամեն ինչ, անկախ նրանից, թե որ տարածքում են ապրում։ Մենք լսում և հավատում էինք այն ամենին ինչ ասում էին պետական ռադիոյով և հեռուստատեսությամբ, քանի որ այնքան էլ կրթված չենք: Բայց իմ 15-16 տարեկան երեխաները սովորեցնում են ինձ և ինձ նման մարդկանց, թե ինչ է կատարվում:
Բողոքի ակցիաների մասին լուրերի մեծ մասը ստանում եմ իմ 14-ամյա աղջկանից։ Մենք արբանյակային հեռուստատեսություն չունենք, և ինչ տեղեկատվություն, որ հասանելի է, գալիս է իմ դստեր Ինստագրամից:
Ք․ Թեհրան, 40տ․ տղամարդ — Այն, ինչին ես ականատես եղա հոկտեմբերի 8-ին մեր տան շրջակայքի փողոցներում, հիշեցրեց [Գերագույն առաջնորդ] Ալի Խամենեիի ելույթը 2009 թվականին․ այն օրը, որը հայտնի դարձավ որպես Արյունոտ շաբաթ [երբ բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վիճելի ընտրությունների դեմ]:
Իմ կարծիքով, կարելի է ակնկալել, որ բողոքի ակցիաները, բռնաճնշումները ուժեղանալու են։ Ուսանողների բողոքի ակցիաները և դասադուլները շատ կարևոր են։ Իրանի հասարակությունը շատ լավ է հասկացել՝ գտնելով հիմնական խմբերը [ցույցերը ղեկավարելու համար]: Ուսանողներն ամենակարևոր առանցքային խմբերից են, և նրանց դերը համապետական հանրաքվեի վրա, որի մասին այս օրերին շատ է խոսվում, կարող է շատ վճռորոշ լինել։
Ք․ Մաշադ, 68տ․ կին — Ես նման տեսարաններ չեմ տեսել նույնիսկ 1979-ի հեղափոխության ժամանակ։ Այն, ինչ ես տեսնում եմ 2000-ականներից հետո ծնված այս սերնդից, անհավանական է: Անցած 40 տարիների ընթացքում ես կրթել եմ ուսանողների մի քանի սերունդ ամբողջ քաղաքում, բայց սա այլ սերունդ է։
Իրանում 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո ամբողջ երկրով մեկ լայնամասշտաբ հակակառավարական ցույցեր սկսվեցին։ Ուժայինները շարունակում են ձերբակալել, ծեծել և սպանել։