Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի կենտրոնական հրապարակում կիրակի՝ սեպտեմբերի 13֊ին, անցկացված հերթական հակակառավարական հավաքը Մոլդովայի քաղաքացիներին կոչ է արել համընդհանուր գործադուլ սկսել։ Հավաքը մեծությամբ երկրորդն էր վերջին ամսվա ընթացքում․ միայն Ոստիկանության տվյալներով, մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։ Նախորդ կիրակի, երբ հրապարակում մոտ հարյուր հազար մարդիկ էր հավաքվել, այստեղ կառուցվել էր վրանային քաղաք, որի բնակիչներին նախօրեին միացել են ցուցարարներ ամբողջ երկրից։ Նրանք դժգոհ են կտրուկ գնաճից, որի պատճառը, ըստ ցուցարարների, պետական բյուջեից շուրջ մեկ միլիարդ դոլարի չափով յուրացումներն են։
Ցուցարարների հիմնական պահանջներն են երկրի նախագահ Նիկոլայե Տիմոֆտիի ու խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուի հրաժարականը, ուղղակի նախագահական ընտրությունների անցկացումը (երկրի օրենսդրության համաձայն՝ երկրի ղեկավարին ընտրում են պատգամավորները), ազգային վստահության խորհրդարանի ստեղծում, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպի 2016 թվականի մարտից ոչ ուշ, օլիգարխների՝ իշխանությունից հեռացում, գարնանը անհետացած 1 միլիարդ դոլարի վերադարձ բյուջե։
NewsMaker֊ի փոխանցմամբ, հավաքի ամբիոնից հայտարարվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նմատակով նոր քաղաքական կուսակցության ձևավորման անհրաժեշտության մասին։ Զանգվածային հավաքաների կազմակերպիչ «Արժանապատվություն և ճշմարտություն» քաղաքացիական պլատֆորմի առաջնորդներից մեկը՝ Վալերի Նեստասեն, հայտարարել է, որ ցուցարարները պետք է ընտրություններին իրենց թեկնածուին ներկայացնեն։
Բացի դրանից, կիրակի երեկոյան ընդդիմադիր քաղաքում իրենց վրանն են հաստատել Մոլդովայի՝ Ռումինիային միանալու կողմնակիցները։ Նույն օրն ավելի վաղ «Արժանապատվության և ճշմարտության» կողմնակիցների ու յունիոնիստների միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում միավորման կողմնակիցներին վռնդել են հրապարակից՝ հիմնավորելով, որ հավաքն «անկուսակցական» է։ Ավելի ուշ, սակայն, նրանց թույլատրել են վրան հիմնել՝ դրանում որևէ խորհրդանիշների ու տարբերակիչ նշանների բացակայության պայմանով։
Նախորդ կիրակի տեղի ունեցած հավաքը վերջին 25 տարվա ընացքում Քիշնևում անցկացված խոշորագույն ակցիան էր, հայտնում է NewsMaker֊ը։