Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր երեք միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:
Հարուցված երեք քրեական վարույթների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Սեյրան Օհանյանն, ի պատասխան, պնդում է, որ քաղաքական հետապնդման զոհ է և որ իրենով փորձում են շեղել ուշադրությունը առկա խնդիրներից։
«Այսօրվա իշխանությունները, փոխանակ զբաղվեն անվտանգությամբ, սահմանների պաշտպանությամբ, Արցախի խնդիրներով, երեկվա ահասարսուռ դեպքով, փորձում են հիմա շեղել, սա հերթական շոուն է, որը շատ հանգիստ եմ ընդունում», – լրագրողների հետ զրույցում ասել է Օհանյանը։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ միջնորդությունը ստացել են և առաջիկա քառօրյա նիստի ընթացքում այն կմտնի օրակարգ։
Հիշեցնենք՝ դեռևս անցած տարվա մայիսին դատախազությունը դատարանից պահանջել էր Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 92 մլն 538 հազար 513 դրամ։