Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ, քաղբանտարյալ Ալեքսեյ Նավալնին իր ինստագրամյան էջում գրել է․
«Արդեն մի քանի օր է շատ տպավորված եմ ռադիոյով հնչող նոր գովազդից։
Ռադիոն այստեղ անընդհատ գոռում է, այն միացնում են, որ կալանավորներին դժվար լինի բարձրաձայն հաղորդակցվել։ Սովորական ռադիոկայաններ են, միայն գովազդային մասը․․․ Այս դեպքում՝ գովազդվում էր մի բիզնես Կովրովի շրջանից, որտեղ որ գտնվում է գաղութը։
Ահա՝ ինչպես է այն հնչում․ «Կազմակերպում ենք հրաժեշտի արարողություն զինվորականների և քաղաքացիների համար։ Ռազմական գործողությունների մանակիցներին և զինծառայողներին՝ զեղչեր։ Զանգահարի՛ր կորստի պահին․․․»
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կորուստներ են Ուկրաինայի հետ պատերազմում, ինչքան դագաղներ են այստեղ բերում, եթե անգամ 134 հազար բնակչությամբ Կովրովի սգո ծառայությունների շուկայում այնպիսի անողոք մրցակցություն է, որ թաղման բյուրոները սկսել են ռադիոյով գովազդ արձակել։ Եվ դա ինչ-որ կորած տեղով չի գնում, այլ՝ ամենահայտնի «Ռուսական ռադիոյով», որտեղ, ըստ երևույթին, գովազդն ամենաթանկն է։
Ահա խնդրեմ՝ անհատի դերը պատմության մեջ։ Մեզ այս մղձավանջի մեջ գցել է միակ և անկրկնելի խելագար պապին, որն ապրում է երևակայության մեջ՝ իբր ինքն Ուկրաինայում արտասովոր կերպով հայտնի հրամանատար է։
Հիմա, իհարկե, և՛ քարոզիչները, և՛ պետական պաշտոնյաները, և՛ տարատեսակ ծառաները կատաղի ու ցուցադրաբար հանդես են գալիս պատերազմին կողմ։ Բայց այժմ մենք արդեն հաստատ գիտենք, որ նրանցից ոչ ոք տեղյակ չէր հարձակման պլաններից և չէր հավատում իսկական պատերազմի իրականությանը։ Իսկ նրանցից շատերին պատերազմը լրջորեն խանգարում է, վնասում է գաղտնի բիզնեսին և կոռուպցիոն սխեմաներին։
Որոշումներ կայացնող միջուկը․ Պուտին՝ 71 տարեկան, Պատրուշև 71 տարեկան, Բորտնիկով՝ 71 տարեկան, իսկ ընդհանուր՝ 212 տարի։ Դե, թող ոչ թե մի պապի լինի՝ անուրջներում ապրող, այլ երեքը։ Իմաստը դրանից չի փոխվում։ Նրանք իրենց Նապոլեոններ են երևակայում, իսկ դրա համար վճարում են նրանք, ում թաղում են զեղչված դագաղներում»։
Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի մի քանի շրջաններում ՌԴ նախագահի գրասենյակի պատվերով պատերազմի նկատմամբ բնակիչների վերաբերմունքի մասին հարցում են անցկացրել փակ թիրախային խմբերում․ պարզվում է՝ ռուսաստանցիները լավատես չեն տրամադրված իրենց և երկրի ապագայի նկատմամբ։ Այս մասին գրել է Meduza գործակալությունը՝ հղվելով Կրեմլի հետ մոտ հարաբերություն ունեցող իր երկու աղբյուրներին։
«Սա ո՛չ ընդդիմության կողմն անցնել է, ո՛չ էլ հատուկ ռազմական օպերացիան չընդունել։ Սա անտարբերություն է և ապատիա։ Ոչինչ չի ոգևորում, ոչինչ առաջ չի տանում։ Միայն հանգիստ թողեք մեզ, մի կպեք մեզ», – պարզաբանել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրն ընդգծել է, որ Կրեմլում այս տրամադրությունները չեն կապում ուկրաինական ուժերի հաջողված հակահարձակման և Խերսոնից ՌԴ բանակի հետքաշման հետ: Կրեմլում կարծում են, որ ռուսաստանցիները սկզբունքայնորեն հոգնել են պատերազմից։
Փաստացի, Կրեմլի փակ հետազոտությունները անուղղակի կերպով հաստատել են Russian Field հասարակական կազմակերպության բաց հարցումների տվյալները։ Համաձայն դրանց՝ հարցվողների միայն 19%-ն է համարել, որ իրենց կյանքը մոտակա ապագայում կփոխվի դեպի լավը (29%՝ կյանքը կփոխվի դեպի վատը, 36%՝ այն չի փոխվի), իսկ հարցվողների 57%-ը հայտնել է, որ պատերազմի մասին նորությունները իրենց մոտ հոգնածություն են առաջացնում։