Home / Բանակ / Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են ձեռք բերել անկախություն՝ Ռուսաստանին միանալու միջոցով, հայտնել է չճանաչված երկրի ԱԳ նախարար Վիտալի Իգնատևը РИА Новости-ի հետ հարցազրույցում։ 

«Մերձդնեստրի վեկտորը մնացել է անփոփոխ հանրապետության գոյության բոլոր տարիների ընթացքում, ինչն արտացոլված է 2006 թվականի սեպտեմբերի 17-ի հանրաքվեի արդյունքներում, որտեղ հստակ նշված է՝ անկախություն հետագայում Ռուսաստանի Դաշնությանը ազատ անդամակցությամբ: Երկրի անկախությունը բացարձակ առաջնահերթություն է»,- ասել է Իգնատևը։

Նրա խոսքերով՝ հանրապետության ինքնիշխանության պաշտպանության ու լայն ճանաչման հայեցակարգի միջազգային իրավական փաստարկները վաղուց են ձևավորվել, և «դժվար թե որևէ մեկը կարողանա վիճարկել դրանք»։

«Մերձդնեստրը ի վնաս երկրի կես միլիոն ժողովրդի ոչ մի որոշում չի կայացնելու, գործելու է պրագմատիկ ու ազնիվ»,- ընդգծել է արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլին Ռուսաստանի Զինված ուժերի Կենտրոնական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը հայտարարեց, թե Հարավային Ուկրաինայի գրավումը «ևս մեկ ելք կապահովի դեպի Մերձդնեստր, որտեղ ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվում»։

Կիևում կրած պարտությունից հետո Ռուսաստանի նպատակը դարձավ՝ հաստատել լիակատար վերահսկողություն Դոնբասի և հարավային Ուկրաինայի վրա՝ դեպի բռնակցված Ղրիմ ցամաքային միջանցք բացելու համար, մուտք ունենալ դեպի Մերձդնեստր և ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա։ Ռուսական ուժերը պարբերաբար գնդակոծում են Օդեսայի մարզը, որը սահմանակցում է Մերձդնեստրին։ 

Մերձդնեստրի տարածքում 1995թ․-ից տեղակայված է շուրջ 1700 հոգանոց ռուսական խաղապահ առաքելության խմբավորումը, որի գլխավոր առաքելությունը, ըստ Ռուսաստանի, սառեցված հակամարտության գոտում կայունության պահպանումն է։ Մոլդովայի իշխանությունները բազմիցս պահանջել են դուրս բերել ռուսական զորամիավորումները Մերձդնեստրի տարածքից և համարում են դա երկրի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներից մեկը։

Մերձդնեստրի կոնֆլիկտը սկսվել է դեռևս 1992թ․-ին։ Օգոստոսյան հեղաշրջումը և ԽՍՀՄ փլուզումը հանգեցրին Մոլդովայի և Մերձդնեստրի անկախության հռչակմանը։ Մոլդովական ու մերձդնեստրյան (ԽՍՀՄ-ի փլուզումը չճանաչող) զորքերը պատերազմ սկսեցին Մերձդնեստրի տարածքում։ Ռուսաստանի Դաշնությունը երաշխավոր կանգնեց երկու երկրների միջև ու կնքվեց զինադադար, հակամարտությունը «սառեցվեց», ինչից հետո ռուսական խաղապահ զորքեր տեղակայվեցին Մերձդնեստրում։ 

Համաձայն Մոլդովայի Սահմանադրության Մերձդնեստրի տարածքը մտնում է Մոլդովայի կազմի մեջ որպես Մերձդնեստր հատուկ կարգավիճակով ինքնավար տարածքային կազմավորում, չնայած որ փաստացիորեն պետությունը չի գտնվում Մոլդովայի վերահսկման տակ (մի քանի գյուղերի բացառությամբ)։ Սահմանակցում է Արևելյան Մոլդովային ու Ուկրաինային։ 

Մերձդնեստրը ճանաչվել է միայն երեք այլ չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների՝ Աբխազիայի, Ղարաբաղի ու Հարավային Օսեթիայի կողմից։