Ռուսաստանցիների 42 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անկախ պետության կարգավիճակ ունենա։ Այս մասին են վկայում ռուսաստանյան «Լևադա» կենտրոնի՝ օգոստոսի 21֊ից 24֊ն անցկացրած հարցման արդյունքները, որին մասնակցել է 800 մարդ։ Ըստ հարցվածների 10%֊ի՝ այն պետք է լինի Ադրբեջանի կազմում, 9%-ի՝ Հայաստանի, մինչդեռ 39֊ը տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել։
Հարցման տվյալների համաձայն, ռուսաստանցիների կեսը կարծում է՝ Աբխազիան (49%) ու Հարավային Օսիան (47%) անկախ պետություններ են, իսկ մյուս կեսը դրանք համարում է հանրապետություններ։
Ըստ հարցման՝ Հարավային Օսիան ու Աբխազիան Վրաստանի մաս է համարում հարցվածների 10 և 9 տոկոսը՝ համապատասխանաբար։ Հարավային Օսիան Ռուսաստանի մաս է համարում մասնակիցների 21 տոկոսը, Աբխազիան՝ 20 տոկոսը։ Հարավային Օսիայի վերաբերյալ հարցին դժվարացել է պատասխանել 22%-ը, Աբխազիայի վերաբերյալ՝ 21%֊ը։
Հարավային Օսիայի ու Աբխազիայի՝ անկախ պետություններ հռչակվելու օգտին է արտահայտվել ռուսաստանցիների 48 և 47 տոկոսը, պետությունների՝ Վրաստանի կազմի մեջ մտնելու օգտին՝ 7 և 8%-ը։ Հարցման մասնակիցների 23 և 22 տոկոսի կարծիքով՝ պետությունները պետք է միանան Ռուսաստանին․ պատասխան չի ունեցել հարցվածների 23 տոկոսը։
Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու հետևանքները երկրի համար դրական է գնահատել ռուսաստանցիների 23 տոկոսը, բացասական՝ 10 տոկոսը, մինչդեռ 47%-ը կարծում է՝ դա որևէ կերպ չի անդրադարձել երկրի վրա։
Հարցման մասնակիցների 49 տոկոսի համաձայն՝ Մերձդնեստրը ևս պետք է ունենա անկախ կարգավիճակ։ 17%֊ը կարծում է՝ շրջանը պետք է մնա Մոլդովայի կազմի մեջ, իսկ հարցվածների 34 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել։