Այսօր վաղ առավոտից շուրջ հինգ տասնյակ քաջարանցիներ բողոքի ցույց էին անում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) վարչական շենքի առաջ։
Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխհատուցել Քաջարանի բնակիչների առողջական վնասները, աշխատանքի ընդունել բանակից զորացրված երիտասարդներին, ինչպես նաև վերականգնել 2021 թվականին աշխատանքից ազատված քաջարանցիներին՝ հայտարարելով, որ դրանք եղել են քաղաքական հայացքներով պայմանավորված կրճատումներ։
«Սա քաղաքական պայքար չէ, մենք դեմ չենք կառավարությանը կամ որևէ քաղաքական պահանջ չենք դնում, մենք ուզում ենք մեր սոցիալական հարցերը լուծի կոմբինատի տնօրինությունը։ Պահանջները ներկայացրել էինք, արհամարհեցին, հիմա էլ քաղաքակիրթ ցույց ենք անում։ Հույս ունենք, որ այս անգամ չեն արհամարհի», – հայտարարեց Քաջարանի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը։
ԶՊՄԿ արհկոմի նախագահ Տիգրան Սարգսյանը ցուցարարներին առաջարկեց հինգ հոգանոց պատվիրակություն կազմել և հանդիպել կոմբինատի տնօրինության հետ, բայց քաջարանցիները հրաժարվեցին՝ պահանջելով, որ կոմբինատի ղեկավարները իրե՛նք դուրս գան տաք կաբինետներից։
«Մարզում պետք է վերականգնվի խախտված և խաթարված էկոլոգիական և առողջապահական հավասարակշռությունը», – իր հերթին, ֆեյսբուքյյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ակցիային միացած «Իրավատեր Կապանցիներ Բնապահպանական» ՀԿ-ն։
Շուրջ 5 ժամ սպասելով ԶՊՄԿ ղեկավարության պատասխանին՝ ցուցարարները փակեցին հանքավայր տանող ճանապարհը՝ թույլ չտալով կոմբինատի բեռնատարների երթևեկությունը։ Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ընդունեցին Քաջարանի քաղաքապետարանի առաջարկը՝ կոմբինատի ղեկավարության հետ բանակցություններն անել քաղաքապետարանի շենքում։
Նախօրեին Քաջարանի բնակիչ, ակցիայի կազմակերպիչներից Հայկ Պապյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հունվարի 16-ին ԶՊՄԿ-ին, ստորագրահավաքի հետ մեկտեղ փոխանցված դիմում-պահանջագրերին որևէ արձագանք չի եղել ղեկավարությունից, և այդ իսկ պատճառով, բնակիչներն անցնում են վճռական քայլերի։
Բնակիչների ներկայացրած դիմում/պահանջի կետերն էին․
— պարտադիր ժամկետային ծառայությունն անցած և զորացրված անձանց, գործազուրկների աշխատանքով ապահովում,
— օդի աղտոտվածության հետևանքով բնակավայրում (ք․ Քաջարան) բնակչությանը հասցված վնասի համար փոխհատուցում,
— ի պատասխան ՀՀ-ում առաջացած գնաճի՝ աշխատավարձի բարձրացում,
— «ԶՊՄԿ» ՓԲԸ հետ կապալառու ապահովագրական ընկերությունների աշխատանքի վերանայում և սպասարկման համակարգի բարելավում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թույլ տված խախտումների, շրջակա միջավայրին հասցված վնասների մասին 2019 թվականին զեկույց էր հրապարակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն է ընդունել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 25%-ը։ Նվիրաբերողը Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերությունն» էր, որը դարձել էր կոմբինատի բաժնետոմսերի 60%-ի սեփականատերը։ Թե ումից էր վերջինս գնել բաժնետոմսերը՝ հայտնի չէ։
ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75%-ը ավելի վաղ հետ էր գնվել հենց կոմբինատի կողմից, մնացած 12,4%-ի սեփականատերը ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր, իսկ 12,5%-ի բաժնետերեր էին Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովն ու Նարեկ Ամբարյանը։