Մոլդովայում կիրակի՝ նոյեմբերի 13֊ին, կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրազանգվածի 53,33 տոկոսը՝ ավելի քան 1,6 միլիոն մարդ, հայտնել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նախնական արդյունքներով՝ նախագահի պաշտոնում ընտրվել է Սոցիալիստական կուսակցության ռուսամետ առաջնորդ Իգոր Դոդոնը, ով հավաքել է ձայների 52,47 տոկոսը։ Կրթության նախկին նախարար, եվրոպամետ PAS (Partidul «Actiunea si solidaritatea» ՝ «Գործողություն և համերաշխություն») կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն արժանացել է ձայների 47,53 տոկոսին։ Ընտրությունների վերջնական արդյունքների մասին կհայտարարվի նոյեմբերի 18֊ին։
Ընտրությունների՝ հոկտեմբերի 30֊ին կայացած առաջին փուլին մասնակցել էլ ինը թեկնածու․ այն ժամանակ Դոդոնը հավաքել էր ձայների գրեթե 48 տոկոսը, իսկ Սանդուն՝ ավելի քան 38֊ը։ Դոդոնը, ով 2008֊09թթ․ զբաղեցրել է Մոլդովայի փոխվարչապետի պաշտոնը, խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում վերականգնել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Մայա Սանդուն, իր հերթին, հանդես է գալիս Ռումինիայի, Ուկրաինայի ու արևմտյան պետությունների հետ կապերի ամրապնդման օգտին՝ Մոսկվայի հետ հարթ հարաբերություններ պահպանելուն զուգահեռ։
Արտասահմանում բնակվող Մոլդովայի քաղաքացիներն ընտրություններին ռեկորդային ակտիվություն են ցուցաբերել․ 100 ընտրատեղամասերում քվեարկել է ավելի քան 130 հազար մարդ՝ ձայների կրկնակի աճ առաջին փուլի համեմատ։
Ընտրություններից հետո, Մայա Սանդուն հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների մասին՝ մասնավորապես ընդգծելով արտասահմանում քվեաթերթիկների ոչ բավարար քանակը։ «Իշխանությունները խախտել են Մոլդովայի քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունքը»,֊ ասել է թեկնածուն՝ նշելով, որ խախտումներ են տեղի ունեցել նաև երկրի ներսում․ «Մերձդնեստրի հազարավոր բնակիչներ, ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառմամբ, կազմակերպված կերպով բերվել են ընտրատեղամասեր։ Մենք այս կապակցությամբ դիմել ենք ԿԸՀ․ բոլոր խախտումներն արձանագրված են»։
Տեղական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, այնուամենայնիվ, նոյեմբերի 13֊ին քննարկման գլխավոր թեման արտասահմանում քվեաթերթիկների պակասությունն էր․ նման իրավիճակ է նկատվել Բոլոնյայում, Պարմայում, Փարիզում, Մոսկվայում ու Բուխարեստում։ ԿԸՀ֊ում, որպես արդարացում, հայտարարել են, որ ըստ օրենքի, յուրաքանչյուր ընտրատեղամասի պետք է հատկացվի ոչ ավել, քան 3 հազար քվեաթերթիկ։ Հանձնաժողովն իր հասցեին հնչող մեղադրանքներն անվանել է անհիմն՝ պնդելով, որ ընտրատեղամասերի թիվը որոշում է կառավարությունը, այլ ոչ՝ ԿԸՀ֊ն։
ԿԸՀ֊ի անդամներին, սակայն, չի հաջողվել հանդարտեցնել վրդովված քաղաքացիներին, ինչի արդյունքում տարբեր երկրներում բնակվող մոլդովացիների բողոքի ցույցեր են սկսել՝ վանկարկելով «մենք ուզում ենք քվեարկել» ու պահանջելով լուծել քվեաթերթիկների պակասի խնդիրը։
Իգոր Դոդոնը, իր հերթին, կոչ է արել ընտրություններից հետո երկրում իրավիճակի ապակայունացում թույլ չտալ․ «Ընտրություններն ավարտված են, քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են։ Պետք չէ կրքերը թեժացնել։ Մեր խնդիրը հասարակության կոնսոլիդացումն է․ անկախ արդյունքներից՝ պետք է մարդկանց հանդարտվելու կոչ անել․ հասարակությունում պետք է կայունություն տիրի։ Պարտված թեկնածուն պետք է իր հանգստացնի կողմնակիցներին»,֊ Դոդոնին է մեջբերում «Ինտերֆաքս»֊ը։