Ղարաբաղի հայերը «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»՝ կրկին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Պետական հեռուստատեսությանն այսօր տված հարցազրույցում Իլհամ Ալիևը սպառնացել է՝ խաղաղության պայմանագրին Հայաստանն ուզած-չուզած համաձայնելու է․ «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումնեերում տարբեր վայրիվերումներ են եղել։ Այժմ մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետև այլ տարբերակ չկա»։
Հաշտության համաձայնագիրը ստորագրելու անհրաժեշտության մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը հատուկ շեշտել է, որ Բաքուն հզորացնում է բանակը և «պատրաստ է ցանկացած իրավիճակի»։ 44-օրյա պատերազմը նա ներկայացրել է որպես «մենք ջախջախեցինք թշնամու գլուխը», հետագա էսկալացիաների կոնտեքստում էլ հայտարարել, թե Ադրբեջանի դրոշն այժմ «ծածանվում է նաև Զանգեզուրի սարերին» և այդ մասին ոչ ոք «թող չմոռանա»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից Ալիևը պահանջել է խմբագրել «Արցախը Հայաստան է և վերջ» իր մինչպատերազմական հայտարարությունը և հստակ հայտարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ «Եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»:
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ նրա, Երևանն արդեն իսկ ճանաչել է․ Պրահայում և Սոչիում 2022 թվականին տեղի ունեցած հանդիպումներին հայտարարություններ են ստորագրվել, որոնցով կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով խորհրդային հանրապետությունների սահմանները ճանաչվել են նորանկախ հանրապետությունների սահմաններ։
Այս կոնտեքստում Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է», որը Բաքուն չի պատրաստվում քննարկել ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ այլ երկրի հետ։
Մինչ Երևանը, Ստեփանակերտը և արևմտյան որոշ երկրներ հայտարարում են խնդրի կարգավորման (Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ավտնագության շուրջ բանակցությունների համար) միջազգային տեսանելի մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին, Ալիևը սպառնում է՝ Ղարաբաղի հայերը «կամ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ բնակության այլ վայր փնտրեն»։
«Այստեղ ազատություն է, առաջարկվում են բոլոր դեմոկրատական հիմքերը։ Հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա», – հավաստիացրել է տարածաշրջանի ամենաավտորիտար երկրի ղեկավարը։
Համանման հայտարարություն Ալիևն արել էր նաև այս տարվա հունվարին, Երևանը այն գնահատել էր որպես էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության ուղիղ և հրապարակային ապացույց։
Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածը բլոկադայի ենթարկելուց հետո (Ղարաբաղի շրջափակումն արդեն ամիսներ է տևում) Բաքուն ուլտիմատիվ կերպով խոսում էր «ինտեգրացիոն քաղաքականության» մասին։ Ալիևն այսօր դրան նույնիսկ չի անդրադարձել, փոխարենը հայտարարել է, թե «անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրել Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալ»․ «Մենք ….ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի [Ստեփանակերտ] կամ այլ տեղ»։
Ղարաբաղի իշխանություններին նա «ծաղրածուներ» և «տզրոիկներ» է անվանել և հայտարարել, իբր Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, ուղղակի «անջատողականները» թույլ չեն տալիս։