Home / Բանակ / Մերձդնեստրյան կիբերփանկ․ աչքերը բացում է Շերիֆը

Մերձդնեստրյան կիբերփանկ․ աչքերը բացում է Շերիֆը

․․․Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են բիզնես-կայսրությունները ճնշում պետություններին։ Նման մի պետությունում ապրում են մարդիկ, որոնք ընդամենը երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միության, իսկ այժմ՝ «Շերիֆյան Հանրապետության» քաղաքացիներ են։ Այս քաղաքական միավորը կոչում են Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետություն (ՄՀ) կամ Մերձդնեստր: Չճանաչված այս պետությունը տարիներ շարունակ մի հոլդինգի մասնավոր սեփականությունն է, որը մենաշնորհային դիրք ունի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, վերահսկում է ուժային կառույցները, խորհրդարանը, լրատվամիջոցները և նույնիսկ սեփական նախագահն ունի։

Մերձդնեստրը առանձնահատուկ տարածք է․ պատմականորեն այն Մոլդովայի կազմում էր։ Տիրասպոլ մայրաքաղաքով ինքնիշխան պետության ձևավորումը տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզման ֆոնին:

Պերեստրոյկայի (Վերակառուցում) տարիներին մոլդովացի ազգայնականները, որոնցից շատերն իրենց տեսնում էին Ռումինիայի կազմում, որոշեցին մոլդովերենը դարձնել հիմնական լեզու և լատինատառի անցնել։ Մերձդնեստրի ռուսալեզու և սովետամետ բնակչությանը դա դուր չեկավ։

602429Հանրահավաք Քիշնևում, 1989, լուսանկարը՝ ՌԻԱ նովոստի

Այս անհամձայնությանը մոլդովացիները պատասխանեցին․ «Ճամպրուկ, կայարան, Ռուսաստան»։ 

medium_49551788628_700675b69f_oՀանրահավաք Դուդոսարում, լուսանկարը՝ pridnestrovie.com-ի ֆորումից

Եվ Մերձդնեստրը որոշեց անջատվել, ինչից հետո Մոլդովան այնտեղ զորք ուղարկեց, իսկ մերձդնեստրցիները անցան զինված դիմադրության։ Սկզբնական շրջանի փոքր բախումներին 1992 թվականից հաջորդեց իսկական պատերազմը։ 

KMO_045520_01106_1_t246_130949
Պատերազմ Մերձդնեստրում, 1992․, լուսանկարը՝ Ալեքսանդր Տիմոշենկո/Կոմերսանտ

Ռուսաստանի և Մոլդովայի նախագահների ստորագրած համաձայնագրով ՌԴ-ն խաղաղապահ զորքեր ուղարկեց Մերձդնեստր։ Այդ ժամանակից ի վեր Մերձդնեստրն ունի չճանաչված պետության կարգավիճակ։ Նրա տարածքում տեղակայված է ռուսական զորքերի օպերատիվ խումբ։ Մոլդովայի կառավարությունը արդեն երկար տարիներ պահանջում է դրա դուրսբերումը։ 

Ի դեպ, արևմուտքում Մերձդնեստրն ​​անվանում են Տրանսնիստրիա: Այսպես էին կոչում 1941-1944 թթ․ [ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցող] Ռումինիայի կողմից օկուպացված տարածքը, որը, բացի Մերձդնեստրից, ներառում էր նաև Ուկրաինայի հարավային շրջանները։ Էթնիկ զտումների հետևանքով այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել։ 

KMO_128060_00002_1_t246_130707
Պատերազմ Մերձդնեստրում, 1992, լուսանկարը՝ Ալեքսանդր Տիմոշենկո/Կոմերսանտ

Ինքնաբուխ ավազակությունից դեպի կոռումպացված մենաշնորհ

Չնայած խորհրդային իշխանություններից ժառանգած տնտեսական ներուժին՝ Մերձդնեստրն այսօր անորոշ հեռանկարներով աղքատ երկիր է։

Նախկինում այս շրջանն ապահովում էր ամբողջ Մոլդովայի ՀՆԱ-ի 40%-ը, այնտեղ տեղակայված Մոլդովական կոնդենսացիոն էլեկտրակայանը (ԿԷԿ) ամենամեծերից էր Եվրոպայում և բավարարում էր ոչ միայն հանրապետության էլեկտրաէներգիայի կարիքների 90%-ը, այլև էլեկտրաէներգիա էր արտահանում հարևան Ռումինիա և Բուլղարիա: Այնուամենայնիվ, շուկայական բարեփոխումները, մասնավորեցումը, ապաինդուստրիալիզացիան Մերձդնեստրի տնտեսությունը արագորեն շպրտեցին անդունդը՝ այն դարձնելով հետխորհրդային տարածքի ամենաաղքատ շրջաններից մեկը, որը ստանձնեց հարևան երկրների համար տարանցիկ մաքսանենգության կենտրոնի դերը:

Տնտեսությանը ցավալի հարված հասցրեցին 2006 թվականի իրադարձությունները, երբ կարգավիճակի շուրջ քաղաքական ճգնաժամի հերթական փուլն ավարտվեց Մոլդովայի և Ուկրաինայի կողմից փաստացի առևտրային շրջափակմամբ։

Շրջափակումը սկսվեց 2006-ի մարտի 3-ին։ Ուկրաինան արգելեց Մոլդովայում մաքսազերծում չանցած ապրանքների փոխադրումը Մերձդնեստրից։ Արտահանող ձեռնարկությունները սնանկացան։ Միայն 2006-ին չճանաչված հանրապետության կորուստները կազմել են ավելի քան 450 միլիոն դոլար։ 

d31acc2a-5096-427b-9595-496a2ebd3090
Տիրասպոլ, 2012, լուսանկարը՝ Իլյա Վարլամովի

Պաշտոնական վիճակագրության սակավության պատճառով դժվար է գնահատել Մերձդնեստրի տնտեսական զարգացման մակարդակը, հետևաբար՝ դժվար է համեմատել այլ երկրների հետ, բայց կարելի է մոտավոր հաշվարկ անել։ 2020 թ․ հանրապետությունում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է մոտ 30 000 տեղական ռուբլի։ 2021թ․ տարեվերջի փոխարժեքով՝ 1856 դոլար՝ մոտավորապես վեց անգամ քիչ, քան Ռուսաստանում և երկու անգամ քիչ, քան Ուկրաինայում (և Հայաստանում – խմբ․):

Պետական ​​բյուջեն շատ փոքր է։ Գանձապետարանի եկամուտները կազմում են ՀՆԱ-ի ընդամենը 21%-ը։ Համեմատության համար՝ Ռուսաստանում այդ թիվը 34, իսկ Ֆրանսիայում՝ ավելի քան 50 տոկոս է։ Սա նշանակում է, որ Մերձդնեստրում հարկային բեռի մակարդակը շատ ցածր է։ Ընդ որում, պետական ​​ծախսերն արդեն գերազանցում են ՀՆԱ-ի 36%-ը։ Այս տարբերությունը ծածկելու միակ ճանապարհը պարտքերի կուտակումն է։ 

Ֆինանսական առկա խնդիրները հարվածում են սոցիալական ոլորտին։ Միջին աշխատավարձը երկրում մոտ 300 դոլար է, առողջապահության ոլորտի աշխատողները ավելի քիչ են ստանում՝ մոտ 16%-ով, կրթության ոլորտինը՝ 36%-ով, գիտության ոլորտինը՝ 33%-ով․․․ Միջին կենսաթոշակը կազմում է 85 դոլար՝ միջին աշխատավարձի 28%-ը, և այն հազիվ է գերազանցում նվազագույն զամբյուղը։ Անմխիթար է նաև բնակարանային ֆոնդի վիճակը․ քաղաքներում բնակարանների 15%-ը ապահովված չեն կոյուղիով և ջրամատակարարմամբ, 20%-ը չունեն տաք ջուր։ Գյուղերում իրավիճակն ավելի վատ է։ Գործազրկությունը, սակայն, շատ ցածր է՝ մոտ 2,5%, ինչը բացատրվում է հանրապետությունից տնտեսապես ակտիվ բնակչության զանգվածային արտահոսքով․․․

Արտագաղթողների ճշգրիտ թիվը հնարավոր չէ նշել․ [չնայած տեղացիների զգալի մասը ունեն նաև Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի քաղաքացիություն], ոչ բոլորն են հրաժարվում Մերձդնեստրի քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, ըստ սոցիոլոգների մոտավոր գնահատականների, Մերձդնեստրը Մոլդովայի հետ միասին էմիգրանտների թվով առաջատարներից է՝ 1000 քաղաքացու հաշվով 10 մարդ։ 

Մի խոսքով, հետխորհրդային Մերձդնեստր, ինչպես և այլուր, եկավ վայրի կապիտալիզմը, որը վաղ շրջանում ինքնաբուխ ավազակային բնույթ էր կրում, իսկ ավելի ուշ՝ կոռումպացված մենաշնորհային: 

Շերիֆյան հանրապետություն

Հանրապետությունում ձևավորվեց խոշոր մասնավոր բիզնեսի յուրօրինակ մոդել, որի առանձնահատկությունը պայմանավորված էր չճանաչված պետության կարգավիճակով, նրա յուրահատուկ աշխարհագրական դիրքով և տարանցիկ մաքսանենգային նշանակությամբ։

Մերձդնեստրյան կապիտալիզմի այս մոդելի ամենազարգացած արտահայտությունը և ամենաամբողջական դրսևորումը «Շերիֆ» ֆինանսաարդյունաբերական խումբն է։

Շերիֆի պատմությունը սկիզբ է առնում 1993 թվականին։ Բիզնես անելու համար այն ժամանակ իդեալական պայմաններ էին։ 1990-ականներին Մերձդնեստրը վերածվեց կոռուպցիայի սև խոռոչի՝ մարդկանց թրաֆիքինգի և ծխախոտի մաքսանենգության օջախի։ Այնտեղ նաև վառելիք և նույնիսկ խորհրդային բանակից մնացած զենք-զինամթերքն էին վաճառում: Պղտոր ջրերում ձուկ որսալն ամենալավը ստացվում էր նախկին ոստիկան Վիկտոր Գուշանի մոտ, որի կոմերցիոն գործունեությունը սկսվեց ծխախոտի և սպիրտի սպեկուլյացիաներից։ Ուկրաինայի Սև ծովի ափը՝ Օդեսայի և նախկին Սևծովյան Իլյիչևսկի խոշոր նավահանգիստներով, Տիրասպոլից ընդամենը հարյուր կիլոմետր հեռավորության վրա է: Մերձդնեստր ներկրվում էր ապրանքների ամենալայն տեսականին՝ այնտեղից անմիջապես արտահանելու նպատակով։ Ուկրաինայում դրանք ձևակերպվում էին որպես տարանցիկ ապրանքներ, ինչը հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից, իսկ ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի ռեժիմն օգնում էր ապրանքների ազատ արտահանմանը ՄՀ-ից։

Sheriff_Tiraspol (1) (2)
«Շերիֆ» սուպերմարկետների ցանցը

Բոլոր միջազգային փաստաթղթերում Մերձդնեստրը դիտարկվում է որպես Մոլդովայի անբաժանելի մաս։ Սա նշանակում է, որ Համագործակցության շրջանակներում ընդունված նորմերը վերաբերում են նաև չճանաչված հանրապետությանը։ Ապրանքները գալիս են այստեղ որպես արտասահմանյան, ապա դուրս գալիս՝ որպես մերձդնեստրյան։ 2005 թվականին Մերձդնեստրի հակամարտությունը կարգավորելու համար Մոլդովայում և Ուկրաինայում ստեղծված ԵՄ սահմանային աջակցության առաքելությունը վերլուծել է մաքսային վիճակագրությունը և եկել հետևյալ եզրակացությունների, գրում է «Կոմերսանտ» թերթը․ ՄՀ այնքան շատ հավ է ներմուծվում, որ մերձդնեստրցիների շաբաթական սննդակարգը թոշակառուից մինչև երեխա պետք է ներառի ութ կիլոգրամ միս: Նույնը վերաբերում է ծխախոտին՝ այն  այնպիսի ծավալներով է մտնում հանրապետություն, որ յուրաքանչյուր բնակիչ, այդ թվում՝ նորածին, պետք է շաբաթական առնվազն 12 տուփ ծխի։ 

Ապրանքաշրջանառությունն աստիճանաբար իր ձեռքը վերցրեց «Շերիֆ» խումբը՝ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես հանրապետության այն ժամանակվա նախագահ Իգոր Սմիրնովի հետ սերտ կապերի շնորհիվ: Վիկտոր Գուշանի բիզնեսը սկսեց կլանել պետական ​​ձեռնարկությունները և ենթարկել փոքր մրցակիցներին։ Արդյունքում ընկերությունը գերիշխող դիրք զբաղեցրեց տնտեսության մի շարք ոլորտներում։

Արդեն այսօր հոլդինգին են պատկանում հանրապետության միակ բջջային օպերատորը, սուպերմարկետների և գազալցակայանների ցանցը, մեկ հեռուստաալիք, մի քանի ռադիոկայաններ, բանկ, կոնյակի գործարան, կազինո, ամենամեծ կարի գործարանը, ֆուտբոլային ակումբ, մարզադաշտ և շատ այլ բիզնեսներ: Մերձդնեստրում կապիտալի կենտրոնացումը հասել է այնպիսի մակարդակի, որ պետբյուջեի եկամուտների կեսից ավելին գոյանում է «Շերիֆ» հոլդինգից կատարվող պահումների հաշվին։ Բայց սա չի նշանակում, որ մերձդնեստրյան այս ատլանտը անասելի սոցիալական բեռ է կրում իր ուսերին։ Մերձդնեստրի բյուջեն շատ փոքր է, և պետության հետ հարաբերությունները Շերիֆի վրա թանկ չեն նստում՝ շնորհիվ բազմաթիվ հարկային արտոնությունների և այլ նախապատվությունների, որոնք ընկերությանը տրամադրում են կերակրվող պատգամավորներն ու պաշտոնյաները:

XXL_height
«Շերիֆ» մարզադաշտը

Շերիֆի հիմնական առավելությունը ներմուծողի կարգավիճակն է։ Այն տալիս է ծխախոտային արտադրանք և էթիլային սպիրտ ներկրելու բացառիկ իրավունք՝ 500 տուփ ծխախոտի համար հարկվելով մոտ 2 դոլարի չափով։ Շերիֆը նաև ազատված է ակցիզային հարկերից, մաքսատուրքերից և այլ՝ շինանյութի, սպառողական ապրանքների (ներառյալ սննդամթերքը), տրանսպորտային միջոցների, պահեստամասերի և սարքավորումների, սև և գունավոր ջարդոնների արտահանման հարկերից: Բացի այդ, Գուշանի ընկերությունն ազատվել է հավաստագրման պարտավորությունից գրեթե բոլոր ապրանքների ներմուծման դեպքում՝ բացառությամբ սննդամթերքի։ Սա նշանակում է, որ պետությունն իր վրայից ամբողջությամբ հանել է ներմուծվող ապրանքների համար պատասխանատվությունը և դրանց նկատմամբ վերահսկողությունը։ Շերիֆը կարող է ցանկացած բան ներմուծել առանց որևէ մեկին զեկուցելու:

Արտահանում-ներմուծումը ներառում է արտարժույթով գործարքներ՝ հիմնականում դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով։ 

Այստեղ նույնպես Շերիֆի մենաշնորհն է գործում․ հոլդինգն ազատված է արտարժույթը վաճառելու անհրաժեշտությունից և, միևնույն ժամանակ, Մերձդնեստրի տարածքում կանխիկ արտարժույթով առևտուր անելու բացառիկ իրավունք ունի։ Հարկային արտոնությունները, գույքի՝ ցածր գներով սեփականաշնորհումը, հանցագործությունները չնկատող պաշտոնյաների և իրավապահների բարյացակամությունը կատարյալ պայմաններ են ստեղծել հոլդինգը գերմենաշնորհի վերածելու համար։ Սա այսպես կոչված պետություն է՝ պետության մեջ։ Ինչ-որ առումով Շերիֆը նույնիսկ ավելի մեծ է, քան հենց Մերձդնեստրյան հանրապետությունը։ ՄՀ֊ն օգտագործվում է որպես փոխադրման բազա տարբեր տեսակի ապրանքների համար, որոնք տեղափոխվում են Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան և վերաարտահանվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Բայց այդ գործառնություններից ստացված հիմնական եկամուտը մնում է Շերիֆին, այլ ոչ թե հանրապետության բյուջեին։ Մերձդնեստրյան մաքսային ծառայության տվյալներով՝ միայն 2006-2011 թվականներին Շերիֆը հատուկ ներմուծողի կարգավիճակի շնորհիվ խնայել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, որը պետության բյուջեն չի ստացել հարկերի և տուրքերի տեսքով։

Իսկապես հեղինակավոր պարոնայք սեփականաշնորհում են պետություն

Ով ունի սեփականություն, նա ունի իշխանություն՝ հասարակական զարգացման այս օրենքը գործում է ամենուր, և Մերձդնեստրը բացառություն չէ։ Միայն թե ի տարբերություն համաշխարհային կապիտալիզմի կենտրոնական երկրների, որտեղ շուկան բաժանված է մի քանի խոշոր կլանների միջև, որոնք ստիպված են դիմակայել միմյանց, փնտրել փոխզիջումներ կամ դիմադրել մահվան գնով, որպես կանոն, ծայրամասում նման խնդիրներ չեն ծագում։

Կապիտալը միշտ ունի պետության կարիքը․ նա լուծում է խնդիրների մի ամբողջ շարք, առանց որի կուտակման գործընթացն անհնար կլիներ, երաշխավորում է սեփականության իրավունքը, ճնշում է աշխատավորական շարժումները, փրկում է բիզնեսը ճգնաժամի տարիներին, արտաքին շուկաներում տարածք է ազատում ազգային կապիտալի համար, պրոտեկցիոնիստական ​​միջոցներով պաշտպանում է արտաքին մրցակցությունից, միջնորդի դեր է ստանձնում միջկլանային պատերազմների ժամանակ և, իհարկե, սահմանափակում է հենց կապիտալիստների ախորժակը՝ նրանց շահերից ելնելով, որպեսզի գերշահույթ հետապնդելով՝ նրանք պատահաբար չկործանեն հենց շահագործման օբյեկտը։ 

Այսպիսով՝ Շերիֆն ​​արմատապես լուծեց բոլոր խնդիրները: Լոբբիզմը, կաշառելը, կաշառակերությունը, կատաղած շները ու նրբերշիկի զամբյուղները խուլիգանների համար են։ Իսկապես հեղինակավոր պարոնայք սեփականաշնորհում են պետությունն ամբողջությամբ, նրանք մեկանգամյա գործարքների համար չեն վարձում այս կամ այն ​​պաշտոնյային, այլ ձևավորում են սեփական կառավարությունը, նշանակում պատգամավորներին և նախագահին։

Հենց ամենասկզբից Շերիֆի բիզնեսը կառուցվել է ի շնորհիվ հոգատար պետական ​​խնամակալության։ 2000 թվականից մեկնարկեց նաև «Թարմացում» կուսակցության ֆինանսավորվող քարոզարշավը։ Վերջինս հաղթեց 2005-ի խորհրդարանական ընտրություններում՝ շնորհիվ «Շերիֆ» հոլդինգի նախկին մենեջեր Եվգենի Շևչուկի։ 

BFC88DF9-F01A-45A8-8F06-45185F730BD4_cx0_cy8_cw0_w1597_n_r1_st_s
Շևչուկի նախընտրական պաստառը, 2011, լուսանկարը՝ Վալենտինա Ուրսու

2011-ին նա ստանձնեց նախագահի պաշտոնը։ Բայց, միանձնյա թագավորելու ու ամեն ինչի տերը լինելու մտադրությամբ, կոնֆլիկտի մեջ մտավ Շերիֆի հետ։ Նա որոշեց զրկել ընկերությանը հատուկ ներկրողի արտոնությունից, ինչը բյուջեի պահումներն ավելացրեց մոտ 7,5 անգամ։ Կարելի է միայն կռահել, թե ինչպես Շևչուկը ողջ մնաց նման հանդուգն արարքից հետո և շարունակեց նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը։ Այնուամենայնիվ, 2016-ին նրան փոխարինեց Շերիֆի մեկ այլ կամակատարը՝ Վադիմ Կրասնոսելսկին։

Вадим_Красносельский_выборы_президента_Приднестровья
Կրասնոսելսկին ընտրությունների օրը, 2016-ի դեկտեմբերի 11, լուսանկարը՝ ՄՀ Գերագույն խորհուրդ

Իհարկե, նա իսկույն վերադարձրեց իր գործատուներին հատուկ ներկրողի կարգավիճակը և այլ արտոնություններ։ Արդեն վերջին խորհրդարանական ընտրություններում մերձդնեստրյան մոնոպոլիստը որոշեց ամբողջությամբ մաքրել քաղաքական դաշտը։ Ընդդիմախոսներին հեռացրեցին․ տարբեր պատրվակներով թույլ չէին տալիս մասնակցել ընտրություններին, ճնշումների միջոցով երկրից էին հեռացնում, ոմանց էլ բանտ էին նստեցնում, ինչպես, օրինակ, Կոմկուսի նախկին պատգամավոր Օլեգ Խորժանին։

Արդյունքում «Թարմացում» կուսակցությունը ստացավ 33 մանդատներից 29-ը․ Շերիֆի հետ փոխկապակցված էին նաև չորս պատահական ընդդիմադիրները։

Մի խոսքով, «Շերիֆ» հոլդինգը Մերձդնեստրում բացարձակ տնտեսական և քաղաքական իշխանություն ունի։ Ընկերության սեփականատեր Վիկտոր Գուշանը Արևելյան Եվրոպայի ամենահարուստ օլիգարխներից մեկն է, ով իր ախորժակը տարածում է հարևան Ուկրաինայի, Մոլդովայի եւ նույնիսկ Ղրիմի վրա։ 

s-dnyom-rozhdeniya-viktor-anatolevich
Վիկտոր Գուշանը, լուսանկարը՝ «Շերիֆ» ՖԱ-ի կայքէջից

Սա ձեզ համար Ղրիմը չէ

Եվ չնայած Շերիֆը, կարծես, ամեն ինչ ունի, նրա բիզնես կայսրությունը կանգնած է փխրուն հողի վրա։ Երկու կապիտալների մրցակցային պայքարում իմպերիալիզմը գիտի միայն մեկ փաստարկ՝ զենքի ուժը կամ գոնե դրա կիրառման սպառնալիքը։ Եթե ​​այս ուժը չկա, ապա ոսկե սարերը կարող են մեկ վայրկյանում վերածվել բեկորների։

Իհարկե, Մերձդնեստրը ռազմական ներուժ չունի։ Ժամանակավորապես հանգած այս թեժ կետում քաղաքական հարաբերական անդորրը երկար տարիներ ապահովում է Ռուսաստանը, որը հանրապետության տարածքում զորքերի օպերատիվ խումբ է տեղակայել։

Խաղաղապահի պաշտոնական կարգավիճակից այս խումբը վաղուց զրկվել է, իսկ նրա  թվակազմը 1990-ականների սկզբի 6 հազարից դարձել է հազար։ Որևէ նշանակալի ռազմական ուժ այն չունի, փոխարենը՝ վկայում է այս տարածքում Ռուսաստանի ներկայության մասին։

ԵԽ խորհրդարանական ասամբլեան Մերձդնեստրը պաշտոնապես ճանաչել է որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք։ Բանաձևն ընդունվել է 2022թ․ մարտի 15-ին։ Բանաձևում նշվում է, որ 1992 թվականին,, երբ  Ռուսաստանի միջամտությունը կանգնեցրել է սահմանադրական կարգ հաստատելու պատրվակով Քիշնևի հրահրած պատերազմը, Մոլդովայի հանդեպ զինված ագրեսիա է իրականացվել։ «Ռուսաստանը պարտավոր է դուրս բերել զորքերը Մերձդնեստրի չճանաչված հանրապետության տարածքից», – հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ «Ես միշտ պահանջել եմ Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերում։ Մենք պահանջել ենք և պահանջում ենք զինաթափել Դնեստրի ձախափնյա տարածքը, շարունակում ենք մնալ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը և կանենք ամեն բան, որպեսզի գտնենք և կյանքի կոչենք դիվանագիտական, քաղաքական, խաղաղ հանգուցալուծումը», – նշել է Սանդուն։

Մերձդնեստրի կորուստը, նրա բռնի միավորումը Մոլդովայի հետ լուրջ քաղաքական պարտություն կլինի ռուսական կապիտալի համար՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մերձդնեստրցիները ԽՍՀՄ փլուզումից ի վեր իրենց ապագան կապել են հենց Ռուսաստանի հետ։ 2006թ․ հանրաքվեի ժամանակ մերձդնեստրցիների 97%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն։

Բայց Մերձդնեստրը զուտ իր ազդեցության գոտում պահելով՝ ռուսական կապիտալը միանշանակորեն ցույց է տալիս ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու և լրացուցիչ ռիսկի դիմելու իր անպատրաստակամությունը։ Այս տնտեսապես ոչ հրապուրիչ տարածքի համար Արևմուտքի հետ բաց առճակատման մեջ մտնելը նպատակահարմար չէ, ի վերջ՝ սա ձեզ համար Ղրիմը չէ։

Ինչպե՞ս է գոյանում պարտքը

Ռուսաստանի իշխանությունը նախընտրել է անտեսել ՌԴ-ին միանալու մերձդնեստրցիների ցանկությունը։ Ռուսական կապիտալը ՄՀ-ն ուզում է տեսնել որպես քաղաքականապես հանգիստ տարածաշրջան։ Մոսկվայի լուռ համաձայնությամբ տեղի բուրժուազիան կառուցում է իր բիզնես կայսրությունը, բացի այդ՝ ստանում է տարբեր տեսակի նյութական օժանդակություն, օրինակ՝ մոտ 10 տոկոսանոց կենսաթոշակային հավելավճարների տեսքով։ Ռուսաստանը երկար տարիներ նաև գազ է մատակարարում ՄՀ-ին՝ փաստացի անվճար։ Ի՞նչ ասել է, թե անվճար։ Անդրբալկանյան գազատարը Մերձդնեստրով հասնում է Մոլդովա, իսկ այնտեղից՝ Ռումինիա, Բուլղարիա և Թուրքիա:

Այս խողովակով տարեկան մինչև 16 միլիարդ խմ գազպրոմյան գազ է հոսում։ Մերձդնեստրը վերցնում է մոտ 1 միլիարդը և չի վճարում դրա դիմաց։ Գազպրոմը չի կարող փակել Մերձդնեստրի գազը, քանի որ այն վերցնում են անմիջապես տարանցիկ խողովակից, և գազամատակարարման դադարեցումը հարվածելու է գազային մենաշնորհի գործընկերներին, որոնք վճարում են դրա դիմաց։ Այլընտրանքային ճանապարհ չկա։

Խոշորագույն սպառողներից է «Շերիֆ» հոլդինգին պատկանող «Տիրատեքս» տեքստիլ-ֆաբրիկայի գազածին կայանը։ Գազ է օգտագործում նաև Մոլդովական ԿԷԿ֊ը, որը ապահովում է ներքին սպառումը և էլեկտրաէներգիա մատակարարում Մոլդովային։ Այնուամենայնիվ, դա գազագողություն անվանել չի կարելի։

Ֆորմալ առումով բնական գազի մատակարարման սխեման հետևյալն է. Գազպրոմը գազ է վաճառում իր դուստր կազմակերպությանը՝ Մոլդովագազին (ընկերության բաժնետոմսերի 50+1 տոկոսը պատկանում է Գազպրոմին, 35 տոկոսը՝ Պետական գույքի գործակալությանը, 14 տոկոսը՝ մերձդնեստրյան իշխանություններին)։ 2006 թվականին Մերձդնեստրը իր բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման է հանձնել Գազպրոմին։ Ըստ այդմ, մոլդովական այս ընկերությունը որևէ լուրջ որոշում չի կարող կայացնել առանց ռուսական էներգետիկ հսկայի իմացության և համաձայնության։

Մոլդովագազը պարտավորվում է վճարել Մոլդովա մատակարարվող գազի ողջ ծավալի դիմաց, որի ավելի քան 60 տոկոսը (մեկ տարվա կտրվածքով) նախատեսված է հենց Մերձդնեստրի համար։ «Մոլդովագազը» գազ է մատակարարում Մերձդնեստրի «Տիրասպոլտրանսգազ» պետական ​​տրանսպորտային ընկերությանը, որն էլ իր հերթին ապահովում է սպառողների կապույտ վառելիքի պահանջարկը։ Արդյունաբերությունը և անհատ սպառողները գազի համար վճարում են արտոնյալ սակագնով, բայց այդ գումարը գնում է ոչ թե մատակարարին, այլ Մերձդնեստրի իշխանությունների գազային հաշվին։ Նրանք, այսպես ասած, պարտք են վերցնում Տիրասպոլտրանսգազից՝ իրենց սոցիալական պարտավորությունները կատարելու համար։ Արդյունքում գոյանում է գազի պարտք, որը հետևյալ կառուցվածքն ունի․ Մոլդովագազը պարտք է Գազպրոմին, Տիրասպոլտրանսգազը պարտք է Մոլդովագազին, Մերձդնեստրի բյուջեն սպառողներից հավաքած գումարը պարտք է Տիրասպոլտրանսգազին։

dsc_5308-1-scaled
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, լուսանկարը՝ Անդրեյ Մարդարի/NewsMaker

Պարտքի երկարամյա կուտակումը 2021-ի տարեվերջին քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Դեռ 2020 թվականին «Մոլդովագազի» ընդհանուր պարտքը Գազպրոմին կազմում էր 7,5 միլիարդ դոլար, որից 600 միլիոնը հենց Մոլդովագազի կուտակած պարտքն էր, իսկ մնացած գրեթե 7 միլիարդը՝ Տիրասպոլտրանսգազինը։

Փաստացի Մոլդովայի կառավարությանը վերջնագիր է ներկայացվել՝ կամ ճանաչել Մերձդնեստրի անկախությունը կամ վճարել իր մի մասը կազմող տարածքի գազի պարտքը: Հասկանալի է, որ այս պարտքն անդարձ է: Մոլդովիայի տարեկան ՀՆԱ-ն հազիվ է գերազանցում 11 միլիարդը, մինդեռ անհրաժեշտ է վերադարձնել 7֊ը։ Մերձդնեստրը նույնպես չի կարող նման գումար վճարել: Պարտքի առկայությունը Ռուսաստանի իշխանություններին թույլ է տալիս կապել Քիշնևի ձեռքերն ամեն անգամ, երբ նա սկսում է խոսել ՄՀ-ի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին:

Մի խոսքով, Մերձդնեստրի ճակատագիրն ամբողջությամբ ռուսական կապիտալի ձեռքերում է: Նրա տարածքում տեղի ունեցող ամեն բան Մոսկվայի լուռ համաձայնությամբ է։ Սա վերաբերում է նաև «Շերիֆ» հոլդինգի գերիշխանությանը, որն այլ հանգամանքներում արդեն վաղուց ոչնչացված կլիներ արևմտյան և ռուսական կորպորացիաների կողմից:

Եզրակացության փոխարեն` բարոյախոսություն: Եթե երբևէ ձեզ համարեք անպետք, իսկ ձեր աշխատանքը՝ անօգտակար, հիշեք, որ հեռավոր Մերձդնեստրում ապրում է  հակամենաշնորհային կարգավորման վարչության պետը, որը ամեն օր աշխատանքի է գնում:

Տեքստը հիմնվում է Օլեգ Կոմոլովի վիդեոէսսեի վրա