Ազատության հրապարակում այսօր բողոքի ցույց էր՝ Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։
«Путин вон из Армении», «Putin is non grata persona», «Террористам здесь не место!» պաստառներով, Ուկրաինայի, Եվրամիության, Ամերիկայի դրոշներով ցուցարարները հավաքվել էին ի նշան բողոքի ընդդեմ Երևանում սկսված ՀԱՊԿ գագաթնաժողովի։
Գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Երևան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները:
«90-ականներից սկսած մեր անվտանգության երաշխիքների դիմաց ինչ ասես, որ չենք տվել Ռուսաստանին․․․ Է՛լ էներգետիկ ենթակառուցվածքներ, է՛լ երկաթուղի, է՛լ մոնոպոլիաներ, է՛լ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, որը մեզ տնտեսապես ընդհանրապես ձեռք չէր տալիս․․․
․․․2022 թվականի սեպտեմբերի 13-ին եկավ այդ օրը, ցավոք սրտի, եկավ այն օրը, երբ մենք ունեցանք անհրաժեշտություն անվտանգության երաշխիքներ աշխատացնելու, այն երաշխիքները, որոնց համար ազգովի վճարել ենք և շարունակում ենք վճարել։ Եվ մենք ստացանք ոչ թե անվտանգություն, մենք ստացանք [Ռուսաստանի կողմից] Ադրբեջանին քաղաքական աջակցություն», – բեմից հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։
Ակցիայի մասնակիցները վանկարկեցին նաև «Слава Украине!» և «Жыве Беларусь!» կարգախոսները։ Ելույթ ունեցողները բեմ բերեցին Ռուսաստանի ու Բելառուսի «իրական» դրոշները՝ համապատասխանաբար սպիտակ-կապույտ-սպիտակ ու սպիտակ-կարմիր-սպիտակ, որոնք օգտագործվում են ռուսաստանցի և բելառուս ընդդիմադիրների կողմից։ Բանախոսները շեշտեցին՝ միայն այդ Ռուսաստանի և Բելառուսի հետ են համաձայն, որ Հայաստանը համագործակցի։