Home / Ոստիկանություն / Երևանում հակապատերազմական ռուսաստանցի են բռնել

Երևանում հակապատերազմական ռուսաստանցի են բռնել

Երևանի Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Նիկիտա Կամենսկիին, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել՝ Մոսկվայում հակապատերազմական գրաֆիթիներ անելու համար։ Ձերբակալության մասին ОВД-Инфо-ին տեղեկացրել է ինքը՝ Կամենսկին։

2022 թվականին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել վանդալիզմի հոդվածով (Ռուսաստանի քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս)՝ Մոսկվայի «Տիմիրյազևսկայա» մետրոյաի կայանի մոտ հակապատերազմական գրություններ անելու համար։ Այն ժամանակ ռուսաստանցի ուժայինները նրան հարցաքննել էին կասկածյալի կարգավիճակով և արձանագրություն կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի երկու հոդվածներով՝ ռուսական բանակի վարկաբեկում (ՎԻվՕ 20.3.3 հոդված, մաս 1-ին) և մանր խուլիգանություն (ՎԻվՕ 20.1 հոդված, մաս 1-ին)։ Հաջորդ իսկ օրը նրան ազատ էին արձակել, իսկ հուլիսի 12-ին՝ խուզարկություն իրականացրել նրա բնակարանում։

2022-ի դեկտեմբերից Ռուսաստանի ՆԳՆ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայատարարել։ Փետրվարի 28-ին Կամենսկիին բռնել են Երևանի օդանավակայանում․ նա Հայաստան էր ժամանալ Ստամբուլից։ Այս պահին տղամարդը գտնվում է օդանավակայանի սահմանային բաժնում։

ОВД-Инфо-ն նշում է, որ քննությունը փորձել է նրա նկատմամբ հարուցված քրգործի հոդվածը (ՌԴ ՔՕ 214, վանդալիզմ) վերաորակավորել ավելի ծանր՝ 2-րդ մասով (ի տարբերություն 1-ին մասի՝ որպես պատիժ այն կարող է ենթադրել նաև ազատազրկում), բայց առ այժմ նման բան տեղի չի ունեցել։

2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական նեխուժումից հետո, ռուսաստանցիները պարբերաբար դուրս էին գալիս հակապատերազմական ցույցերի կամ քննադատական գրառումներ անում սոցիալական ցանցերում։ Հակապատերազմական գործողությունները կամ հայտարարությունները հիմք են դառնում նաև քրեական հետապնդումների համար։ ОВД-Инфо-ի տվյալներով, նման գործերով է անցնում ավելի քան 450 մարդ։

թարմացում — Ժամեր անց Կամենսկին ստորագրությամբ ազատ է արձակվել՝ տեղեկացրել են Զվարթնոցի հերթապահ մասից։