Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել՝ Կառավարության նիստին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարաններից մեկում գիշերը հրդեհ է բռնկվել։ Առավոտյան փրկարարները հրդեհված շինությունից 15 զինծառայողի դի են տարհանել։ Ողջ մնացած զինծառայողներից 3-ը տեղափոխվել են Այրվածքաբանական կենտրոն․ առողջապահության նախարարի խոսքով, նրանցից երկուսը վերկակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են։
Նախնական վարկածով՝ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Քրեական գործ է հարուցվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ»։
«Փորձ է արվել 5 լիտրանոց տարայով բենզինը լցնել վառարանի մեջ։ Երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ՝ ոչ դիտավորյալ», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ, վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ դյուրավառ հեղուկների օգտագործումը խստիվ արգելվում է։
ԱԻՆ-ի փոխանցմամբ, հրդեհի մասին ահազանգը ստացել է 01:15-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ առավոտյան 06:33-ին:
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը և ևս 7 զինվորականներ (կորպուսի հրամանատարությունը) պաշտոնանկ են արվել։
զոհված զինծառայողները ժամկետայիններ էին
«Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ», – գրել է դատախազությունը։