Իրանի իշխանությունները վերացրել են «ողջախոհության ոստիկանությունը» գրեթե 3 ամիս շարունակվող համազգային ցույցերի ֆոնին, հայտնում է ISNA իրանական գործակալությունը՝ վկայակոչելով գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին։
«Ողջախոհության ոստիկանությունը դատական համակարգի հետ որևէ առնչություն չունի», – ասել է Մոնթազերին կրոնական համաժողովի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե «ինչու՞ են փակում ողջախոհության ոստիկանությունը»: Միևնույն ժամանակ, որպես երկրի գլխավոր դատախազ, նա հանրությանը խոստացել է, որ վերջին անկարգությունների գլխավոր մեղավորների դեմ պայքարը կշարունակվի։
Al Jaazera-ն ընդգծում է՝ դեռևս չի հաստատվել, որ պարեկային ստորաբաժանումների, որոնց պաշտոնապես հանձնարարված էր ապահովել հասարակության «բարոյական անվտանգությունը», ծառայությունը դադարեցվել է։ Այնուամենայնիվ, ուժայինների սպիտակ-կանաչ ֆուրգոնները, որոնք շատ հաճախ «սխալ գլխաշորով» կանանց ձերբակալում կամ տեղափոխում էին այսպես կոչված «վերադաստիարակման» կենտրոններ, վերջերս չեն երևացել Թեհրանում կամ այլ քաղաքներում, գրում է Al Jaazera-ն։
«Ողջախոհության ոստիկանությունը» փակելու մասին հայտարարությունը հնչել է ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ Մոնթազերին ասել էր, որ «ինչպես խորհրդարանը, այնպես էլ դատական համակարգը աշխատում են [այն հարցի վրա]»՝ արդյոք անհրաժեշտ է փոխել պարտադիր հիջաբի մասին օրենքը:
Հարկ է նշել՝ ցույցերի մասնակիցները բազմիցս նշել են, որ խնդիրը հիջաբը չէ, այլ դրա քաղաքական շահարկումը և այն ռեժիմը, որը հաստատվել է Իրանում՝ կրոնական ֆասադի ներքո։ Կարգախոսները («Մահ բռնապետին», «Կին, կյանք, ազատություն») թիրախավորել են ամբողջ համակարգը, այլ ոչ միայն պարտադիր հիջաբը, որն ամբողջ պատկերի ընդամենը մի մասն է։
Իրանում 1979 թվականի իսլամական հեղաշրջումից ի վեր հիջաբ կրելը պարտադիր է 9 տարեկանից բարձր բոլոր կանանց և աղջիկների համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հուլիսի 18-ին հրամայեց խստորեն հետևել «հիջաբի և ողջախոհության» մասին օրենքի պահանջներին․ որոշ հաստատություններում կանանց հագուկապին վերաբերող մի շարք նոր սահմանափակումներ ներմուծվեցին։ «Ոչ պատշաճ հիջաբով» կանանց մուտքը կարող էր արգելվել, փողոցում նրանց կարող էին կանգնեցնել, հարցաքննել, ձերբակալել։
Իրանցի կանայք, ի պատասխան նախագահի հրամանի, հուլիսի 12-ին երկրով մեկ ակցիաներ սկսեցին։ Նրանք փողոց էին դուրս գալիս առանց հիջաբի, քայլելիս ցուցադրաբար հանում հիջաբը, դիմադրում «ողջախոհության ոստիկանությանը»։ Վերջինս սկսեց բերման ենթարկել օրենքը «խախտողներին», որոնցից մեկը, Մահսա Ամինին էր։
«Ողջախոհության ոստիկանության» կողմից սեպտեմբերի 16-ին Մահսա Ամինիի սպանությունից հետո երկրում զանգածային հակակառավարական ցույցեր սկսվեցին։ Իշխանությունները սպանում էին ցուցարարներին, մահապատժի ենթարկում, լռեցնում՝ բանտարկելով։ Iran Human Rights իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով, նոյեմբերի 29-ի դրությամբ, ուժայինների կողմից սպանվել է առնվազն 448 ցուցարար, այդ թվում՝ 60 երեխա։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ ձերբակալվել է շուրջ 19 հազար քաղաքացի։