Հետխորհրդային տարածքում էթնոտարածքային հակամարտությունների տիպաբանությունը
հեղինակ՝ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադե (լուսանկարում)
֊ Այն, որ հակամարտությունն Ուկրաինայում աճել է՝ հասնելով համաշխարհային մասշտաբի, օրակարգից չի հանում դրա տեղն իր նման, թեև՝ պակաս նշանակալից հակամարտությունների շարքում սահմանելու անհրաժեշտությունը։ Դա և՛ Ղարաբաղյան հակամարտությունն է, և՛ Մերձդնեստրյանը, և՛ Աբխազականը, և՛ Հարավօսեթականը, որոնք տիպաբանորեն միևնույն շարքից են ու կատարում են կոնֆլիկտային տարածաշրջանում Ռուսաստանի վերահսկողությունն ապահովելու ստանդարտ գործառույթը։ Այդ հակամարտությունների ծնունդի, զարգացման ու սառեցման գործընթացում օրիգինալ ոչինչ չկա։ Այդ ամենը տեղի է ունենում բավական պարզունակ, հիմար ու պրիմիտիվ, արդեն փորձված գծագրով՝ տեղանքին բնորոշ փոքրիկ առանձնահատկությամբ։ Ռուսաստանի համապատասխան ծառայությունների հատուկ գործողության վերջնական նպատակն է ստեղծել ամուր կարթ, որից կարելի է ապահով կերպով ու երկար ժամանակով կախել կամակոր տարածաշրջանը կամ երկիրը։
Այդ կարթերի արտադրության տեխնոլոգիան այն աստիճան մշակված է, որ սերիական բնույթ է կրում։ Հիմնվել է նման կարթերի արտադրության բազմազգ ընկերություն՝ առանձին մասնաճյուղերի միջև աշխատանքի ու գործառույթների բաժանմամբ, ընդ որում, ստեղծվել է մասնաճյուղերից յուրաքանչյուրի ամբողջական անկախության տպավորություն։ Ավելին, նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում սփռված այդ մեկ արտադրական մեխանիզմի առանձին մասնաճյուղերի միջև հմտորեն անհամատեղելիություն ու թշնամանք է ձևացվում։ Իմիտացիան գործում է ու ազդում մասսաների ուղեղների վրա։ Ո՞վ է պատրաստ համաձայնել այն մտքի հետ, որ աբխազական ու վրացական անհաշտ էթնիկ ազգայնամոլությունները, որոնք սնուցվում են միևնույն տեսակի տգիտությամբ, աջակցվում են մեկ կենտրոնի կողմից ու ծառայում են այդ կենտրոնի շահերին։ Կհավատա՞ն արդյոք միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված հայ ու ադրբեջանցի հասարակությունները, որ իրենց անառարկելի առաջնորդները ցուցումներ են ստացել նույն կենտրոնից։ Կհամաձայնե՞ն արդյոք ռուս և ուկրաինացի էթնոազգայնականներն այն ենթադրության հետ, որ իրենք միևնույն մեխանիզմի պտուտակներն են և որ պտտվում են ի վնաս իրենց իսկ սիրելի հայրենիքների։ Քիշնևի՝ Ռումինիայի կողմնակից յունիոնիստներն ու Բենդերների ռուսամետ անջատողականները՝ հիմքում ընկա՞ծ է մեկ համերաշխ թիմ, որն աշխատում է գլխավոր մոսկովյան գրասենյակի դրած նպատակի ուղղությամբ։
Կարծում եմ, որ մեծամասնությունն արդար զայրույթով հերքում է այս պարզ ենթադրությունը։ Այդ ի՞նչ եք ասում։ Ո՛չ մի դեպքում։ Չէ՞ որ նրանք անհաշտ թշնամիներ են։
Այնուամենայնիվ, արտադրությունը խիստ կազմակերպված է ու արդյունավետ, տեխնոլոգիական գործընթացը մտածված ու փորձարկված է ամենամանրակրկիտ կերպով, ընկերությունը գործում է ու արտադրում միջազգայնորեն հաստատված ապրանք՝ էթնոտարածքային հակամարտության կարթ։ Այն ունի մեկ սպառող, որը հանդիսանում է միևնույն ժամանակ և՛ պատվիրատուն, և՛ գործարկողը՝ Կրեմլը։
Կարթի արտադրության տեխնոլոգիայում հակամարտության ապագա զոհը նույնքան նշանակություն ունի, որքան՝ դահճի դեր կատարող երկիրը։ Այդ զոհի նախաձեռնությամբ է խորանում հակամարտությունը, զոհն է խախտում «կայունությունն» ու խզում հաստատված կապերը, նա է ոտնձգության ենթարկում իրերի ռացիոնալ դասավորությունը, նա է ձգտում դառնալ «հեղափոխական» տարր։ Անհիմն չխոսենք ու անդրադառնանք մեր ոչ վաղ, փառավորից բավական հեռու անցյալի օրինակներին։ Երբ սկսվեց ԽՍՀՄ ժողովրդավարացման գործընթացն ու բարձրացավ կուսակցական և տնտեսական նոմենկլատուրայի՝ երկրի նկատմամբ ունեցած իշխանության ապամոնտաժման հարցը, Հայաստանի ազգայնական առաջնորդները պահանջեցին ոչ թե իրական ժողովրդավարություն, այլ՝ «վերականգնել պատմական արդարությունն ու Ղարաբաղը վերամիավորել մայր Հայաստանի հետ»։ Նրանք առաջինն անցան էթնիկ զտումների ու հակամարտության կարգավորումը բանակցությունների ու օրենքի ոլորտից տեղափոխեցին մարտի դաշտ՝ հրազենի կիրառմամբ։ «Ազգային վերածնունդի» ընթացքում նրանք ոչնչացրեցին տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերը, սկսեցին փառաբանել նացիստական կոլաբորացիոնիստներին՝ ի հեճուկս իրենց «եռանդուն բոլշևիկների»։ Հենց այդ «հակաիմպերիալիստական շարժման» արդյունքում էլ ծնվեց Ղարաբաղյան հակամարտության կարթը, որով Հայաստանը կախվեց Կրեմլի պատից ու արժանացավ միութենական խորհրդային հանրապետությունից «Հարավային Կովկասում Ռուսաստանի ֆորպոստի» վերածվելու պատվին։
Ադրբեջանում կարթի արտադրության իրենց ազգային բաժինն իրականացրել են պանթյուրքիստական ազգայնականները։ Ասես կրկնօրինակելով իրենց մոլդովացի, վրացի, աբխազ ու հայ գործընկերներին՝ նրանք ադրբեջաներեն լեզուն վերանվանեցին թուրքերենի, փորձեցին երկու հարյուրամյակների ընթացքում հաստատված իրական աշխարհաքաղաքական տարածությունից միանգամից ցատկել դեպի առասպելական «թյուրքական» աշխարհ, սկսեցին մերժել գոյություն ունեցող ողջ մշակույթն ու անգամ տնտեսությունը։ Նացիստական կոլաբորացիոնիստների վերածված ադրբեջանցի ռազմագերիներն ու էմիգրանտները կանգնեցվեցին բոլշևիզմի դեմ պայքարողների պատվանդանին։ Ազգային փոքրամասնություններին սկսեցին վերաբերվել որպես երկրորդ կարգի մարդկանց, ի պատասխան բարձրացավ այս անգամ արդեն փոքրաթիվ էթնոսների «ինքնագիտակցության վերածնունդի» ալիքը, որն էլ իր տրամաբանական անցումն իրականացրեց «ազգային-ազատագրական պայքարի» փուլին: Բնականաբար, «վիրավորված փոքրերին» սկսեց պաշտպանել ու խնամել Ռուսաստանը։ Այն նրանց վերցրեց իր քաղաքական ու ռազմական խնամակալության տակ։ Բայց Ադրբեջանի նկատմամբ քաղաքական «հաղթանակի» կարողացավ հասնել միայն Հայաստանի ու հայ անջատողականների համար, ու սկսեց Ադրբեջանից պահանջել «ուղիղ բանակցություններ վարել» Լեռնային Ղարաբաղում իր խնամարկյալների հետ։
Մոլդովայի ազգայնականները պահանջում էին շուտափույթ միավորվել Ռումինիայի հետ, մոլդովերեն լեզուն հայտարարել ռումիներեն, ձգտում էին արագ խզել բոլոր կապերը մետրոպոլիայի հետ՝ հաշվի չառնելով ժողովրդի կյանքի տնտեսական, մշակութային, հաղորդակցական ու մարդկային կողմերը։ Ընդունվում էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի քաղաքականություն։ Նշանակություն չունի, որ խտրականության իրականացմանը գործը չհասավ, ավելի ճիշտ՝ չհասցրեց հասնել։ Ռումինիայի հետ միավորման ուղղության ընդունումից հետո, Ռուսաստանն արագ միջամտեց, ու իսկապես խտրական վերաբերմունքի արժանացող կողմը դարձան, այսպես կոչված, «տիտղոսակիր» ազգի ներկայացուցիչները։ Բայց գաղափարական տարածությունում այդ նույն հռչակված մտադրություններն ամրապնդվեցին ու դարձան արդեն արտադրված ու գործի դրված կարթի անբաժան մասը, ինչպես այն, որ ուռա֊հայրենասերները դիմեցին բռնության, զենք վերցրեցին ու թափեցին խաղաղ բնակիչների արյունը։ Թե ինչքան արյուն թափեցին «խաղաղ բնակիչներն» ու նրանց պաշտպանները, այդ մասին ռուսաստանյան քարոզչությունը համեստորեն լռում է։
Վրաստանում հեծանիվ չհայտնագործեցին ու բառացիորեն կրկնօրինակեցին, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի գլխավոր գրասենյակից ուղարկված մոդելը։ Իրենց դերը փայլուն կերպով կատարեցին աբխազ ու հարավօսեթացի ազգայնականները, որոնք կայսրություններից ամենամարդասիրականի ամուր աջակցությամբ բարձրացրեցին սարսափելի վրացական կայսրության դեմ պայքարի սուրբ դրոշը։ Վրացի ազգայնականները ևս իրենց բաժինը գերազանց կատարեցին։ Նրանք ազգային փոքրամասնությունների մի մասին կոչեցին «եկվորներ» ու քաղաքավարի կերպով խնդրեցին վերադառնալ իրենց պատմական հայրենիքներ, մյուս մասին մերժեցին քաղաքական իրավունքներ տրամադրել ու ընդհանրապես հրաժարվեցին երկխոսությունից՝ նախընտրելով զենքը։ Սրտացավ Ռուսաստանը, բնականաբար, ստիպված եղավ միջամտել ու պաշտպանել ազգային փոքրամասնությունների «վիրավորված» ներկայացուցիչներին։ Պաշտպանության ընթացքում հսկայական վնաս հասցվեց թե՛ պաշտպանյալներին, թե՛ նրանց, ումից ռուսաստանյան բանակն իրենց պաշտպանում էր։ Ու երբեմնի «բարգավաճող հանգստյան ու առողջարանային կենտրոնի» ավերակների վրա ստորագրվեցին անկախ Վրաստանի համար նվաստացուցիչ համաձայնագրեր, որոնց իրականացման վերահսկողությունն իր վրա կրկին վերցրեց խաղաղասեր Ռուսաստանը։ Ռուսաստանի խամաճիկների ու Վրաստանի կառավարության միջև ուղիղ «խաղաղ բանակցություններ» նախաձեռնվեցին, որոնց ընթացքում անջատողականների առաջնորդները վրացի դիվանագետների հետ իրենց պահում էին ինչպես հռոմեացի սենատորները՝ կարթագենցի ռազմագերիների։ Իսկ Ռուսաստանն իր պաշտպանյալներին իբր «համոզում էր» Վրաստանի հանդեպ ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել։ Արդյունքում, Վրաստանի համբերությունը սպառվեց, ինչը երկրի համար շրջվեց արտադրության հաջորդ փուլով՝ «08.08.08» գաղտնանվամբ։
Ուկրաինայի իրադարձություններն ապացուցեցին «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ ոչինչ չի կարելի սովորել» հումորային արտահայտության ճշմարտացիությունը։ Ուկրաինացի մտածողների ու քաղաքական գործիչների առջև փռված էին քարտեզներ ու գծագրեր չորս վառ օրինակների, թե ինչպես Ռուսաստանը Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում վերահսկվող հակամարտությունների միջոցով Կրեմլի պատից է կախել չորս ենթադրաբար անկախ պետություններ՝ Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինքնապաշտպանության տարրական զգացողության առկայության դեպքում, կարելի էր հեշտությամբ խուսափել կարթի արտադրամաս դառնալու ու դրա միջոցով Կրեմլի պատից կախվելու տխուր ճակատագրից։ Հաշվի առնելով Ուկրաինայի հասարակական գիտակցության, ինչպես թվում էր, առավել բարձր մակարդակը, կարելի էր հույս ունենալ, որ այդ պարզունակ գծագիրը Ուկրաինայում չէր աշխատի։
Ավաղ։ Կրկին առաջնաբեմ դուրս թռան ծաղրական էթնիկ ազգայնականները։ Ամբոխը կրկին լսեց քաղաքական արկածախնդիրների բուռն ելույթները, որոնք քաղաքական տգետներին ներկայացնում էին ապագա եվրոպական կաթի գետերի ու ամերիկյան մեղրի ափերի կախարդական պատկերները, ուր Մայդանի առաջնորդները խոստանում էին Ուկրաինան տանել մեկ հայրենասիրական թռիչքով։ Ազգային փոքրամասնությունը կրկին դարձավ ճնշումների ու նվաստացման առարկա։ Ընդ որում, զարմանալիորեն մոռացվեց, որ այդ նույն ազգային փոքրամասնությունը հարևան Ռուսաստանում տիտղոսակիր ազգ է։
Տեղի ունեցավ նույն բանը՝ ըստ գծագրի։ Նացիստական կոլաբորացիոնիստները հռչակվեցին ազգային հերոսներ։ Կենտրոնական իշխանությունը ցնցեցին այն աստիճանի, որ այն ընկավ օտարերկրա միջնորդների ոտքերի տակ, որոնց թվին համեստորեն ու անմեղորեն միացավ Ռուսաստանը։
Երբ արթնացան ու հետքայլ արեցին, արդեն ուշ էր։ Ռուսաստանը գրավել էր Ղրիմը, պատերազմի օջախ վառել երկրի արևելքում։ Պատերազմի մողոքը սկսեց անողոքաբար հոշոտել իր զոհերին։ Ուկրաինայի համար կարթի արտադրությունը հաջողությամբ ավարտվեց ռուսաստանյան հատուկ ծառայությունների ու ուկրաինացի էթնիկ ազգայնականների համատեղ ուժերով։
Ի՞նչ է սպասում Ուկրաինային։ Մոլդովայի, Վրաստանի ու Ադրբեջանի ճակատագի՞րը։ Այն ստիպվա՞ծ կլինի Ռուսաստանի պահանջով անվերջ «բանակցություններ» վարել Ռուսաստանի խամաճիկների ու «ֆորպոստների» հետ։ Մինսկի խմբի տեսակի կամ «2+5+2 ֆորմատով» հերթական «ժամանակավոր» հավերժական դիվանագիտական ենթակառուցվածքի ստեղծո՞ւմ։
«Հետխորհրդային տարածքում էթնոտարածքային հակամարտությունների տիպաբանության» նման երևույթի հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ է պարզել ևս մեկ հարց։ Այդ էթնիկ ազգայնականներն ու իրենց պետությունների հիմքերը ցնցող հեղափոխականները, որոնք «հիմա ու անմիջապես» բարձրագույն պետական պաշտոնների քաղց ունեն, դրանք ովքե՞ր են։ Արտահայտվելով 1916 թվականի նոյեմբերի 1֊ին Պետական Դումայում պատգամավոր Պ․Ն․ Միլյուկովի հնչեցրած խոսքերով՝ «Պարոնայք, դա դավաճանությո՞ւն է։ Թե՞ հիմարություն»։
Ի․Վ․ Ստալինն այդ նույն հարցը անպետք խորհրդային ու կուսակցական աշխատողներին ուղղել է ավելի կոպիտ ու պարզ ձևակերպմամբ՝ «Դու հիմա՞ր ես։ Թե՞ թշնամի»։