Խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանն իր բոլոր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրի, որ Հայաստանի Հանրապետություն է ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների ու որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն ու պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել», – ասել է Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում, ինչն արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով:
Իսկ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, Փաշինյանը վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանն ինքն է առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:
«Ա», «Բ», «Ա+1», «Ա-1»
Խնդիրը, ըստ Փաշինյանի, այն է, որ սովորաբար անդրադարձ է կատարվել ու կատարվում ԼՂ ապագային, բայց կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի ԼՂ-ի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք-կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի՝ պայմանականորեն «Ա» կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել «Ա» կարգավիճակը վերանայել, դարձնել «Բ» կարգավիճակ, կամ վերանայել ու չփոխել, կամ վերանայել ու դարձնել «Ա+1», «Ա-1» կարգավիճակ», – ընդգծել է վարչապետը:
Առանց ֆիքսելու «Ա» կարգավիճակը, ըստ Փաշինյանի, ապագա որևէ կարգավիճակի՝ ինքնորոշման, մասին խոսք լինել չի կարող:
«Եթե ինքնորոշման հարց եք բարձրացնում, նշանակում է՝ ինչ-որ մի բանի մաս ես: Եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես, կամ ինքնորոշման կարիք չունես: Հիմա մենք ինքներս սեփական ձեռքերով, ձեզ հայտնի ժամանակ, բանակցային, քաղաքական աշխարհաքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, «ցեմենտել ենք», բայց դրանից հետո ասել ենք՝ ԼՂ-ի համար ցանկանում ենք «Բ» կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել «Ա» կարգավիճակը: Սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին», – հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ մինչև այդ փաստի հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չի լինելու:
Հարևանային հարաբերություններ
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն է տեսնում․ ըստ նրա՝ հնարավորությունը մեծացել է այն բանից հետո, երբ Հայաստանը մարդկային կերպով արձագանքեց Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին:
«Արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չէին, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: Հայաստանի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների ու աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի և հիմք կստեղծի հարևանային բնականոն հարաբերությունների զարգացման համար», – ասել է վարչապետը:
Նա այս առումով կարևորել է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի: Ըստ Փաշինյանի՝ դա կարող է նաև տեղի չունենալ, եթե հումանիտար և հարևանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն և քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա դրանց ազդեցությունն ի չիք դառնա:
Հայաստանն ու Վրաստանն էլ կան
Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը, ըստ Փաշինյանի, կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ, եթե հնարավոր է, ապա վերցնել ամեն ինչ: Եվ նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե Ռուսաստանի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը և ռիսկեր, և հնարավորություններ ունի», – ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքերով՝ ռիսկերը տեսանելի են գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունն այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մեծ խաչմերուկ է: Եվ դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը:
«Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով», – ընդգծել է Փաշինյանը: