Դասալքության համար Ռուսաստանում հետախուզվող 23-ամյա տղամարդը մի քանի ժամյա արգելանքից հետո ազատ է արձակվել՝ փոխանցում են Հայաստանի գլխավոր դատախազությունից և հավելում՝ տղամարդուն Ռուսաստան արտահանձնելու հարցը կարող է քննարկվել հանձնելու մասին միջնորդություն ստանալու և բավարար հիմքերի դեպքում:
Երևանում ձերբակալված ռուսաստանցու մասին կիրակի օրը հայտնել էր Հայաստանի ոստիկանությունը․ հաղորդվում էր, որ ձերբակալվածը «գտնվում է զինվորական հսկողության ներքո», նրան հայտնաբերելու տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնած Ռուսաստանին։
կարելի է չհանձնել
Հայաստանը կարող է մերժել Ռուսաստանի քաղաքացուն արտահանձնելու պահանջը, եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քաղաքական հետապնդման վտանգի հիմքով արգելի արտահանձնումը՝ «Կավկազսկի ուզելին» ասել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Արտահանձնումը կարգավորվում է քրեական գործերով իրավական փոխգործակցության մասին երկկողմ և շրջանակային համաձայնագրերով։ Հայաստանի դեպքում հատկապես ակտուալ է Մինսկի կոնվենցիան և արտահանձնման մասին Եվրոպական կոնվենցիան։
1993 թվականի Մինսկի կոնվենցիան ստորագրվել է Մինսկի համաձայնագրերի շրջանակներում, որոնցով ամրագրվում էին նախկին ԽՍՀՄ երկրների միջև իրավական հարաբերությունները։
Արտահանձնումների մասին Եվրոպական կոնվենցիան բազմակողմ պայմանագիր է, մշակվել է 1957 թվականին, գործում է Եվրոպական խորհրդի անդամ պետությունների միջև։
«Երբ հետախուզում է հայտարարված, մարդը ձերբակալված է, սկսվում է արտահանձնման գործընթացը։ 40 օրվա ընթացքում կալանավորումը պահանջած երկիրը ուղարկում է փաստաթղթերը, այդ թվում՝ գրավոր երաշխիքներ, որ արտահանձնումից հետո անձը խոշտանգումների չի ենթարկվի։ Երբ փաստաթղթերը ստացված են, գործը փոխանցվում է դատարան՝ արտահանձնման իրավաչափությունը պարզելու համար։ Եթե այս ընթացքում ՄԻԵԴ համապատասխան որոշում է կայացնում, դատարանը մերժում է արտահանձնումը», – մանրամասնել է իրավաբանը։
Ղազարյանը հիշեցրել է ՄԻԵԴ համանման որոշման մասին, որով արգելվել էր Հայաստանից Թուրքմենստանի քաղաքացու արտահանձնումը։
«ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ հոդվածի հիմքով դատարանը կարող է արգելել արտահանձնումը քաղաքական հետապնդման վտանգի հիմքով։
Ամեն բան կախված է քրեական գործի նյութերից, բայց Ռուսաստանի գործոնը, ինչպես նաև «հատուկ ռազմական օպերացիային» մասնակցելուց հրաժարվելու փաստն այս պարագայում ձերբակալվածի օգտին են․ ՄԻԵԴ-ը կարող է որոշել դադարեցնել արտահանձնման գործընթացը
ՄԻԵԴ այսպիսի որոշման առկայությունը թույլ է տալիս մեղադրյալին նաև քաղաքական ապաստան հայցել», – նշել է փաստաբանը։
Ըստ նրա, ամեն տարի արտահանձնման մասին հարյուր
չմոռանանք՝ ով է ՌԴ ՀՀ-ում
Երևանը հետևում է միջազգային պարտավորություններին, որոնցով կարգավորվում է արտահանձնման գործընթացը՝ նույն աղբյուրի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը․ «Եթե կա համապատասխան հարցում, Հայաստանը պարտավոր է ձերբակալել։ Մնացածը կախված է պաշտպանական կողմի գործողություններից, հանցագործության բնույթից, ծանրությունից և մի շարք այլ իրավական հանգամանքներից։ Այստեղ չկա ոչինչ, որ պետք է վրդովվեցնի Ռուսաստանին»։
Քաղաքական վերլուծաբան Նաիրա Հայրումյանն էլ հիշեցրել է՝
Հայաստանի օդային դարպասները պաշտպանվում են ռուս սահմանապահների կողմից, և բացառված չէ, որ 23-ամյա ռուսաստանցու ձերբակալությունը հենց նրանք են ուղղորդել։
հայաստանցի հանցագործները Մոսկվայում են
Չնայած իրավական փոխգործակցության մասին երկկողմ համաձայնագրերի, Մոսկվան իր տարածքում է պահում հայաստանցի իրական հանցագործներին՝ «Ազատության» հետ զրույցում հիշեցրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Քրեական գործերով անցնող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, ԴԱՀԿ նախկին Ղեկավար Միհրան Պողոսյանին Ռուսաստանը առ այսօր հրաժարվում է արտահանձնել։
Անցած մեկ տարում Սաքունցի ղեկավարած կազմակերպություն (ՀՔԱՎ) է դիմել ավելի քան 5 տասնյակ ռուսաստանցի՝ խնդրելով աջակցել տեղափոխվել այլ՝ առավել ապահով երկրներ։ Այժմ իրավապաշտպանների ուշադրության տակ են երկու քրեական գործով անցնող, հետախուզվող երկու ռուսաստանցի։ Նրանցից մեկը կալանքի տակ է, մյուսը ստորագրություն է տվել երկրից չբացակայելու մասին։
Սաքունցը ընդգծում է՝ Հայաստանում հայտնված ռուսաստանցի ընդդիմադիրները, այդ թվում՝ նրանք, ովքեր հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած ագրեսիային, քաղաքական հետապնդման զոհեր են։ Ըստ իրավապաշտպանի՝ Ռուսաստանում նրանք կարող են խոշտանգումների ենթարկվել, օրինակները շատ են։ Հայաստանը՝ որպես ԵԽ անդամ, այս մասով պարտավորություններ ունի։
Հայաստանում ապրող ռուսաստանցի լրագրող Յան Շենկմանի տվյալներով, դասալքության մեջ մեղադրվող 23-ամյա երիտասարդի ձերբակալությունը առաջին նման դեպքը չէ։ Մինչ այս, ըստ նրա, Հայաստանում դասալքության գործով ևս մեկ ռուսաստանցի տղամարդ է ձերբակալվել։