Հունվարի 17-ին Ֆրանսիայում մահացել է աշխարհի ամենածեր կինը՝ միանձնուհի Լյուսիլ Ռանդոնը, որը հայտնի էր որպես քույր Անդրե։ Դեռևս 2020 թվականին, ֆրանսիական ռադիոյի հետ հարցազրույցում Ռանդոնը ասել էր, որ չգիտի, թե ինչպես է իրեն հաջողվել այդքան երկար ապրել․ «Պատկերացում չունեմ՝ ինչումն է գաղտնիքը»։
Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904-ի փետրվարի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից շուրջ 10 տարի առաջ։ 40-ամյա հասակում նա միանձնուհի է դարձել, իսկ 75-ամյա հասակից ապրել է տարեցների տուն-ինտերնատում, որտեղ շարունակել է խնամել մյուսներին ընդհուպ մինչև իր 100-ամյակը։ 2021-ին Ռանդոնը հաղթահարել է ծերանոցում տարածված և շուրջ 10 տարեցների մահվան պատճառ դարձած Քովիդ-19 վարակը․ իր խոսքերով՝ չի էլ զգացել որ հիվանդ է եղել։
Ռանդոնը մահացել է Տուլոնի ծերանոցում, քնի մեջ։ Նրա մահվանից հետո աշխարհի ամենածեր մարդն է դարձել 115-ամյա իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան։
Ֆրանսուհին պաշտոնապես աշխարհի ամենածեր մարդն էր հռչակվել անցյալ տարվա ապրիլին՝ ճապոնուհի Կանե Տանակին։ Երկարակեցությամբ Ռանդոնը չորրորդն է աշխարհում․ պատմության մեջ ամենատարեց մարդը համարվում է 1997-ին 122 տարեկանում մահացած ֆրանսուհի Ժաննա Կելմանը։