Փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում ու Ադրբեջանում հիշում են ղարաբաղյան հակամարտության երկու ողբերգությունների զոհերին՝ հայերի ջարդերը Սումգայիթում և ադրբեջանցիների սպանությունները Խոջալիում։ Դեպքերը տեղի են ունեցել գրեթե նույն օրը՝ չորս տարվա տարբերությամբ։ Սումգայիթը՝ հայերի համար, և Խոջալին՝ ադրբեջանցիների համար, վաղուց ձևակերպվել է որպես հակառակորդի դաժանության խորհրդանիշ։
Ամեն տարի Երևանը հարգանքի տուրք է մատուցում Սուբգայիթի կոտորածի, Բաքուն՝ Խոջալիի արյունահեղության զոհերին։ Պաշտոնական հաղորդագրությունները 1988 և 1992 թվականներին տեղի ունեցած ողբերգությունները ավանդապես տեղավորվում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ համատեքստի մեջ՝ արդարություն պահանջելով հակառակորդ կողմից և միջազգային համայնքից։ Սումգայիթի մասին Ադրբեջանի արտգործնախարարությունը չի խոսում, Երևանը չի մեկնբանում Խոջալին։ Սոցցանցերի օգտատերերը վիճում են, թե ով է առաջինը սկսել, ով է կազմակերպել և ով չի պատժել․․․
տե՛ս Ինչպես էին հորինում «Սումգայիթն» ու «Խոջալուն» (2020թ․)
«Տարիների ընթացքում այս իրադարձությունների շուրջ դավադրության տեսությունների մեծ ցանց է հյուսվել։ Եթե այդ տեսությունները համադրենք՝ կստանանք սյուրռեալիստական մի պատկեր, որում հայերը բռնաբարում և սպանում են խաղաղ հայերին, իսկ ադրբեջանցիներն ի պատասխան գնդակահարում են ադրբեջանցի կանանց ու երեխաներին»։
«Ոչ ոք չի ուզում ագրեսորի տպավորություն թողնել, բոլորն էլ նախընտրում են լինել զոհ»։
տե՛ս Կիրովաբադի հայեր. 22 տարի անց (2010թ․)
«Ջարդեր կազմակերպողները հստակ գիտեին հասցեները․․․ Գործում էին հետևյալ սխեմայով՝ մի շրջանի բնակիչները, որպեսզի չհարձակվեն իրենց հարևանների վրա, հարձակվում էին մեկ այլ շրջանի հայերի վրա: Առավել դաժան էին ԵրԱզները»։
«Մի ակնթարթում կորցրեցինք ամեն ինչ: Մեր օջախները հավասարեցրեցին հողին, մեզանից խլեցին հայրենիքը, հարազատների գերեզմանները․․․ Ի տարբերություն բաքվեցիների, թեև նրանք էլ մերոնք են, մենք ավելի մոտ էինք Հայաստանին: Չասենք` ինչպես մեզ այստեղ ընդունեցին…»:
տե՛ս Արյունահեղությունն օգտագործվում է նոր արյունահեղությունն արդարացնելու համար (2011թ․)
«Խոջալուի ադրբեջանցի զոհերը արժանի են հիշատակի և արդարության: Բայց դրան արժանի են նաև հայ զոհերը՝ մանկահասակ երեխաները, որոնք զոհվել են 1991-1992 թվականներին Ստեփանակերտի ռմբակոծություններից, 40-ից ավելի հայ քաղաքացիական անձինք, որոնք ջարդի զոհ են դարձել Մարաղա գյուղում՝ Խոջալուի իրադարձություններից ընդամենը երկու ամիս անց․․․»:
տե՛ս Գուգարքը Սումգայիթից հետո (2015թ․)
«Ով ասես, հրացան ուներ: Ոչ միայն ազգամիջյան, ընդհանրապես բռնությունների թիվն էր աճել: Մի այլ դեպք էլ Շահումյան գյուղում եղավ: Զանգեցին ինձ, որ բնակիչները ոտքերով խփելով մի ադրբեջանցու սարից գլորելով գցում են ներքև: Երբ հասանք, սկսեցինք պաշտպանել այդ մարդուն: Իմ մի կողմից միլիցիան էր, մյուս կողմից՝ ազգային անվտանգությունը, ձախ կողմից ցանկապատ էր։ Ժողովուրդն անցավ այդ կողմը ու մեզ վրա հարձակվեց: Ասում են, որ ուշաթափվել եմ, և ինձ տարել են այդտեղից», – հիշում է Կիրովականի այն ժամանակվա դատախազ Գրիգորի Շահվերդյանը։
տե՛ս Հայ-ադրբեջանական հակամարտության զոհերն ու դահիճները (2014թ․)
«Երբ ես այստեղ համաժողովի էի մասնակցում, երեսիս բղավում էին․ «Դուք զոհին դահիճից չեք տարբերում»։ Իսկ ցրտամահ եղած նորածինը ո՞վ էր՝ զո՞հ, թե՞ դահիճ։ Ասում էին, որ ադրբեջանցիներն իրենց ավելի վատ են պահել։ Բոլորը տարբեր կերպ են վարվել, ու չկա սանդղակ, որով կարելի է չափել»։
«Ինձ այն ժամանակ հարցրեցին՝ արդյոք ամեն ինչ Սումգայիթով կավարտվի։ Ես ասացի՝ ավելի վատ է լինելու»։
տե՛ս Հայաստանցի ու ադրբեջանցի լրագրողները վերջանում են Ղարաբաղի վրա (2011թ․)
«․․․Գործընկերս այն եզրակացությանն եկավ, որ իր համար գլխավոր հակասությունը ընտրությունն է՝ լինել լրագրո՞ղ, թե՞ հայրենասեր, ասել ճշմարտությո՞ւնը, թե՞ ծառայել երկրին: Սկզբի համար փորձեք օգտագործել տեղեկատվության առնվազն երկու աղբյուր և հիմնվել փաստերի վրա՝ միջամտեց ինչ-որ գերազանցիկ»: