Հունվարի 20-ի գիշերը Վրաստանի Կախեթի մարզի Սագարեջո քաղաքի բնակելի շենքի պատշգամբից զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Եվս 5 հոգի վիրավոր է, նրանց վիճակը կայուն ծանր է։
Ականատեսների խոսքերով՝ հրաձգությունը տևել է մոտ մեկ ժամ։ Վերջում տղամարդն ինքնասպան է եղել։ Կրակողի դրդապատճառները դեռևս անհայտ են։
«Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, սկսվել են աշխատանքները։ Նրան [զինված տղամարդուն], իհարկե, հրամայել են հանձնվել։ Նա ևս մի քանի կրակոց է արձակել։ Երբ հատուկ ջոկատայինները ներս են մտել, նա պառկած էր մահճակալին՝ հրացանը կողքին», – ասել է Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Ըստ СОВА լրատվամիջոցի՝ կրակողը նախկին զինվորական Նոդար Ատուաշվիլին է՝ ծնված 1974 թվականին։ Նա զինվորական ծառայության մեջ է եղել 2006-2021 թվականներին, ծառայել է Աֆղանստանում՝ վրացական զորախմբի կազմում։
Հարևանները Formula հեռուստաընկերությանը պատմել են, որ տղամարդը մեկուսացված կյանք է վարել, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել։ Տեղի բնակիչները IPN գործակալությանը հայտնել են նաև, որ Ատուաշվիլին հավանաբար հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և համապատասխան բուժում էր անցնում։
Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ հարձակման ժամանակ կասկածյալի տանը եղել է նաև նրա չափահաս որդին։ Կրակոցների սկսվելուց հետո նա լքել է բնակարանը։
Գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 110-րդ հոդվածով (ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ սպանություն) և 236-րդ հոդվածով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը կամ պահելը):