Մալիշկա գյուղում 47-ամյա մի կին անձրևանոց է նետել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ կինը ձերբակալվել է՝ հայտնում է Քննչական կոմիտեն։
«Կինը չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ», – ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելը):
Կինը Մալիշկայում վարձով է ապրում՝ News.am-ի հետ զրույցում ասել է գյուղապետ Գարիկ Նազարյանը։ Արդյոք նա կալանավորվել է, թե ոչ՝ ՔԿ-ն դեռ չի հայտնում։
Նիկոլ Փաշինյանին հասցված (հոգեկան ու ֆիզիկական) վնասների մասին հրապարակայնորեն դեռ չեն խոսել ո՛չ պատասխանատու գերատեսչությունները, ո՛չ ինքը՝ վարչապետը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր վաղ առավոտից Վայոց Ձորի մարզում է։ Դեպքից մի քանի ժամ հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ «Այցելեցի Եղեգնաձորի Մալիշկա բնակավայր, որտեղ նախորդ աշնանը ասֆալտապատվել է թիվ 1 միջնակարգ դպրոց տանող 1 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը»: