Հունվարի 19-ի ուշ երեկոյան Քննչական կոմիտեն հրապարակել է երեկ գիշերը Վարդենիսի Ազատ գյուղի տներից մեկում (պաշտոնյաներն այն «վաշտի կացարան» էին անվանում) բռնկված հրդեհի «պաշտոնական վարկածը»․ հրդեհի հետևանքով 15 զինվոր է զոհվել, ևս 7 զինծառայողներ տարբեր ծանրության այրվածքներով հոսպիտալացվել են։
պաշտոնական վարկածը
ՔԿ-ի հաղորդագրությունը մանրամասնում է՝ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտը «2021 թվականի մայիսի 13-ից տեղակայվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տներից մեկում» (գյուղական այս տունը պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրություններում ներկայացվում էր որպես «զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան»)։
Տունը բաղկացած է եղել նախասրահից և երկու սենյակներից: Սենյակներից մեկը, ըստ ՔԿ-ի, ծառայել է որպես զինանոց, մյուսը՝ զորանոց։ «Զորանոցում» տեղադրված են եղել երկհարկանի զինվորական մահճակալներ։ Տան ջեռուցումն իրականացվել է փայտե վառարանի միջոցով, որը տեղադրված է եղել նախասրահում։
«2023 թվականի հունվարի 18-ին, զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտանը նշանակվել է ինժեներասակրավորային վաշտի պատասխանատու և իր ծառայությունը կատարել է նշված կացարանում։
18․01․2023թ-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, ինժեներասակրավորային վաշտի անձնակզմը, ավարտելով իրեն հանձնարարված աշատանքները, վերադարձել է հիշյալ կացարան և ժամը 21։30-ից սկսած պառկել քնելու։ 19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։
Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը», – նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Կոմիտեն պնդում է, որ «այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքներով», ըստ որոնց՝ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա․ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել։ Ըստ ՔԿ-ի,
«կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ»։ Տարան «ընկել է կացարանի մեջ»։ Կապիտանը և օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայող, ով նույնպես այրվածքներ է ստացել, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։
«Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։
Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի հետևանքով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո»։
Դեպքի առթիվ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասի (շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Ձևավորվել է քննչական խումբ։ Մեղադրյալներ դեռևս չկան։
Դռան մոտ՝ վառարան, պատուհաններին՝ ճաղավանդակներ
15 մարդու կյանք խլած հրդեհը տեղի է ունեցել Գեղարքունիքի Ազատ գյուղի տներից մեկում՝ բնակելի տների հարևանությամբ: Այրված շենքի մի մասը փլուզված է։
Գյուղացիները և զորամասի զինծառայողները, որոնք դեպքի վայրում չեն եղել, լրագրողներին պատմել են, որ վառարանը դռան մոտ է եղել, և հենց դա է եղել պատճառը, որ զինծառայողները հրդեհի ժամանակ չեն կարղացել տնից դուրս գալ։ Պատուհանների վրա էլ ճաղավանդակներ են եղել։
«Փայտ էին վառում, պեշկով էին տաքացնում: Օրվա էդ ժամին ես չեմ պատկերացնում բենզին, բայց կպչանի համար առավոտը կվառեն: Օրվա էս ժամին արդեն փեջը աշխատում ա։ Հնարավոր չի բենզին լցնեն։ Առավոտը պեշկը վառում են, ու անընդհատ մեկը մոտն է լինում», – ասել է զորամասի տրակտորիստը։
Զորամասի տրակտորիստը պատմել է, որ դրսում գտնվող զինվորները փորձել են պատը փլուզել, ճանապարհ բացել, որ ներսում մնացած տղաները կարողանան դուրս գալ կրակի միջից, բայց ժամանակին չի ստացվել։
Զորամասի դասակի հրամանատարը, որը դեպքի ժամանակ տարածքում չի եղել, լրագրողների հետ զրույցում հերքել է պաշտոնական նախնական վարկածը, թե զորամասի տարածքում բենզին է եղել: «Եթե լիներ էլ, ես չեմ թույլատրի՝ հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող են լինել: Պետք է քննությունը մինչև վերջ տարվի, ու մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ», – ասել է զինվորականը:
մեղավորը բենզինն է
Կառավարության առավոտվա նիստին հայտարարվեց, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման անվտանգության կանոնների խախտման հետևանքով, «օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել», տարրական կանոններ անգամ չեն պահպանվել և այլն։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ դյուրավառ հեղուկների օգտագործել չի կարելի և որ դա խստիվ արգելվում է նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ։ Պաշտոնյաները վհատվեցին նաև տեսչական մարմիններից։
Թե ինչո՞ւ էին զինվորները (ավելի քան մեկուկես տարի) ապրում երկսենյականի գյուղական մի տնակում՝ առանց որևէ հարմարանքի և անվտանգության տարրական պայմանի, ոչ ոք չբացատրեց։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ աշխատանքից ազատել է 8 սպաների, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին և նրա տեղակալներին (ավելի ուշ հայտարարվեց, որ կորպուսի նոր հրամանատար է նշանակվել «Հայաստանի ազգային հերոս», գնդապետ Գարեգին Պողոսյանը)։
Պաշտոնանկ արված զինվորականների զբաղեցրած պաշտոններնն, ըստ նախարարի, ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, «մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»:
թարմացում — Վերոհիշյալ կացարանում զինվորները ժամանակավոր էին տեղակայվել՝ արդեն այսօր արդարացել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- «Լուրերի» հետ զրույցում նշել է պաշտոնյան։ Խոսքը, ըստ էության, «ժամանակակից» վագոն-տնակների մասին է։