Կառավարության որոշմամբ՝ մինչև հուլիսի 1-ը Հայաստանում արգելվում է սնդիկի հավելիչներ պարունակող արտադրանքների ներմուծումը և արտահանումը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Ըստ հայտարարության՝ սահմանային հսկողությունը արդեն իրականացվում է ՊԵԿ մաքսային ծառայության կողմից։
Արգելված ապրանքների ցանկը սահմանվել է Կառավարության և Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Վերջինիս համաձայն․
— Ամբողջովին արգելվում է սնդիկ-օքսիդային առաջնային մարտկոցների, առաջնային տարրերի, սնդիկային լամպերի արտահանումը և ներմուծումը։
— Որակի գնահատման վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կարող է թույլատրվել լյումինեսցենտային լամպերի, բարձր ճնշման նատրիումային լամպերի, կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի միջոցների (բացի դեղամիջոցներից), օճառների և որպես օճառ օգտագործվող միջոցների արտահանումը և ներմուծումը։
— Հնարավոր է ներմուծել և արտահանել սնդիկ պարունակող մարտկոցների՝ 2%-ից քիչ սնդիկի պարունակության և սնդիկ պարունակող կոնդենսատորային կամրջակներ, անջատիչներ և ռելեներ՝ առավելագույնը 20մգ սնդիկի պարունակության դեպքում։
— Պեստիցիդների, բիոցիդների, տեղային հակասեպտիկների և ոչ էլեկտրոնային չափիչ սարքավորումների (ջերմաչափ, սֆիգմոմանոմետր, բարոմետր, հիգրոմետր, մանոմետր) ներմուծումը և ատահանումը հնարավոր է միայն սնդիկ չպարունակելու մասին փաստաթղթային հիմնավորման դեպքում։
Որոշումը պատճառաբանվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի և ՀՀ «Սնդիկի մասին» օրենքի հոդվածներով․ նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությունն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:
ՊԵԿ-ը ներմուծումներ և արտահանումներ իրականացնողներին հորդորում է հաշվի առնել որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը՝ մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։