Ամեն տարի նոյեմբերի վերջին Կիրովաբադի հայերը հավաքվում են Ծիծեռնակաբերդում տեղադրված խաչքարների մոտ: Հայրենի վայրեր այցելելու իրավունքից զրկված` նրանք գալիս են այստեղ` խաչքարների մոտ` հարգելու իրենց զոհված հարազատների հիշատակը:
Այս անգամ Ադրբեջանի փախստականները, ովքեր նման միջոցառումներին իրենց անվանում են գարդմանցիներ, հավաքվել են դեկտեմբերի 1-ին:
Այս տարի Սումգայիթում, Կիրովաբադում (1988) և Բաքվում (1990) կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակը հարգելու են եկել բավական մեծ թվով մարդիկ: Սակայն կիրովաբադցիների թիվը, նախորդ տարիների համեմատ, զգալի նվազել էր: Շատերը մեկնել են Հայաստանից, ոմանք արդեն կենդանի չեն:
Ելույթ ունեցողների համար պատրաստել էին խոսափող, հրավիրել ԶԼՄ-ներին: Միջոցառմանը բերել էին նաև ուսանողների, որոնց մի մասը, սակայն, դժվարանում էր բացատրել` ինչու է եկել: «Ասել են, որ Կիրովաբադի ու ցեղասպանության վերաբերյալ միջոցառում է», – բացատրել է մանկավարժականի ուսանողը:
«Չգիտեմ, տնօրինությունն ասաց, որ պետք է գնալ: Դասերից ազատել են, սակայն միջոցառմանը գնալ չեն ստիպել», – պատմել է տնտեսագիտական քոլեջի ուսանողը:
Առաջինը ելույթ ունեցավ Տեր Սահակը, ով ժամանակին Կիրովաբադի եկեղեցու հովիվն էր: Տեր Սահակն իր վրդովմունքը հայտնեց այն կապակցությամբ, որ թաթար-մոնղոլները (այսպես է նա անվանում ադրբեջանցիներին) տիրացել են իր հայրենիքին:
Այնուհետև ելույթ ունեցավ Կիրովաբադի ադրբեջանական հատվածի բնակիչ ինժեներ Մելքումովը.
«Եկեղեցին գտնվում էր կամուրջի այն կողմը` քաղաքի հայկական մասի կենտրոնում, որտեղ, թաքնվելով ջարդերից, փախչում էին հայերը: Կազմակերպված խմբերի շարունակական հարձակումները կանխելու համար` կամրջի վրա կանգնեցրել էին սովետական զորքերը, սակայն հարձակումները չէին դադարում: Հայերը հնարավոր միջոցներով կազմակերպում էին ինքնապաշտպանությունը, ավելի ճիշտ` հերթապահությունը. կրակ էին այրում հայկական մասի ողջ տրամագծով:
Զինվում էին բահով, երկաթե ձողերով` ինչ ձեռքի տակ էր ընկնում: Գիշերները զինվորականների հետ միասին գնում էին այն շրջաններ, որտեղից հայերը չէին հասցրել փախչել: Բերում էին մարդկանց, վիրավորների համար եկեղեցուն կից հիվանդասենյակ էին բացել: Եկեղեցու բակում մեծ կաթսաների մեջ բոլորի համար ճաշեր էին պատրաստում:
Բաքվում և Սումգայիթում նման հայկական հատվածներ չեն եղել, հետևաբար` նման ինքնապաշտպանություն այնտեղ կազմակերպել հնարավոր չէր:
Ջարդեր կազմակերպողները հստակ գիտեին հասցեները, զոհերի բնակարանները, անգամ ոչ հայկական մասի: Գործում էին հետևյալ սխեմայով. մի շրջանի բնակիչները, որպեսզի չհարձակվեն իրենց հարևանների վրա, հարձակվում էին մեկ այլ շրջանի հայերի վրա: Առավել դաժան էին «երազները (այսպես են Ադրբեջանում անվանում Երևանից գնացած ադրբեջանցիներին):
Այնուհետև քաղաք մտավ 11-րդ բանակը` Լեբեդի գլխավորությամբ: Հայտարարվել էր պարետային ժամ: Իրավիճակը մի փոքր հանդարտվեց: Կարելի էր վերադառնալ տուն, սակայն մնալու մասին խոսք անգամ լինել չէր կարող: 1989-ից հետո հայերի վրա զանգվածային հարձակումները պարբերաբար կրկնվում էին: Կային դեպքեր, երբ հայերին իրենց տանն էին թաքցնում ադրբեջանցի հարևանները (սեղանի շուրջ հավաքվելիս նրանց կենացը հաճախ խմում են, իսկ ահա նման հավաքներին չեն հիշատակում – խմբ.): Հայերը պետք է լքեին Կիրովաբադը և շրջակայքում գտնվող բնակավայրերը:
Շատերը եկան Հայաստան, որպեսզի հետո մեկնեն Ռուսաստան, ԱՄՆ…»։
Հավաքը շարունակվում էր: Ելույթ ունեցավ նաև 80-ամյա Լյուդվիգ Իվանովիչը, ով, ինչպես երիտասարդ տարիներին, չափազանց խնամված տեսք ուներ: Կիրովաբադի հայտի ռուսական դպրոցի տնօրենին գիտեին բոլորը: Այդ դպրոց իրենց երեխաներին ուղարկում էին անգամ քաղաքի ծայրամասերից` անկախ ազգությունից:
Ադրբեջանի վաստակավոր ուսուցիչ, քաղխորհրդի նախկին պատգամավոր Լյուդվիգ Իվանովիչը խոսեց ռուսերեն: Նա սկսեց խոսել «Ադրբեջան» բառի ծագումնաբանությունից` «Ատրպատական» բառից, այնուհետև պատմեց, որ իր ծննդյան վկայականը լրացված է ֆարսիով: Հանրահավաքի կազմակերպիչ Գրիգորի Օգանեզովը ակնարկեց, որ վերջինս չշեղվի թեմայից:
Լյուդվիգ Իվանովիչը շարունակում էր.
«Մի ակնթարթում կորցրեցինք ամեն ինչ: Մեր օջախները հավասարեցրեցին հողին, մեզանից խլեցին հայրենիքը, հարազատների գերեզմանները: Մեր պատմական հայրենիքը Երևանն է, սակայն մենք ծնվել ենք այնտեղ: Ի տարբերություն բաքվեցիների, թեև նրանք էլ մերոնք են, մենք ավելի մոտ էինք Հայաստանին: Չասենք` ինչպես մեզ այստեղ ընդունեցին… այստեղ չկա տղամարդկային ընկերության գաղափարը… հիանալի մասնագետներին առաջարկում էին աշխատանք, որը, մեղմ ասած, չէր համապատասխանում իրենց որակավորմանը»:
Օգանեզովը կրկին մոտեցավ ելույթ ունեցողին և խնդրեց ավարտել խոսքը:
Հայաստանի ԱԺ պատգամավոր, դաշքեսանցի Սպարտակ Միքայելյանն էլ ելույթ ունեցավ ռազմական հռետորությամբ և առաջարկեց ստեղծել Գարդմանի գունդ, որը կենթարկվի Հայաստանի գլխավոր հրամանատարին և պատրաստ կլինի ազատագրել Գարդմանը:
Ընկեր Ջուլիետան, ով պատմություն էր դասավանդում Կիրովաբադի դպրոցում, իր ելույթում ասաց, որ չի կարող ներել նրանց, ովքեր վտարեցին հայերին. «Այդ վերքերը չեն սպիանում»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հիշեցրեց այսօր Աստանայում մեկնարկած ԵԱՀԿ գագաթաժողովի մասին։ Նա համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղին վերաբերող բանակցություններում քննարկվում է միայն ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Խառատյանն առաջարկեց Ադրբեջանի փախստականների հարցում ընդհանուր մոտեցում ձևավորել, ըստ որի հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, որը հաշվի չի առնում հայ փախստականների իրավունքները, անընդունելի է։ «Միայն այնտեղ է մեր և մեր երեխաների ու թոռների ապագան»,- ամփոփեց Խառատյանը։
Նախ գնացին հեռուստատեսության աշխատակիցները, այնուհետ ուսանողներն ու դպրոցականները։ Կիրովաբադցիները չէին շտապում հեռանալ։ Ինչպես և նախորդ տարիներին, նրանք հավաքվել էին՝ հարազատների հիշատակը հարգելու և մի բաժակ օղու շուրջ անցյալը հիշելու համար։
Հավաքի ժամանակ այդպես էլ չհայտնվեց Ստյոպիկ Եպիսկոպոսյանը՝ կիրովաբադցի հայտնի ինժեները, ով մինչ օրս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին աշխարհի փրկությանը վերաբերող հայտնագործություններ է առաջարկում։ Հայրենակիցների հանդիպումը, հատկապես սեղանի շուրջ, նա երբեք բաց չէր թողնի։ Ուզում եմ հավատալ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ նրա բացակայությունն ուղղակի պատահականություն է։ Այլապես տպավորություն է ստեղծվում, թե նրան չեն հրավիրել, որպեսզի չփչացնեն հերթական հակաադրբեջանական քարոզչական ակցիան, որն ուղղված է երկու հասարակությունների միջև թշնամության արմատացմանն ու հիմնահարցի խաղաղ կարգավորման երկարաձգմանը, ինչն արդեն իսկ միլիոնավոր մարդկանց ողբերգության, կոտրված ճակատագրերի և կյանքերի պատճառ է դարձել։