Մոլդովայում քաղաքացիները բողոքում են գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ․ հարյուրավոր մարդիկ հավաքվել են Քիշնևում՝ Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության (ԷԿԱԳ) շենքի մոտ։ Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ բողոքը ամենօրյա բնույթ է կրելու, ու տեղացիներին կոչ են արել օրինակ վերցնել Հայաստանից, որտեղ ցուցարարները նմանատիպ պահանջով երկու շաբաթ շարունակ փակել էին կենտրոնական Բաղրամյան պողոտան։ ԷԿԱԳ֊ը նախորդ շաբաթ հաստատել է երկրում էլեկտրաէներգիայի 30 տոկոսանոց, և բնական գազի՝ 15 տոկոսանոց թանկացումը։
«Կարևոր է միասնական կերպով դուրս գալ այդ անօրինականության դեմ, օրինակ վերցնել Հայաստանից, որտեղ սակագները բարձրացնելու փորձից հետո մարդիկ զանգվածային բողոքի դուրս եկան»,֊ հայտարարել է «Մոլդովան մեր տունն է» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գրիգորի Պետրենկոն։ Վերջինս մյուս կուսակցություններին կոչ է արել միանալ ցույցերին։
Միևնույն ժամանակ, գազի ու էլէներգիայի մատակարարները պնդում են՝ գները պետք է բարձրանան առնվազն 50 տոկոսով։ Մասնավորապես, Gas Natural Fenosa֊ն ու «Մոլդովագազն» արդեն հայտարարել են, որ գների բարձրացմանը հասնելու են դատարանի միջոցով, ինչին ԷԿԱԳ֊ի տնօրեն Սերջիու Չոբանուն պատասխանել է՝ սակագների կտրուկ աճը կարող է հանգեցնել երկրում անկարգությունների ու կոչ է արել գալ փոխզիջման։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է 2015 թվականի օգոստոսի 1-ից երկրում էլէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հանձնաժողովի որոշումը հանգեցրել է տարերային բողոքի ցույցերի Երևանում ու Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։
Հունիսի 23֊ին վաղ առավոտյան ՀՀ ոստիկանությունն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրել է ցուցարարներին Բաղրամյան պողոտայից։ Նույն օրը երեկոյան բողոքողների թիվը մի քանի անգամ աճել է։ Ցուցարարները մերժել են ՀՀ նախագահին հանդիպելու առաջարկներն ու կրկին արգելափակել Բաղրամյան պողոտան, որտեղից հրաժարվել են հեռանալ։ Մոտ երկու շաբաթ անց ոստիկանները քանդել են Բաղրամյանում տեղադրված բարիկադներն ու վերջնականապես ցրել նստացույցը։