Home / Մեդիա / Վրաստանը շեղվում է դեպի Ռուսաստան

Վրաստանը շեղվում է դեպի Ռուսաստան

Մարտի 2-ի երեկոյան, «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի քննարկման մեկնարկի կապակցությամբ, Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 36 հոգի, այդ թվում՝ լրագրողներ, հաստատել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես լքած, հակաարևմտյան «Ժողովրդի ուժ» շարժման ներկայացուցիչները փետրվարի 20-ին Վրաստանի խորհրդարան են ներկայացրել երկու օրինագիծ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին», որոնք խորհրդարանի մեծամասնությունը պատրաստվում է հաստատել առաջին ընթերցմամբ։

Եվրամիությունը հայտարարել է, որ նման օրենքների ընդունումը անհամատեղելի է Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պայմանների կատարման, ԵՄ նորմերի և արժեքների հետ։ Միացյալ Նահանգները նույնպես լուրջ մտահոգություն է հայտնել։

Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 36 մարդ՝ մանր խուլիգանության և ոստիկանին չենթարկվելու համար։ Ձերբակալվածների թվում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ «Publika» հրատարակության տնօրեն Զուրաբ Վարդիաշվիլին և «Tabula»-ի լրագրող Բեկա Ջիկուրաշվիլին։

Քանի մարդ է ազատվել ոստիկանական բաժանմունքներից՝ Վրաստանի ՆԳՆ-ն չի հաղորդում։


Ֆոտոն՝ Sova.news-ից

Մարտի 2-ին Վրաստանի խորհրդարանը սկսեց քննարկել «Ժողովրդի ուժ» շարժման առաջարկած «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացվել է արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովների համատեղ քննարկմանը։ 

Հանդիպումն անցնում էր լարված մթնոլորտում։ Ընդդիմադիր պատգամավորները ձեռքով հարվածում էին սեղաններին և վանկարկում՝ «Ո՛չ ռուսական օրենքին»։ Նրանք «պուտինիստներ» ու «ստրուկներ» էին անվանում «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավորներին։ 

Օրինագծի շուրջ բանավեճը շուտով վերածվել էր ծեծկռտուքի։ Խորհրդարանի անվտանգության ծառայությունը բռնի ուժով հեռացրել էր դահլիճից ընդդիմադիր պատգամավորներին։

Հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա գտնվել խորհրդարանական քննարկմանը։ Նրանք փորձել են ուժով ճեղքել անվտանգության շրջափակումը, ինչը վերածվել է քաշքշուքի։

Վրաստանի քաղաքացիական սեկտորը, ընդդիմությունը և միջազգային գործընկերները, ներառյալ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն, քննադատել են օրինագիծը՝ համեմատելով այն դրա ռուս անալոգի՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ։

«Օտարերկրյա գործակալներ»

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի նախագիծը վերաբերում է օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների գործունեությանը։

Նախատեսվում է ստեղծել «արտաքին ազդեցության գործակալների» ռեեստր։ Այդպիսի «գործակալներ» են դառնալու շահույթ չհետապնդող կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամտի 20%-ից ավելին օտարերկրյա ֆինանսավորումն է կազմում։ Սա չի ազդելու վարչական մարմինների հիմնադրած կազմակերպությունների, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների վրա։

Որպես «գործակալ» գրանցված կազմակերպություններից պահանջվելու է տարեկան ֆինանսական հայտարարագիր ներկայացնել: Նա, ով կփորձի խուսափել որպես «գործակալ» գրանցումից կամ հայտարարագիր ներկայացնելուց, տուգանվելու է 25 հազար լարիով (մոտ 9,5 հազար դոլար)։

Արդարադատության նախարարությունն իրավունք է ունենալու մշտադիտարկում իրականացնել «օտարերկրյա ազդեցության գործակալներին» հայտնաբերելու և օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար, իսկ նման մոնիտորինգ իրականացնելու համար լիազորված պաշտոնյան ստանալու է անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։

«Ժողովրդի ուժ» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծը ֆինանսական թափանցիկության արևմտյան անալոգն է, և ոչ մի կապ չունի ռուսական մոդելի հետ։

Օրինագիծը կարող է փոփոխվել խորհրդարանում կայանալիք լսումների ժամանակ, սակայն, ինչպես իրավապաշտպանների, այնպես էլ ընդդիմադիրների կարծիքով, նման նախաձեռնության ոչ միայն ընդունումը, այլև նույնիսկ խորհրդարանում քննարկումը ստվեր է գցում Վրաստանի պաշտոնական մակարդակով հայտարարված եվրաինտեգրման ուղու վրա։

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական նախաձեռնությունները համոզված են, որ օրինագծի իրական նպատակը հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելն է։ Կառավարության կողմից չվերահսկվող գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, ինչպես նաև Վրաստանի ողջ հսկայական ոչ պետական հատվածը գործում են արևմտյան ֆոնդերի ֆինանսական միջոցների հաշվին։

Շարժման պատգամավորները նաև նշում են, որ առաջիկա օրերին մտադիր են նախաձեռնել ևս մեկ օրինագիծ, որը «հնարավորինս կապահովի մեդիա տիրույթում ստի և անպարկեշտ խոսքի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»։

«Ժողովրդի ուժ»

«Վրացական երազանքը» լքած և «Ժողովրդի ուժը» տեղծած պատգամավորները իրենց առաքելությունն են հռչակել «Վրաստանն արևմտյան ճնշումներից պաշտպանելը»։ Ընդդիմադիրների կարծիքով՝ շարժումը իշխող կուսակցության նախագիծն է և գտնվում է նրա լիակատար վերահսկողության ներքո։

Իշխող կուսակցության խոսքերով՝ շարժման պատգամավորների հետ տեսակետերի սկզբունքային տարբերություններ չունեն։ Ինչ վերաբերում է նոր օրինագծին, դատելով քաղաքական գործիչների հայտարարություններից, դրա հետ նույնպես չկան տարաձայնություններ։

«Ժողովրդի ուժ» շարժման առաջնորդները արևմտյան գործընկերներին մեղադրում են Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու մեջ։ 

Շարժման պատագամավորները հասարակական կազմակերպություններին անվանում են «ԱՄՆ գործակալներ»՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները Վրաստանում ֆինանսավորում է միայն «վնասակար նախագծեր» և երրորդ սեկտորին պատրաստում է հեղափոխության։

«ԱՄՆ-ից ստացվող գումարների մեծ մասը գնում է ոչ պետական կազմակերպություններին, և ավելի լավ կլիներ, եթե նրանք դադարեին այդ գումարները ստանալ», – 2022 թվականի նոյեմբերի 17-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է «Ժողովրդի ուժ» շարժման հիմնադիր Սոզար Սուբարին:

Հետաքրքիր է, որ նախկինում Սոզար Սուբարին ղեկավարել է «Ազատության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, աշխատել որպես «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, եղել «Վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակից, իսկ հեղափոխությունից հետո աշխատել է որպես Մարդու իրավունքների պաշտպան։

Վրաստանցի փորձագետների կարծիքով՝ «Ժողովրդի ուժ» շարժումը ստեղծվել է, ոչ միայն հակաարևմտյան հայտարարություններ անելու, այլև գալիք ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության հետ կոալիցիա կազմելու համար։ 

Ռուսական մոդելը

Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի ու Ուկրաինայի, անցյալ ամառ չի ստացել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովը 12 պայման է առաջ քաշել, որից հետո միայն Վրաստանը կկարողանա ստանալ այս կարգավիճակը։

Պայմաններից մեկը վերաբերում է քաղաքացիական հասարակության ներգրավվմանը որոշումների կայացման գործում:

«Ժողովրդի ուժ» շարժման առաջարկած օրինագիծը, ընդհակառակը, ուղղված է քաղաքացիական սեկտորի վարկաբեկմանը՝ ընդգծում է IDFI (Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ) ոչ պետական կազմակերպությունը, որը մի ամբողջ հետազոտություն է արել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» նախագծի մասին։ 

Ինստիտուտն ընդգծում է, որ ԵՄ անդամ երկրներից և ոչ մեկը չունի օրենք, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ հասարակական կազմակերպությունների համար։ Հետազոտության մեջ բերված են Ռուսաստանի ու Հունգարիայի օրինակները։ 

Հունգարիայում Եվրոպական դատարանի որոշումից հետո, ստիպված եղան հրաժարվել 2017-ին ընդունված «Արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների թափանցիկության մասին» օրենքից։

Ռուսաստանում, որտեղ «օտարերկրյա գործակալի» պիտակը ասոսացվում է «լրտեսի» հետ, շատ կազմակերպություններ փակվել կամ հրաժարվել են օտարերկրյա ֆինանսավորումից։

Օրենսդրությունը ՌԴ-ում շարունակաբար խստացվում է, իսկ «օտարերկրյա գործակալների» ցուցակը՝ գնալով մեծանում։ Անցյալ տարվա դեկտեմբերից գործում է նոր օրենք, որը թույլ է տալիս «օտարերկրյա գործակալ» ճանաչել ցանկացածին, ով իշխանությունների կարծիքով՝ ընկել է «օտար ազդեցության» տակ։

Դեկտեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը հրապարակեց «օտարերկրյա գործակալների» նոր՝ միասնական ռեգիստրը, որը միավորում էր նախկինում գործող չորս ռեգիստրները՝ ՀԿ-ներ, չգրանցված միավորումներ, լրատվամիջոցներ և ֆիզիկական անձինք: Ցուցակն այդ ժամանակ բաղկացած էր 493 տողից։ 

Ռուսաստանում «օտարերկրյա գործակալների» ցանկին են դասվում այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Ազատության» ռուսալեզու ծառայությունը, «Настоящее время»-ն, «Медуза»-ն, «Новая газета»-ն և այլն։