Նոյեմբերին սոցցանցերում տարածված ռուսաստանցի գերիների ենթադրյալ գնդակահարության երկու տեսանյութերը կեղծ չեն, հաստատում է The New York Times-ը։ Գործակալությունը, այնուամենայնիվ, ընդգծում է, որ հրապարակված տեսանյութերից անհնար է պարզել դեպքի հանգամանքները։
Նոյեմբերի 18-ին սոցցանցերում ռուսաստանցի ռազմագերիների սպանությունը պատկերող երկու տեսանյութեր էին տարածվել։ Առաջինում շուրջ 10 ռուսաստանցի զինվորներ ձեռքերը վերևում պահած դուրս են գալիս մի տնից և հանձնվում դեղին թևկապերով և կամուֆլյաժով ուկրաինացի զինծառայողներին։ Նրանք հրամանով պառկում են գետնին։ Տեսանյութը կտրուկ ավարտվում է, երբ կադրում մի ուրիշ մարդ է հայտնվում՝ ենթադրաբար ռուսաստանցի, և լսվում է կրակոցի ձայն։ Երկրորդ տեսանյութում, որը, հավանաբար նկարահանված է դրոնով, երևում են զինվորների մարմինները, իսկ նրանց կողքին՝ արյան հետքեր։
Around 10 surrendering Russian soldiers were killed after one of them decided to start shooting at the Ukrainian soldiers at the scene.
The Russian soldier feigning surrender clearly didn’t care at all about the lives of his fellow soldiers.pic.twitter.com/vQ2sJAuL9x
— Visegrád 24 (@visegrad24) November 18, 2022
Լրատվամիջոցը համեմատել է տեսանյութերի կադրերը՝ ամերիկյան Maxar Technologies ընկերության արբանյակային լուսանկարների հետ և հանգել դատողության, որ տեսանյութերն արված են Ուկրաինայի Լուգանսկի մարզի Մակեևկա գյուղի տարածքում։
Տեսանյութի տների, բակերի, տարբեր շինությունների և դարպասների դիրքերը համապատասխանել են արբանյակային լուսանկարներին։
Տեսանյութերը մեկնաբանելու համար՝ գործակալությունը դիմել է «Բժիշկները մարդու իրավունքների կողմից են» իրավապաշտպան կազմակերպության բժշկական փորձագետներից Ռոհինի Հաարին։ Վերջինիս խոսքերով տեսանյութում մարդկանց մեծամասնությունը մահացել են գլխի հրազենային վիրավորումից։
«[Տեսանյութերում] արյան լճակներ են երևում։ Դա վկայում է, որ մահացած մարդկանց ուղղղակի այնտեղ են թողել։ Թվում է՝ ոչ ոք չի փորձել նրանց օգնություն ցուցաբերել կամ տանել այդտեղից», – նշել է փորձագետը, հավելելով, որ զենքից հրաժարված և հանձնված զինվորի սպանությունը կարելի է գնահատել որպես ռազմական հանցագործություն։
Մյուս կողմից ռազմական փորձագետ Իվա Վուկուսիչն ասել է, որ տեսանյութերում չի երևում՝ արդյոք գերիները սպանվել են փոխհրաձգության հետևանքով, թե՝ հրադադարից հետո։
Վիկուսիչի խոսքերով՝ եթե ռուսաստանցի զինվորներից մեկը ձևացրել է, թե հանձնվում է և կրակ է բացել ուկրաինական զինուժի վրա, ապա նա խախտել է Ժնևյան կոնվենցիան։ Այս մասին է խոսել նաև Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը։ Ըստ նրա՝ հանձնված անձանց սպանությունը չի կարող ռազմական հանցագործություն համարվել, եթե հանձնվելուց հետո գերիներից մեկը կրակ է բացել ուկրաինացիների վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութում նկարահանված դեպքերը անզեն գերիների կանխամտածված սպանություն է որակել։ Մոսկվան միջազգային կազմակերպություններից պահանջել է դատապարտել հանցագործությունը և հանգամանորեն հետաքննել այն։ Ռուսական քննչական կոմիտեն գերիների զանգվածային սպանությունների հոդվածով քրեական գործ է հարուցել։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ ենթադրյալ գնդակահարությունների տեսանյութերի մասին տեղյակ են և դրանք ուսումնասիրվելու են։ Ըստ ավելի վաղ հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի՝ պատերազմող երկու կողմերն էլ գերիների հանդեպ դաժան վերաբերմունք են ցուցաբերել։
Նոյեմբերի 20-ին Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները կհետաքննեն վերոնշյալ դեպքը։ Նա պնդել է, որ Ուկրաինան հետաքրքրված չէ մահապատիժներ իրականացնելու մեջ և նախընտրում է պահպանել հնարավորինս շատ ռուսաստանցի գերիների կյանքեր՝ նրանց ուկրաինացիների հետ փոխանակելու նպատակով։
Ապրիլին Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կհետաքննեն Կիևի մարզում ռուսաստանցի ռազմագերիների ենթադրյալ սպանությունները պատկերող տեսանյութը․ հետաքննության արդյունքների մասին որևէ կերպ այդպես էլ չեն հաղորդել։