Մոսկվայի Մեշանսկի դատարանը 8 տարի 6 ամսվա ընդհանուր ռեժիմի ազատազարկման է դատապարտել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինին, որը մեղադրվում է ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեջ։ Ռուսաստանում «ռազմական ֆեյքերի» հոդվածով դատապարտվածների շրջանում սա ամենաերկար ազատազրկման ժամկետն է։
Դատարանի որոշմամբ Յաշինին, ազատ արձակվելուց հետո, չորս տարով արգելվելու է նաև կայքերի կառավարումը։
Ավելի վաղ նույն հոդվածով ազատազրկման էին դատապարտվել նաև Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի պատգամավոր Ալեքսեյ Գորինովը՝ 7 տարով, Էլիստայի քաղաքապետարանի աշխատակից Ալթան Օչիրովը՝ 3 տարով, Ղրիմի բնակիչ Ալեքսանդր Տարապոնը՝ 2,5 տարով, Տյումենի բնակիչ Էդուարդ Շերբակովը՝ 6 ամսով:
Յաշինի դեմ քրեական գործը (զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկությունների տարածում՝ քաղաքական ատելության դրդապատճառով) հարուցվել էր դեռևս ամառը, հուլիսի 13-ին նա ձերբակալվել էր և այս ամբողջ ընթացքում կալանքի տակ էր։
Մինչ այս Յաշինը ձերբակալվել էր ոստիկանությանը չհնազանդվելու մեղադրանքով, ինչպես նաև ռուսական բանակը «վարկաբեկելու» հոդվածով նրա դեմ 4 արձանագրություն էր կազմվել, որոնցից երեքի համար տուգանվել էր 90 հազար ռուբլով։
Յաշինը պնդում էր, որ այս կերպ իշխանությունները փորձում են ստիպել իրեն հեռանալ Ռուսաստանից։ Չնայած դրան, նա նախընտրել է մնալ երկրում և շարունակել դեմ խոսալ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը:
Քրգործի պատճառն այն էր, որ ապրիլի 7-ին Յաշինը յութուբյան իր ալիքի ուղիղ եթերում խոսել էր ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ի թիվս այլի ցուցադրելով BBC-ի պատմությունը քաղաքում սպանված խաղաղ բնակիչների մասին։
“Нашу армию не встречают цветами. Нас называют карателями и оккупантами”. Российский оппозиционер Илья Яшин, приговоренный к 8,5 годам лишения свободы, оставаясь в России, говорил правду о войне Путина против Украины. pic.twitter.com/jZQu3uxLpj
— Радио Свобода (@SvobodaRadio) December 9, 2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը Բուչայում ռուս զինվորականների հանցագործությունների մասին հաղորդումներն անվանում է «սադրանք», իսկ փողոցներում դիակների կադրերը՝ «բեմադրված»։ Դատարանում այս վարկածը կրկնեց դատախազը՝ հավելելով․ «Բուչայում Ռուսաստանի հանցագործությունների մասին գրել են բացառապես ոչ բարեկամ պետությունների լրատվամիջոցները և ԱՄՆ-ի արբանյակները, որոնք են ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը»։
Տես՝ Բռնաբարություններ, մահապատիժներ, սպանություններ․ ռուս զինվորների հանցանքները
Դատից հետո դահլիճից 4 հոգի կալանավորվել են՝ ծափ տալու համար։ Ձերբակալվածներից մեկի խոսքերով՝ նրա դեմ պատրաստվում են արձանագրություն կազմել դատական պրիստավի հրամանը չկատարելու հոդվածով։
Դատավճռից հետո Իլյա Յաշինը հայտարարություն է հրապարակել է իր տելեգրամյան ալիքում․
«Այսպիսով, դատարանն ինձ դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման։ Դե, դատավճռի հեղինակները լավատեսական են գնահատում Պուտինի հեռանկարները։ Իմ կարծիքով՝ չափազանց լավատեսական։
Բայց մենք էլ տխրելու առիթ չունենք, քանի որ մենք միասին հաղթել ենք այս դատավարությունը, ընկերնե՛ր։ Գործընթացը կանխամտածված էր ինձ՝ «ժողովրդի թշնամի» դատապարտելու, բայց վերածվել է հակապատերազմական ամբիոնի։ Մենք ճշմարտությունն էինք խոսում պատերազմական հանցագործությունների մասին և կոչ անում՝ վերջ տալ արյունահեղությանը։ Եվ ի պատասխան՝ լսում էինք սառը պատերազմի ժամանակների կարգախոսների շիլաշփոթ, որը խառնված հնչեցնում էր դատախազը։
Այս գործընթացի վառ խորհրդանիշը դարձան հանրային դատախազի դողացող ձեռքերը։ Նա շատ էր փորձում հնչել ահարկու և ընդօրինակել ստալինյան դատախազներին, բայց ժամանակ առ ժամանակ առաջացնում էր հանդիսատեսի ծիծաղը և նմանվում ծաղրանկարի։
Այս հիստերիկ դատավճռով իշխանությունը ցանկանում է վախեցնել բոլորիս, բայց իրականում միայն ցույց է տալիս իր թուլությունը։ Ուժեղ առաջնորդները հանգիստ են և ինքնավստահ, և միայն թույլ մարդիկ են ձգտում փակել բոլորի բերանը, ոչնչացնել ցանկացած այլախոհություն: Այնպես որ, այսօր ինձ մնում է միայն կրկնել այն, ինչ ասվել է իմ ձերբակալության օրը՝ ես չեմ վախենում, և դուք էլ մի վախեցեք։
Փոփոխությունները սարերի հետևում չեն, և շուտով մեզ մեծ աշխատանք է սպասվում՝ մեր երկրում արդարությունն ու մարդասիրությունը վերականգնելու համար։
Ես ձեր կողքին եմ»: