Home / Կանանց իրավունքներ / Խնդիրը հիջաբը չէ․ Իրանում շարունակում են ոչնչացնել երիտասարդներին

Խնդիրը հիջաբը չէ․ Իրանում շարունակում են ոչնչացնել երիտասարդներին

Իրանում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք դուրս էին եկել փողոց՝ ի հիշատակ 40 օր առաջ սպանված Մահսա Ամինիի։ Ամինին ձերբակալվել էր Թեհրանում՝ գլխաշորը ոչ պատշաճ կերպով կրելու համար։ Ոստիկանական բաժանմունքում 22-ամյա կինը կոմայի մեջ էր ընկել, հիվանդանոցում՝ մահացել։ Ականատեսները և Մահսայի հարազատները պնդում են, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել։

տե՛ս՝ Կին, կյանք, ազատություն. փամփուշտները չեն լռեցնում ցույցերը

Քրդական Սեքեզում՝ Մահսա Ամինիի հայրենի քաղաքում, հազարավոր մարդիկ հավաքվել էին գերեզմանատանը, որտեղ հուղարկավորել են երիտասարդ կնոջը։ Նրանք վանկարկում էին «Կին, կյանք, ազատություն» և «Մա՛հ բռնապետին»։

Ոստիկանները նրանց նկատմամբ հրազեն և արցունքաբեր գազ են կիրառել։ Նյու Յորք Թայմսը՝ հղվելով Hengaw իրավապաշտների խմբին, գրում է առնվազն 50 վիրավորների մասին․ դեպքից մեկ օր անց ստույգ տվյալներ դեռևս չկան։

«Այս տարին արյան տարի է, Սեյեդ Ալի [այաթոլլա Խամենեին] գահընկեց է արվելու», – համացանցում հայտնված տեսանյութերից մեկում գոռում են գերեզմանատանը կանգնած մարդիկ։

ԲիԲիՍին՝ հղվելով տեղացի ակտիվիստներին, գրում է, որ իրանական իշխանությունները նախօրոք զգուշացրել են Ամինիի ընտանիքին՝ գերեզմաններում նման արարողություն կազմակերպելը հետևանքներ է ունենալու, և սպառնացել են նրա եղբորը։

Հոկտեմբերի 26-ի գիշերը ոստիկանությունը Սեքեզում ուժեղացված ծառայություն է իրականացրել, ըստ որոշ հաղորդումների՝ դեպի քաղաք տանող ճանապարհները փակվել են։ Ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել նաև մյուս խոշոր քաղաքներում։

Մահսա Ամինիի մահվանը հաջորդած բողոքի ցույցերն ամենազանգվածայինն են վերջին երեք տարիների ընթացքում։ Սեպտեմբերից ի վեր Իրանի տարբեր քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են, որոշ տեղերում դրանք վերածվել էին բախումների։ Կան հարյուրավոր զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ հրազեն, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ հատուկ միջոցներ են կիրառում։

Դիմադրությունը «գլխավորում» են երիտասարդ կանայք․ նրանք այրում են հիջաբները, ցուցադրաբար քայլում են առանց գլխաշորի, կտրում են իրենց մազերը և չեն խուսափում ոստիկանների հետ առճակատումից։ Ցուցարարները, մեծամասամբ՝ ուսանողներ, դպրոցականներ, պահանջում են իշխանափոխություն։

տե՛ս Կանայք այրում են հիջաբներն ու կտրում իրենց մազերը․ Իրանում ցույցեր են

«Այս անգամ բողոքի ալիքն իսկապես հուժկու է։ Չեմ կարծում, որ մենք երբևիցե նման միասնականություն ենք տեսել, որը տեսնում ենք հիմա», – նախկին քաղբանտարկյալ Նազանին Զաքարի-Ռեդքլիֆի խոսքերը մեջբերում է ԲիԲիՍին։

Կնոջ կարծիքով, Ամինիի մահը կայծ էր, որից բռնկվեց այս հրդեհը։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, սեպտեմբերի վերջից սկսված բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 230 ցուցարար է սպանվել, այդ թվում՝ 29 երեխաներ։ Զոհերի զգալի մասը իրանցի քրդեր են։ Մահերի, վիրավորների, ձերբակալվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Իրավապաշտպանները ահազանգում են՝ ուժայինները փորձում են կոծկել մահերը, սպանությունների մի մասը ներկայացվում են որպես դժբախտ պատահարներ։

Իրանական իշխանությունները անջատել են ինտերնետը, սոցցանցերը արգելափակված են։

Բողոքի ցույցերը, այնուամենայնիվ, շարունակվում են։ Մահսայի մահվան 40-րդ օրը հանրահավաքներ, ցույցեր և գործադուլներ են եղել ոչ միայն Սեքեզում և Արևելյան Քուրդիստանի մյուս քաղաքներում, այլև Իրանի այլ մարզերոմ, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում։

https://twitter.com/ianbremmer/status/1585268047312523264

Հիջաբը՝ որպես խորհրդանիշ

Բողոքի այս ալիքը վաղուց էր հասունանում, երիտասարդ Մահսայի սպանությունը վերջին կաթիլը դարձավ՝ մեկնաբանում են մեր իրանցի ընկերները։ 1979 թվականի «իսլամական հեղափոխությունից» հետո հաստատված ռեժիմից դժգոհ են հատկապես մեծ քաղաքների բնակիչները, որոնց կյանքը իշխանական վերահսկողության պայմաններում վաղուց ընթանում է երկատվածության մեջ։ Երիտասարդների պահանջները իրանական ռեժիմը մեկնաբանում է որպես արևմտյան ազդեցության հետևանք։ Այս արձագանքը ոչ ոքին վաղուց չի բավարարում։

Ամինիի մահվան հաջորդած ինքնաբուխ բողոքի ցույցերը արագորեն վերաճեցին համաազգային դիմադրության։ Ավանգարդում կանայք էին, նրանց անմիջապես միացան նաև հազարավոր տղամարդիկ։ Փողոցում են և՛ հարուստները, և՛ աղքատները։ Ցույցերին միացել են մեծաթիվ ուսանողներ և դպրոցականներ․ հիմնական զանգվածը 15-ից 22 տարեկան երիտասարդներն են։

Մահսա Ամինին քուրդ էր, և սա կարևոր հանգամանք է։ Այնուամենայնիվ, դիմադրության այս ալիքին միացել են բազմազգ իրանական հասարակության տարբեր ներկայացուցիչները․ քրդական «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը հնչում է տարբեր քաղաքներում՝ տարբեր էթնիկ ծագում ունեցող մարդկանց շուրթերից։

Հիջաբը, մասնավորապես՝ դրա հարկադիր կրումը, այաթոլլայի «բարոյական» ռեժիմի խորհրդանիշներից մեկն է։ Հիջաբներն այրելու ակցիաներին այսօր միացել են անգամ նրանք, ովքեր գլխաշոր են կրում՝ ելնելով իրենց կրոնական համոզմունքներից։ Խնդիրը հիջաբը չէ, այլ դրա քաղաքական շահարկումը և այն ռեժիմը, որը հաստատվել է Իրանում՝ կրոնական ֆասադի ներքո։

Այն, ինչ այս տեղի է ունենում իրանական քաղաքներում, պատմական ենթատեքստ ունի։ Այսօրվա իրողությունները հասկանալու համար կարևոր է հիշել Իսլամական հեղափոխությունը, թե ինչ էր կատարվում դրանից առաջ և դրանից հետո։ Իսլամական հեղափոխությունից հետո այաթոլլա Խամենեի արձակած առաջին «հրամանագրերը» հենց կանանց էր վերաբերում։

Վերջին մեկ տարվա ընթացքում՝ նոր նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք, «ողջախոհության ոստիկանությունը» խստացրել է հիջաբը կրելու կանոնները։ Փողոցային ռեյդերից բացի՝ իշխանությունները որոշել են կանանց դեմ պայքարել նաև տեխնոլոգիաներով՝ Չինաստանից պատվիրել են դեմքերը նույնականացնելու համակարգեր, որոնց միջոցով ոստիկանները կկարողանան բռնել ոչ պատշաճ կերպով հիջաբ կրող կանանց։ Եվ ոչ միայն նրանց։

տե՛ս Որոշ կանանց մուտքը կարգելվի․ Իրանը գնում է նոր սահմանափակումների

Պայքարի ավանդույթն ու արևմտյան մասմշակույթը

Կանանց պայքարը իշխանավորները բացատրում են արևմտյան և հատկապես ամերիկյան ազդեցությամբ։ Տեղացի ակտիվիստներին դա բարկացնում է։

Իրանը կանանց շարժման սեփական ավանդույթն ունի, դեռևս 1979 թվականի մարտի 8-ին, երբ նոր իշխանությունները հայտարարել էին հասարակական վայրերում պարտադիր հիջաբ կրելու մասին, հազարավոր կանայք դուրս էին եկել Թեհրանի փողոցներ՝ պայքարելու իրենց ազատությունների համար։ Այդ պայքարը շարունակվել է առ այսօր։

Փողոցում հավաքված երիտասարդները ծնվել են արդեն Խամենեի իշխանության օրոք, նրանք ոչ թե 70-ականների պայքարի, այլ համացանցային մշակույթի մասն են։ Որքան էլ իշխանությունները փորձեն վերահսկել ինտերնետը, փողոցում հավաքված երիտասարդները ազդված են մասմշակույթից, որը արտադրվում է արևմտյան երկրներում և որում ցուցադրված կյանքը տարբերվում է իրենց իրականությունից։ Երիտասադրները պատրաստ չեն ապրել նման սահմանափակումների պայմաններում՝ շարունակելով ընդհատակյա խնջույքների, թաքուն հաճույքների ավանդությունը։ Երիտասարդները ազատություն և «մարդու իրավունքներ» են պահանջում։

https://twitter.com/jiyargol/status/1585179605932986368

Փողոցում հավաքված երիտասարդները առաջնորդներ չունեն, նրանք համակարգում են իրենց գործողությունները համացանցային հարթակների և ինքնակազմակերպ ցանցերի միջոցով։ Սա նրանց և ուժեղ, և թույլ կողմն է։

տե՛ս Դեռահասները արթնացնում են Իրանը․ հարցազրույցներ

«Նրանք գիտեն, որ իրենց կարող են ձերբակալել, խոշտանգել և նույնիսկ սպանել, բայց մնում են փողոցում», – ԲիԲիՍին մեջբերում է 52-ամյա Զիլանի խոսքերը։

 

«Ես հանեցի հիջաբը և անցա ոստիկանների մոտով, ինչպես և մյուս կանայք։ Ոստիկանները ոչինչ չէին կարողանում անել», – պատմում է 24-ամյա Նիլը։

«Մարդիկ փողոց են դուրս գալիս, որովհետև կորցնելու ոչինչ այլևս չունեն։ Նրանք հույս ունեն, որ փողոցում կկարողանան միավորվել։ Եվ, գուցե, դա թույլ տա եթե ոչ փոխել ռեժիմը, գոնե ստիպել գնալ որոշակի մեղմացումների», – կարծում է Մարջան Կիպուր Գրինբլաթը։

տե՛ս Իրանացիներին սպառնում են բռնաբարությամբ և արտաթորանք ուտացնելով

Իշխանությունները նահանջելու մտադրություն չունեն

«Ոստիկանները սկսեցին կրակել, երբ մենք դեռ չէինք սկսել երգել մեր երգերը և վանկարկել կարգախոսները», – ԲիԲիՍիին պատմում է ցույցերի մասնակից կանանցից մեկը։

«Ոստիկանները շատ կոշտ են գործում։ Նրանք հարձակվում են անգամ տարեց մարդկանց վրա։ Կանանց վրա։ Հատկապես կանանց վրա», – ասում է ցույցերին մասնակցող Նիլը։

https://twitter.com/AlinejadMasih/status/1585619724939018240

Ոստիկաններին օգնում են Բասիջ կիսառազմական խմբավորման անդամները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ամենաէլիտար ռազմական կառույցի, ներգրավվածության մասին ստույգ տվյալներ դեռևս չկան։

Այաթոլլան վատ է

Իրանի գերագույն առաջնորդը՝ այաթոլլա Ալի Խամենեին 83 տարեկան է, նրա առողջության հետ կապված լուրջ մտահոգություններ կան։ Թե ով է փոխարինելու Խամենեին՝ պարզ չէ։

Նախորդ տարի խոսվում է նախագահ Ռաիսիի և Խամենեի որդի Մոջթաբի թեկնածության մասին։ Երկուսն էլ բավականին ցածր վարկանիշ ունեն։ Կա հավանականություն, որ Խամենեին կփոխարինի մի քանի հոգուց բաղկացած խորհուրդը։

Գաղափարաբանական խնդիրներից բացի՝ Իրանը նաև լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում, որը պայմանավորված է արևմտյան երկարատև և խիստ պատժամիջոցներով, մասսամբ՝ նաև կոռուպցիայով։

Թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դիմադրության այս ալիքը, եթե այն շարունակվի և ընդլայնվի, դեռևս պարզ չէ։ Փորձագետները չեն բացառում անգամ սիրիական կամ եգիպտական սցենարները։