Գաղարքունիքի զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ հրդեհի մասին ահազանգը ստացել է 01:15-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն։
պաշտոնանկություններ
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը ազատվել է պաշտոնից։
Պաշտոնանկ են արվել նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Գևորգի Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Սերժիկի Օհանյանը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Ռոբերտի Մազմանյանը:
«օգտագործվել է ավտոբենզին»
Օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել՝ Կառավարության այսօրվա նիստին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզինը լցնել վառարանի մեջ։ Երբ արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլև բենզինը, հրդեհը անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, նախնական տվյալներով, այդ 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ՝ ամենայն հավանականությամբ ոչ դիտավորյալ», – հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(Որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ դյուրավառ հեղուկներ օգտագործելը բանակում արգելվում է)։
Ողջ մնացած զինծառայողներից երեքը տեղափոխվել են Այրվածքաբանական կենտրոն, նրանցից երկուսը ծանր վիճակում են։
Դատախազության փոխանցմամբ, բոլոր զոհված զինծառայողները ժամկետայիններ էին։
տե՛ս Զորամասի հրդեհի պատճառը արգելված բենզինն էր․ Կառավարություն