Հունվարի 14-ին, Ուկրաինայի հերթական զանգվածային ռմբակոծության ժամանակ, հրթիռը հարվածել է Դնեպրում բազմահարկ բնակելի շենքին՝ ամբողջությամբ փլուզելով դրա մի հատվածը։ Հունվարի 16-ի դրությամբ զոհվել է առնվազն 40 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա։
«39 հոգու հաջողվել է փրկել, 75-ը՝ վիրավորվել են, որոնցից 14-ը՝ երեխաներ։ 35 բնակչի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Փլատակաների տակ որոնողական աշխատանքները շարունակվում են», – իր տելեգրամյան ալիքում գրել է նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի տվյալներով՝ ռուսական հրթիռն ամբողջությամբ ոչնչացրել է շենքի մեկ շքամուտքը՝ 72 բնակարան, որտեղ բնակվում էր մոտ 200 հոգի, այդ թվում՝ 50 երեխա։
Սա ամենաավերիչ հարձակումն է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտի վրա հունիսից ի վեր, երբ հրթիռակոծության էր ենթարկվել Կրեմենչուկի առևտրի կենտրոնը (զոհվել էին առնվազն 20, վիրավորվել՝ 59 և անհետ կորել՝ տասնյակ խաղաղ բնակիչներ):
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հարձակումը իրականացվել է «Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգի ու հարակից էներգետիկ օբյեկտների վրա։ «Հարվածը ծառայել է իր նպատակին», – ասել է ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, երբ արդեն հայտնի էր, որ հրթիռակոծության հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, ուղերձով դիմել է ռուսաստանցիներին․ «Ուզում եմ ասել բոլոր նրանց ովքեր Ռուսաստանում են կամ Ռուսաստանից են, ովքեր չկարողացան անգամ հիմա մի քանի դատապարտող բառ ասել այս ահաբեկչության մասին՝ չնայած ամեն ինչ շատ լավ տեսնում են և գիտեն։ Ձեր վախկոտ լռությունը, փորձը՝ սպասելու, որ այն ինչ կատարվում է ավարտվի, կվերջանա միայն նրանով, որ մի օր այդ նույն ահաբեկիչները կգան նաև ձեր հետևից։ Չարը շատ զգայուն է վախի նկատմամբ, չարը միշտ հիշում է նրանց, ովքեր վախենում են իրենից և փորձում գին սակարկել։ Եվ երբ նա գա ձեր հետևից, ոչ ոք ձեզ չի պաշտպանելու»։
X-22 հրթիռ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրթիռակոծության նույն օրը հայտարարել է, որ հրթիռը, որն ընկել է ինը հարկանի բնակելի շենքի վրա, ենթադրաբար խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։
«Նրան [հրթիռը] խոցել են և այն ընկել է շքամուտքի վրա», – ասել է Արեստովիչը՝ հավելելով, որ խոսքը, հավանաբար, X-22 հրթիռի մասին է։
Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը քննադատել է Ալեքսեյ Արեստովիչին, անվանել նրան «զիբիլ բերան» և կոչ արել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը «արձագանքել» խորհրդականի հայտարարություններին։
Ուկրաինայի զինված ուժերը չունեն կրակային միջոցներ, որոնք կարող են խոցել X-22 հրթիռները, իր հերթին, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը՝ արձագանքելով Արեստովիչի խոսքերին։
«Որևէ կասկած չկա, որ դա եղել է հենց X-22 հրթիռը։ Ուկրաինայի զինված ուժերում չկան կրակային միջոցներ, որոնք ունակ են խոցելու հրթիռների այդ տեսակը։ Ուկրաինայի տարածքի նկատմամբ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի մեկնարկից ի վեր արձակվել է այդ տեսակի ավելի քան 210 հրթիռ։ Որևէ մեկը չի խոցվել հակաօդային պաշտպանության միջոցների կողմից», – հայտնել է Օլեշուկը։
Հաջորդ օրը Արեստովիչն արդարացել է, որ «քնաթաթախ» է եղել հայտարարություններն անելիս։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հաստատել է, որ ռուսական կողմը կիրառել է X-22 հրթիռ:
«950 կիլոգրամ մարտական մաս ունեցող հրթիռը, որը կոչվում է ավիակիրների կիլեր, նախատեսված է ծովում ռազմական մեծ նավերի խմբերը ոչնչացնելու համար։ Այն կարող է հագեցած լինել միջուկային մասով: Եվ այդպիսի հրթիռով հարվածում են խիտ բնակեցված քաղաքին, որտեղ մարդիկ են…», – ասել է Իգնատը և հիշեցրել, որ այդպիսի հրթիռ մի քանի ամիս առաջ ընկել էր Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա։
Իրավիճակը առաջնագծում
Ռուսական զորքերը հայտարարում են Սոլեդարի ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս փոքրիկ քաղաքը հարավ-արևմուտքում գտնվող մյուս, առավել կարևոր և խոշոր Բախմուտ քաղաքի ուկրաինական պաշտպանության հենակետն է: Ուկրաինայի Զինված ուժերը հերքում են ռուսական կողմի հայտարարությունները և պնդում, որ մարտերը Սոլեդարի համար շարունակվում են։
Արևմտյան հետախուզությունը չէր հաստատել ռուսական ուժերի կողմից Սոլեդարը գրավելու փաստը, սակայն Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) իր վերջին զեկույցում ընդունում է, որ դա կարող է ճիշտ լինել։
«Ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի եթե ոչ ամբողջ, ապա՝ մեծ մասը, և կարծես, թե նրանց հաջողվել է դուրս մղել ուկրաինական ուժերին քաղաքի արևմտյան ծայրամասերից», – ասվում է զեկույցում:
Վերջին շաբաթներին ամենակատաղի մարտերն ընթանում են Դոնեցկի մարզի արևելքում գտնվող Բախմուտ քաղաքի շուրջ, որտեղ կողմերը հսկայական կորուստներ են կրում։ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում Բախմուտը գրավելու համար՝ հուսալով, որ դա կարող է հանգեցնել Դոնբասի երկու կարևոր քաղաքների՝ Սլավյանսկի և Կրամատորսկի անկմանը, որոնք Ուկրաինան է վերահսկում:
Ուկրաինան, իր հերթին, անօդաչու թռչող սարքերով փորձում է հարվածներ հասցնել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքին (բռնակցվել է Ռուսաստանին՝ 2014թ․-ին)։
Անցած մեկ օրվա մեջ ռուսական ուժերը Սևաստոպոլում 8 ԱԹՍ են խոցել, իր տելեգրամյան ալիքում գրել է նահանգապետը, հավելելով, որ «թե՛ քաղաքում և թե՛ ծովային տարածքում ոչ մի օբյեկտ չի վնասվել»։
Աշնանից ուկրաինական անօդաչու սարքերը պարբերաբար գրոհում են Սևաստոպոլը։ Այս հարձակումների հետևանքով լուրջ ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել:
Տես նաև՝ Փետրվարի 23-ի ռուսական բանակն այլևս չկա, Ուկրաինան սառում է