Խոջալուի հարցում մինչ օրս գրանցված անհաջողությունները Հայաստանի տեղեկատվական քարոզչամեքենայի թերացումն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Խոջալուի դեպքերի մասին հասարակության տեղեկացված լինելու, ներգրավվածության ու դերի վերաբերյալ, այս մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Ադրբեջանը ջանքեր չի խնայում կեղծ տեղեկետվություն տարածելու հարցում, իսկ չպաշտպանվելու դեպքում ճշմարտությունը պարտվում է: Մենք շատ գործեր ենք արել Խոջալուի հարցում, սակայն դրան թափ չենք հաղորդել, լայն քարոզչության նյութ չի դարձել, ու մենք շատ անելիքներ ունենք: Խոջալուի համար պետք է դատի տանք Ադրբեջանին, դա կլինի հնչեղությունը: Խոջալուի հարցում մենք պետք է ամբողջ համացանցում հաղթենք, կարողանանք լրագրողական հնարքներ կիրառել այդ գործն հաջողությամբ ավարտելու համար», – ասել է Մանասյանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե 1992 թվականին հայերը ցեղասպանություն են իրականացրել Խոջալուի գրավման ժամանակ` սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Ղարաբաղյան կողմը հերքում է ադրբեջանական վարկածը` նշելով, որ պատերազմական պայմաններում խաղաղ բնակչությանը Խոջալուն լքելու համար միջանցք է տրամադրվել, իսկ Խոջալուի սպանությունները կազմակերպել է ադրեբջանական կողմը` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Մութալիբովի հրաժարականին հասնելու համար:
Մանասյանը նաև կարծիք է հայտնել, որ հայ հասարակությունն ամբողջովին ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության մեջ: Ըստ նրա՝ հաստատված խաղաղությունից հետո ամեն ինչ փոխվել է, զգալ է տվել ազգային մենթալիտետի մի դրսևորում:
«Դա այն է, որ մենք պատերազմի դաշտում առյուծ ենք, խաղաղությունից հետո մեզ թվում է, թե պատերազմը վերջացել է: Ինչքան դիրքեր տանուլ ենք տվել խաղաղ պայմաններում: Նոր ենք հասկանում, որ տեղեկատվական պատերազմ կա, որում այնքան հետ ենք գնացել, որովհետև դրան նշանակություն չտվեցինք: Այն, որ հետ ենք մնում այդ քարոզչության մեջ, ակնհայտ է», – ասել է Մանասյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը չի համաձայնել Մանասյանի որակումների հետ` նշելով, որ, չնայած նման խնդիրները կարևոր են, սակայն չի կարելի դրանք առաջնահերթ դարձնել:
Բանախոսի կարծիքով` եթե ամբողջովին կենտրոնանալ, օրինակ, Ցեղասպանության ճանաչման վրա, ապա մարդիկ կշեղվեն կարևորագույն ներքին խնդիրներից:
«Մենք պետք է ի վերջո գործենք որպես ապրող հասարակություն, ու Արցախի հարցի ճանաչման իրողությանը գալու համար մի շարք խնդիրներ ունենք լուծելու մեր ներսում: Եթե ամբողջովին կենտրոնանում ես Ցեղասպանության կամ Արցախյան ջարդերի վրա, մոռանում ես այսօրվա Հայաստանը: Վերջին 4-5 տարում օբյեկտիվ ցուցանիշ կա, որ չի կարող ինձ շեղել: Ինչ է կատարվում այսօրվա հայաստանյան հասարակության հետ: Եթե գաղթի մեկնողների ցանկությունը չի պակասելու, եթե ծնելիությունը՝ երեխա ունենալ Հայաստանում, պահել, մեծացնելը չի ավելանալու, ինքնասպանությունների քանակը կտրուկ չի նվազելու՝ արդեն զույգերով են ինքնասպանվում, մարդկանց մոտ հավես չի առաջանալու, ուրեմն ինչի համար են հասարակության պայքարը ու ամբողջ աշխատանքները: Հերիք չէ մեր պապերն են զոհվել, հիմա էլ մենք ենք մեզ զոհվում», – ասել է Բլեյանը: