Փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում ու Ադրբեջանում հիշում են ղարաբաղյան հակամարտության երկու ողբերգությունների զոհերին՝ հայերի ջարդերը Սումգայիթում և Խոջալիի խաղաղ բնակիչների սպանությունները։ Դեպքերը տեղի են ունեցել գրեթե նույն օրը՝ չորս տարվա տարբերությամբ։ Երկու կողմերի համար էլ այդ իրադարձությունները դարձել են հակառակորդի դաժանության ու ատելության խորհրդանիշ․ Սումգայիթը՝ հայերի համար, Խոջալին՝ ադրբեջանցիների։
Տարիների ընթացքում այդ իրադարձությունների շուրջ դավադրության տեսությունների մեծ ցանց է հյուսվել։ Եթե այդ տեսությունները համադրենք՝ կստանանք սյուրռեալիստական մի պատկեր, որում հայերը բռնաբարում և սպանում են խաղաղ հայերին, իսկ ադրբեջանցիներն ի պատասխան գնդակահարում են ադրբեջանցի կանանց ու երեխաներին։
ԲիԲիՍիի լրագրողներ Գրիգոր Աթանեսյանն ու Մահերամ Զեյնալովը փորձել են պարզել՝ ինչպես են առաջացել դավադրական վարկածները ու ինչ դեր են դրանց ձևավորման մեջ ունեցել երկու երկրների առաջնորդները, դիվանագետներն ու իդեոլոգները։
Ինչի մասին են վիճում առաջնորդները
«1990-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական «Փաստարկներ ու փաստեր» թերթին, որում նշել է, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել է ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով», – 2020 թվականի փետրվարի 15-ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանավեճի ժամանակ, հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ուզում էր ասել, որ ղարաբաղյան հակամարտության ամենաարյունալի հաշվեհարդարը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ Խոջալիի հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիների սպանությունը 1992 թվականի փետրվարին, կազմակերպվել է հենց ադրբեջանցիների կողմից։ Այս վարկածը 1990-ականների վերջերից կրկնում է հայկական ԱԳՆ-ն, առավել հաճախ այն տարածվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից։
Սրանից մի քանի ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե 1988-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հայերի ջարդերը՝ զանգվածային բռնություն, որ ցնցել էր ողջ Խորհրդային միությունը, կազմակերպվել էին հայ դավադիրների կողմից։ Այս վարկածը վաղուց տարածվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, որին երկրորդում է նաև երկրի արտգործնախարարությունը։
Կողմնակի դիտորդի համար այս տեսությունները կարող են անհամոզիչ և խառնամիտ թվալ, բայց Հայաստանում և Ադրբեջանում այս վարկածները բավականին տարածված են։
Սումգայիթ․ ժողովուրդների բարեկամության ավարտը
Սումգայթը կառուցվել է 1940-ականներին՝ որպես տիպարային ինտերնացիոնալ քաղաք, իսկ 1980-ականների վերջում վերածվել է վտանգավոր արդյունաբերական կենտրոնի։
Քաղաքի բնակիչների միջին տարիքը 25 էր, և ամեն հինգերորդը դատվածություն ուներ։ Սումգայիթի քիմիական ձեռնարկությունները դասվում էին ԽՍՀՄ ամենավնասակարների շարքերին։ Մանկական մահացությունն այնքան բարձր էր, որ Սումգայիթում հատուկ մանկական գերեզմանատուն էին կառուցել։ Քաղաքում լարվածությունն է՛լ ավելի էր աճել Ադրբեջանի հանրապետական իշխանությունների հայտնի որոշումից հետո՝ Սումգայիթ տեղավորել Հայաստանից ժամանած ադրբեջանցի փախստականներին։
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների խորհուրդը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու որոշում կայացրեց։ Իրավիճակը սրվում էր։ Ղարաբաղում բախումներ էին սկսվում։ Փետրվարի 27-ին ԽՍՀՄ ռազմական դատախազ Ալեքսանդր Կատուսևը հեռուստատեսությամբ հայտարարեց բախումների հետևանքով զոհվածների անունները՝ ազգանուններն ադրբեջանական էին։
Նույն օրը սկսվեցին Սումգայիթի ջարդերը։ Մի քանի օր շարունակ տեղի հայերին բռնաբարում, թալանում, տանջում ու սպանում էին։ Ոմանց՝ ողջ-ողջ այրում։ Խմբակային բռնաբարության զոհերից մեկը հիշում է, թե ինչպես էր մեռած ձևանում՝ մինչ բռնարարներն իրար մեջ էին բաժանում իր ունեցվածքը։
Պաշտոնական տվյալներով, Սումգայիթում այդ օրերին սպանվել է առնվազն 32 մարդ՝ 26 հայ և 6 ադրբեջանցի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Տուժածների հստակ թիվը հնարավոր չէ պարզել․ Սումգայիթի գրեթե ամբողջ հայ բնակչությունը (տարբեր գնահատականներով՝ շուրջ 14-18 հազար մարդ) փախել է քաղաքից։
Սումգայիթի ջարդերը ցնցել էին ողջ երկիրը։ Դա ազգային հիմքով բռնության անսպասելի բռնկում էր, որը նախադեպը չուներ ուշխորհրդային շրջանում։ Միլիցիան անգործության էր մատնված, հայերին փորձում էին փրկել իրենց ադրբեջանցի հարևաններն ու կոմսոմոլականները։ Խորհրդային բանակը քաղաք մտավ փետրվարի 29-ին՝ ջարդերի երրորդ օրը։ Կոմունիստական կուսակցության Կենտկոմի ներկայացուցիչ Գրիգորի Խարչենկոն հիշում է, որ Սումգայիթում ամենուր մասնատված ու այրված դիակներ էին։
Սկզբում իրադարձությունները մամուլում չէին լուսաբանվում, և քչերն էին հասկանում՝ ինչ է կատարվում։ Բաքվում ազգայնականների ցույցերի ժամանակ ջարդերի մասին հաղորդագրությունները դիմավորում էին «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» վանկարկումներով։
Խոջալու․ սպանություն լեռներում
Խոջալուի խաղաղ բնակիչների սպանությունը տեղի ունեցավ Սումգայիթի դեպքերից ուղիղ չորս տարի անց։ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն հայերի ու ադրբեջանցիների միջև լիամասշտաբ պատերազմի էր վերածվել։ Բայց անգամ այդ պատերազմի ֆոնին հարյուրավոր խաղաղ ադրբեջանցիների սպանությունը՝ այդ թվում կանանց ու երեխաների, շոկային էր։ Խոջալուի դեպքերն ամենաարյունալին էին Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ։
Խոջալուի գրոհը տեղի ունեցավ ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլին։ Բնակավայրը մարտավարական նշանակություն ուներ․ դեպի Ղարաբաղի միակ օդանավակայան տանող բանալին էր, որն ադրբեջանական բնակավայրերի արանքում էր, որտեղից կրակում էին հայկական կողմի գլխավոր քաղաքի՝ Ստեփանակերտի ուղղությամբ։
Հայերը հարձակման էին պատրաստվում, բայց խաղաղ բնակիչները ժամանակին չէին տարհանվել։ Արդյունքում, գործողությունը սկսելու պահին Խոսջալուում մի քանի հարյուր խաղաղ բնակիչ կար։ «Մեմորիալ» իրավապաշտպանական կազմակերպության տվյալներով, գյուղում կարող էր 2-4 հազար մարդ գտնվել։
Գրոհը սկսվել է 1992 թվականի փետրվարի 24-ի երեկոյան։ Երբ հայկական ջոկատները գրավել են քաղաքը, բնակիչների մի մասը մնացել էր գերիի կարգավիճակում։ Մյուս մասը՝ մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) անդամները, որոնք այդ ժամանակ քաղաքում էին, մթության մեջ փորձել են շարժվել դեպի ադրբեջանական Աղդամ։
Հայկական կողմի պնդմամբ, բնակիչների համար «ազատ միջանցք» էր բացվել դեպի Աղդամ։ Բայց «Մեմորիալ»֊ի տվյալներով, Խոջալուում ապրող մարդկանց մեծ մասը ոչինչ չի իմացել այդ միջացնքի մասին։
Լուսաբացին Խոջալուից փախչողների՝ ՕՄՕՆ֊ականներից ու փախստականներից բաղկացած շարասյունն Աղդամի փոխարեն դուրս էր եկել հայկական դիրքերի մոտ, որտեղ էլ սպանվել է՝ հայտնվելով հայկական ջոկատների հրաձգության թիրախում։ Այս մասին են վկայում երկու անկախ՝ Human Rights Watch-ի ու «Մեմորիալ»֊ի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները։
Այդ առավոտ սպանվել է շուրջ 100 մարդ։ Նրանց խեղված դիակները մնացել էին գետնին։ Այդտեղ ժամանած լրագրողների առաջ սարսափելի տեսարան էր բացվել․ կանանց, երեխաների, ծերերի դիակներ։ Սպանվածների թվում ՕՄՕՆ֊ականներ ևս կային, բայց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին։
Ադրբեջանի խորհրդարանի հետաքննության համաձայն, մահացել է 485 մարդ, ներառյալ սառցահարվելուց մահացածները։ Այժմ Ադրբեջանի ԱԳՆ֊ն խոսում է 613 զոհի մասին։
Խոջալուի բնակիչների սպանությունը ցնցել էր ողջ Ադրբեջանը։ Մարտի 3-ին օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած կադրերը ցուցադրվում էին խորհրդարանում։ Ընդդիմությունը նախագահ Այազ Մութալիբովին մեղադրում էր ողբերգությունը թաքցնելու և ժողովրդին պաշտպանելու գործում ձախողելու մեջ։ Մի քանի օր անց նա հրաժարական է տալիս։
Արդեն ձևավորված և այլ երկրների կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անգամ իրենց ցավակցությունն են հայտնում։ «Պրեզիդիումը [ԼՂՀ Գերագույն խորհուրդը] իր ափսոսանքն է հայտնում Խոջալուի մոտ գտնվող օդանավակայանի գրավման գործողության ժամանակ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ և ցավակցում զոհվածների հարազատներին», – ասվում է հայտարարության մեջ (քաղվածքը «Իզվեստիա» թերթի 1992 թվականի մարտի 6-ի մոսկովյան թողարկումից)։
«Մեմորիալի» դիտորդների հետ զրույցում [ԼՂՀ] պաշտոնատար անձինք չէին հերքում, որ Խոջալուի գրավման ժամանակ կարող էին վայրագություններ տեղի ունենալ, քանի որ հայկական զորաջոկատներում կային մարդիկ, ում հարազատները սպանվել էին ադրբեջանցիների կողմից, կային նաև հանցավոր անցյալ ունեցող մարդիկ», – գրված է «Մեմորիալի» զեկույցում։
Ղարաբաղյան պատերազմի հրամանատար Մոնթե Մելքոնյանի եղբայրն ու կենսագիրը՝ Մարգար Մելքոնյանը, Խոջալուի դեպքերի մասին խոսելիս նշում է, որ որոշ ջոկատների համար դա նաև վրեժի հարց էր։ Նմանատիպ մի բան է հիշում նաև Ղարաբաղի առաջնորդներից, Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մինչև Խոջալուն ադրբեջանցիները մտածում էին, որ ուղղակի կատակում են մեզ հետ։ Մտածում էին, որ հայերը մարդիկ են, ովքեր չեն կարող ձեռք բարձրացնել խաղաղ բնակչության վրա։ Պետք էր այդ ամենը կոտրել։ Այդպես էլ եղավ։ Պետք է նաև հաշվի առնել, որ այդ ջոկատում Բաքվից, Սումգայիթից փախածներ կային։ Ամեն դեպքում կարծում եմ շատ բաներ չափազանցված են, շատ֊շատ բաներ», – ասել է Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության մասին «Սև այգի» գրքի հեղինակ, բրիտանացի լրագրող Թամաս դե Վաալին։
Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեմուարներում Խոջալուի դեպքերը «մեծ ողբերգություն» է անվանում ու պնդում, որ դրանք տեղի են ունեցել հանգամանքների բերումով։
ԿԳԲ ու հոգեմետ դեղեր՝ նախագահի օրհնությամբ
Սումգայիթի ջարդերի միֆականացումը սկսվեց գրեթե անմիջապես։ 1989 թվականին Զիա Բունիաթովը՝ Ադրբեջանի սոցիալիստական հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահը, «Ինչո՞ւ Սումգայիթը» հոդվածում հայերին մեղադրեց տեղի ունեցածում։
«Սումգայիթի ողբերգությունը հայ ազգայնականների կողմից ծրագրվել է խիստ մտածված ձևով, – գրում էր Բունիաթովը։ – Ջարդերից մի քանի ժամ առաջ հայակական հեռուստա֊ և ֆոտոլրագրողներն արդեն քաղաք էին եկել, սպասում էին։ Ադրբեջանցու անվան տակ առաջին հանցավոր գործողությունն իրականացրել է Գրիգորյան ազգանունով մարդը՝ անձամբ սպանելով հինգ սումգայիթցի հայի»։
Իրականում Գրիգորյանը սովորական հանցագործ էր, ում ճանաչել էին նաև ջարդերի հայ զոհերը։ Նա անկարգությունների շարքային մասնակից էր, ոչ թե առաջնորդը։ Քննության արդյունքներով տասնյակ դատապարտվածներից բոլորը՝ Գրիգորյանից ու մեկ ռուսից բացի, ադրբեջանցիներ էին։
Բունիաթովի առաջարկած վարկածը սկսբում մարգինալ էր, բայց աստիճանաբար թափ էր հավաքում։ Ադրբեջանում այս վարկածը պաշտպանող ու ընդլայնող գրքեր ու հոդվածներ էին հրատարակում։ 1990-ականների սկզբին ռեժիսոր Դավուդ Իմանովն իր «Սումգայիթի արձագանքը» կինոտրիլոգիայում քաղաքը ներկայացնում է որպես ԽՍՀՄ փլուզման համար Կենտրոնական հետախուզական վարչության կազմակերպած միջազգային դավադրության ասպարեզ։
2010 թվականին թեման շարունակում է իրավաբան Ասլան Իսմայլովը՝ «Սումգայիթ՝ ԽՍՀՄ փլուզման սկիզբը» գրքի հեղինակը։ Նա ոչ միայն կրկնում էր Պետական անվտանգության կոմիտեի ու հայ ազգայնականների մասին դավադրության տեսությունները, այլև պատկերավոր մանրամասներ էր ավելացնում․ իբր Գրիգորյանը ջարդերի մասնակիցներին ինչ որ կոճակներ էր տալիս, որից նրանք կորցնում էին ինքնակառավարումը։ Ապացույցների բացակայությունը նա բացատրում է խոստովանությունների ձայնագրությունները պարունակող սկավառակների կորստով։
Մեկ տարի անց Բաքվի՝ նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայում տեղի է ունենում www.sumqait.com կայքի (այժմ չի գործում) բացումը, որին ներկա էին իշխանության ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ։ Կայքը պետք է «միջազգային հանրությանը ներկայացներ ողջ ճշմարտությունը», իսկ գործնականում պարզապես վերարտադրում էր դավադրության նույն տեսությունները։
2014-ին Ալիևի օրհնությամբ սադրիչ Գրիգորյանի մասին լեգենդը նոր մանրամասներ է ստանում։ Հայտնի լրագրող Իբրահիմ Մամեդովը գրում է «Սումգայիթյան սադրանքն ընդդեմ Ադրբեջանի։ Գրիգորյանի գործը» գիրքը։ Գրքում ասվում է, որ այն թողարկվել է Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ։ Գիտական խմբագիրը Ռամիզ Մեհթիևն էր, ով մինչև 2019 թվականը զբաղեցրել է նախագահի վարչակազի ղեկավարի պաշտոնը։ Նա նաև նախաբանի հեղինակն էր։
«1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած դեպքերն իրականում սադրանք են Ադրբեջանի ժողովրդի դեմ։ Այդ իսկ պատճառով այժմ իմ հրամանով այդ հարցի հետ կապված քրեական գործը վերաբացվել է», – նախագահի խոսքերն է մեջբերում գրքի հեղինակը։
Վերջապես, 2018 թվականի փետրվարին՝ ջարդերից ուղիղ 30 տարի անց, այդ վարկածը հնչում է պաշտոնական մակարդակում։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը ջարդերի կազմակերպման մեջ է մեղադրում Հայաստանի և Խորհրդային միության հատուկ ծառայություններին։
«Հայաստանի ահաբեկչական կազմավորումներն ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ադրբեջանի բնակչության դեմ», – ասել է Հաջիևը Սումգայիթի դեպքերի մասին։ Գլխավոր դատախազության ներկայացուցիչները Գրիգորյանին ներկայացնում են որպես ջարդեր իրականացնող մի ամբողջ խմբի ղեկավար։ Հրապարակվում է Ադրբեջանի ԱԳՆ֊ի ու գլխավոր դատախազության համատեղ զեկույցը, որում մեջբերումներ կային նախագահի նախաձեռնությամբ թողարկված գրքից։ Ավելի ուշ զեկույցը ջնջել են ԱԳՆ կայքից։
Մի քանի ամիս անց Հաջիևը սկսում է ղեկավարել նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժինը։ Իսկ 2019-ի նոյեմբերին Սումգայիթի դեպքերի մասին հիշում է նաև նախագահ Ալիևը։
«Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ Սումգայիթի ջարդերն իրականացվել են հայկական ազգայնականների ու հայկական ջոկատների կողմից», – հայտարարել է նախագահը քաղաքի 70-ամյակի տոնակատարության ժամանակ։
Աքրամ Այլիսլիի «Քարե երազները»
Ադրբեջանում պաշտոնական վարկածի ամենահայտնի մարտահրավերը Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը դարձավ, այն հրապարակվել է 2012 թվականին՝ «Ժողովուրդների ընկերություն» ամսագրում։
Այնտեղ խոսվում էր 1988 թվականին Սումգայիթում և 1990 թվականին Բաքվում հայերի կոտորածների ու Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացման մասին։
Վեպում ծաղրանքի են ենթարկվում ազգայնական հեղինակների կեղծարարությունները․ «նորաթուխ պատմաբանների կեղծ֊պոպուլիստական հոդվածներից» ոգեշնչված, վեպի հերոսներից մեկը գրում է «Հայկական ստոր հետքը» հոդվածը։
Վեպի հրապարակումից հետո ադրբեջանական ԶԼՄ֊ները սկսում են քարկոծել Այլիսլիին։ Նրա դեմ էին արտահայտվում քաղաքական գործիչներն ու գործընկերները։ Երիտասարդների խմբեր բողոքի ակցիաներ էին կազմակերպում նրա տան դիմաց ու պահանջում լքել երկիրը։ Գյանջայում ու իր հայրենի գյուղում Այլիսլիի գրքերն այրում էին։
Բի֊բի֊սի֊ի հետ զրույցում գրողը պատմում է, որ իրենից ազգի դավաճան էին սարքել՝ 1930-ականների ստալինյան ոճով։ Այլիսլին այժմ 82 տարեկան է, սրտի հետ կապված խնդիրներ ունի, բայց անգամ բուժման նպատակով երկրից չեն թողնում հեռանա։
«Բոլոր վատ բաներն արվում են ժողովրդի անունից ու հայրենասիրության ալիքի վրա», – ասում է գրողը։
Ադրբեջանցի պատմաբան Արիֆ Յունուսը 1980-ականների վերջերին ու 1990-ականների սկզբին տեղեկություններ էր հավաքում Սումգայիթի դեպքերի մասին։ Պատմում է, որ սկզբում ինքն է՛լ է կարծել, որ ամեն ինչի մեղավորը Պետական անվտանգության կոմիտեն է։
«1988 թվականն էր, ԽՍՀՄ, համացանց չկար, բոլորին թվում էր, թե ինչ արվում է՝ իշխանությունների կողմից է արվում», – հիշում է պատմաբանը։
1992-ին Յունուսը նշանակվել էր նախագահի վարչակազմի տեղեկատվական բաժնի ղեկավար։ Այդ պաշտոնում նա հասանելիություն ուներ Ներքին գործերի նախարարության ու ՊԱԿ֊ի փաստաթղթերին, բայց Սումգայիթի ջարդերի կազմակերպիչների մասին որևէ տվյալ գտնել չկարողացավ, քանի որ ջարդերը կազմակերպիչներ չունեին։
Քաղաքականությունից հեռանալուց հետո Յունուսը սկսում է իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվել։ 2014-ին նա և իր կինը ձերբակալվում են մեղադրանքներով, որոնք հետագայում միջազգային կազմակերպությունների կողմից որակվում են որպես քաղաքական։ Երկու տարի ազատազրկումից ու տնային կալանքից հետո նրանք լքեցին Ադրբեջանը։
Խոջալու․ «շնագայլերի ոռնոցից» մինչև վարչապետի ելույթ
Խոջալուի խաղաղ բնակչության սպանության մասին դավադրության տեսությունների հիմնադիրը, ինչքան էլ զարմանալի չլինի, անկախ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովն էր, ով այդ ողբերգության պատճառով ստիպված եղավ հեռանալ պաշտոնից։ Հրաժարականից մեկ ամիս անց՝ 1992 թվականի ապրիլին, ռուսական «Անկախ թերթին» տված հարցազրույցում նա տեղի ունեցածում մեղադրում է «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցությանը։
«Խոջալուի փրկված բնակիչների վկայությամբ, այդ ամենը կազմակերպվել է իմ հրաժարականի համար հարմար առիթ ստեղծելու նպատակով։ Ինչ որ ուժ աշխատում էր նախագահին վարկաբեկելու համար», – ասել է նախկին նախագահը։
Մութալիբովի այս հարցրազրույցը նրա՝ իշխանության վերադառնալու մարտավարության սկիզբն էր։ Բաքվում նախագահի լիազորություններն իրականացնում էր թույլ առաջնորդ, իսկ առաջնագծում գործերը նույնքան վատ էին։ 1992 թվականի մայիսի 14֊ին Մութալիբովը նորից նախագահ է ընտրվում, սակայն ընդամենը մեկ օրով։
Չնայած Ղարաբաղյան պատերազմին, ի տարբերություն Մութալիբովի, անձամբ մասնակցած Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թերահավատորեն են վերաբերվում նրա վարկածին, Երևանում այն մեծ արձագանք է ստանում։ Ավելի ուշ նախկին նախագահը հրաժարվում էր իր խոսքերից, բայց արդեն ուշ էր։
«Արդարանալու նպատակով Մութալիբովը տեսություն է կառուցում, համաձայն որի՝ ամեն ինչի մեղավորը «Ազգային ճակատն» է։ Հայկական կողմը հաճույքով բռնվում է այդ վարկածից», – պատմում է լրագրող Մարկ Գրիգորյանը։
Մութալիբովի վարկածը վերցրած գաղափարախոսներից էր ԼՂՀ նախկին պատգամավոր Լևոն Մելիք֊Շահնազարյանը։ 1998 թվականի իր «Քաղաքականությունը որպես մահացնելու միջոց» հոդվածում Մելիք֊Շահնազարյանը գրում է, որ Խոջալուի կոտորածները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իշխանությունը գրավելու համար։
Թե՛ Բաքվում, թե՛ Երևանում իրենց կողմի վրայից ողջ պատասխանատվությունը գցելու գործը ստանձնած գաղափարախոսների առջև բարդ խնդիր էր դրված․ համոզիչ կերպով բացատրել, թե ինչպես հակառակորդը կարող էր սառնասրտորեն սպանել իր իսկ խաղաղ հայրենակիցներին։
Մելիք֊Շահնազարյանը սկզբում պոպուլյար հոգեբանությանը դիմեց․ իբր «ադրբեջանական ազգային մենթալիտետը» թույլատրում է հայրենակցի սպանությունը՝ հանուն նպատակի։ Հետո նա անցավ ռասայական գերակայության տեսություններին ու հասավ մինչև հակառակորդի լրիվ ապամարդկայնացում։ Նա գրում էր, որ հայերն ադրբեջանցիներից անսահման բարձր են, և Խոջալուի զոհերի համար ողբը «շնագայլերի ոռնոց» անվանում։
2002 թվականին Մելիք֊Շահնազարյանը հրապարակում է «Խոջալուի գործը․ հատուկ թղթապանակ» գիրքը՝ պատմագետ Հայկ Դեմոյանի համահեղինակությամբ։ Ավելի ուշ Դեմոյանը դառնում է հայերի ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի տնօրեն։ Գրքում նույն գաղափարներն են ներկայացվում, բայց չոր լեզվով՝ առանց «շնագայլերի ոռնոցի»։
Այդ ժամանակ հայկական ջոկատների վրեժի մասին խոսակցությունները դեռ մոդայից դուրս չէին եկել։ 2002-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության բրոշյուրում հրապարակախոս Գևորգ Յազեջյանը գրում էր․ «Ազգային սուրբ վրեժի լավագույն օրինակը դարձավ 1992 թվականի փետրվարին Խոջալուի ազատագրումը։ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ բնակավայրերի արյան բաղնիքներից հայերի արյունը խմած թշնամին անողոքաբար, կարելի է ասել՝ հայավարի, ոչնչացվեց»։ 1999 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում (որպես «Միասնություն» բլոկի մաս) և իշխանությունն իր ձեռքում պահեց մինչև 2018 թվականը։ Բրոշյուրը մինչև հիմա էլ հասանելի է կուսակցության կայքի «Գրադարան» բաժնում։
Երևանում դավադրության այս տեսությունը սկսեց թափ հավաքել, երբ Բաքվում որոշեցին հասնել Խոջալուի բնակիչների սպանությունները ցեղասպանություն որակելուն․ վիճելի դիրքորոշում, որը ծրագրված ու կազմակերպված սպանություն է ներկայացնում, այլ ոչ թե առանձին ջոկատների տարերային ռազմական հանցագործություն, որի մասին խոսում են անկախ հետազոտողները։
«Երկու կողմն էլ չի ուզում ագրեսորի տպավորություն թողնել, երկուսն էլ նախընտրում են զոհի կարգավիճակը։ Տեսություններն էլ այդ զգացողությունների համաձայն են կառուցում», – ասում է լրագրող Մարկ Գրիգորյանը։
Ընդունման փուլ
Խոջալուի դավադրության տարածման գլխավոր կենտրոնը դարձավ Հայաստանի նախագահի աշխատակազմի «Հասարակայնության հետ կապի ու տեղեկատվության կենտրոնը»։ Լիբերալ շրջանակներում այն համարվում է հետսովետական տարածքի առաջին թրոլերի ֆաբրիկաներից։
Ընդ որում, կենտրոնի նախկին ղեկավարությանը ծանոթ աղբյուրները պատմել են, որ այնտեղ նախընտրում էին հասարակական կարծիքի առաջատարների հետ աշխատանքը, իսկ ֆեյսբուքյան ֆեյք հաշիվները ակտուալ դարձան միայն 2016-ին։
Հենց այդ կենտրոնն էր հարևան պետության հետ տեղեկատվական պատերազմի շտաբը։ Բաքվում նույն դերը ստանձնել էր Ադրբեջանի նախագահին կից Մարտավարական հետազոտությունների կենտրոնը, որը՝ ըստ կենտրոնի տնօրենի, ծառայում էր «Ադրբեջանի պրոպագանդային ամբողջ աշխարհում»։ Լրագրող Մարկ Գրիգորյանի խոսքով, երկու կողմերն էլ քարոզչական մեծ ջանքեր են ներդրել այդ տեղեկատվական պատերազմի մեջ։
Հայաստանի նախագահի աշխատակազմին կից կենտրոնի աշխատակիցները վարում էին xocali.net, xocali.tv, karabakhrecords.info, և այլ կայքեր։ Գրքեր էին գրում ու վավերագրական ֆիլմեր նկարահանում, որոնցում Ադրբեջանին մեղադրում էին ցեղասպանության մեջ ու հերքում հայկական ջոկատների՝ Խոջալուի դեպքերի հետ կապը։
Մեղքը չընդունելով, հեղինակները միևնույն ժամանակ ակնարկում էին, որ Խոջալուի բնակիչների սպանությունը վրեժ էր հայերի տառապանքների համար։ xocali.net կայքի ֆեյսբուքյան «Խոջալու․ մի պատճառի հետևանքներ» ֆոտոալբոմում կոլաժներ են հրապարակված, որոնցում Ստեփանակերտում 1992֊ի հունվարին սպանված կամ վիրավորված հայերի նկարներն են՝ նույն թվականի փետրվարին Խոջալուում սպանված ադրբեջանցիների նկարների կողքին։ Կոլաժները հրապարակվում են «Հետևանքը պատճառի մեջ է, ինչպես սերմի մեջ են ծաղիկն ու ապագա պտուղը» գրության ներքո։
2009-2017 թվականներին կենտրոնի նախագահը Արա Սաղաթելյանն էր, ով ավելի ուշ ստանձնում է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Խոջալուի մասին վավերագրական ֆիլմի պրոդյուսերը նրա զարմիկն էր՝ Արման Սաղաթելյանը, ով ՈՒՀԱ (Ուրախների և հնարամիտների ակումբ, КВН) «Նոր հայեր» թիմի ավագից հասել էր մինչև իշխող կուսակցության պատգամավորի պաշտոնը։
Նախագահի վարչակազմին զուգահեռ, Խոջալուի մասին դավադրության տեսությունը տարածում էր նաև ԱԳՆ֊ն։ 1997-ին այդ տեսությունը հնչեցրեց ՄԱԿ֊ում Հայաստանի ներկայացուցիչը։ 2014-ին այդ վարկածը կրկնեց նաև Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Մութալիբովի այն նույն հարցազրույցին հղվելով, նա ադրբեջանցիներին մեղադրեց սպանության մեջ։ 2018-ին նախարարը նորից հիշեց այդ տարբերակը։
Վերջապես, 2019-ի նոյեմբերին այդ վարկածը կրկնեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Անգամ Ադրբեջանի նախկին նախագահն է իր հարցազրույցում ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով», – ասել է Փաշինյանը։
2020 թվականի փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հետ զրույցում Փաշինյանը նորից նույնն ասաց։
«Առասպելները միշտ հաղթում են իրականությանը»
Փաշինյանն իշխանության է եկել 2018 թվականին՝ զանգվածային բողոքի ցույցերի ալիքի վրա։ Նա իրեն հակադրում էր «քրեաօլիգարխիկ ռեժիմին» ու խոստանում նոր Հայաստան կառուցել։
Այդ ժամանակ քչերն էին սպասում, որ նա ևս կկրկնի այն դավադրության տեսությունները, որոնք տարածվում էին իր համար այդքան ատելի նախորդի կողմից։ Բայց, ըստ Մարկ Գրիգորյանի, «Կովկասում առասպելների իրականության հետ հակամարտությունում միշտ առասպելներն են հաղթում»։
Առասպելները, սակայն, ոչ բոլորին են դուր գալիս։ 2014 թվականին Ժիրայր Լիպարիտյանը, ով 1990-ականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդականն էր, գրում էր, որ Խոջալուի հերքումը հիշեցնում է Սումգայիթում ջարդերի մասին ադրբեջանական վարկածները։ Նա կոչ էր անում ստանձնել պատասխանատվությունն, անգամ եթե հակառակորդը շարունակում է հերքել իր հանցագործությունները։ «Մարդկային տառապանքները չպետք է շուկայական առևտրի թեմա դառնան»,֊ գրում էր Լիպարիտյանը։
«Հայերը Խոջալուի մոտ սպանություններ են իրականացրել։ Այլ ռազմական հանցագործություններ էլ են կատարել, էլ չեմ խոսում Հայկական ԽՍՀ֊ում ադրբեջանցիների նկատմամբ բռնության մասին», – կարծում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Անթառամյանը։
Տեղեկատվական պատերազմին մասնակցելուց հրաժարված լրագրողների թվում է Յուրի Մանվելյանը՝ epress.am֊ի գլխավոր խմբագիրը։ Նա ծնվել է Կիրովաբաթում (այժմ՝ Գյանջա)։ Վեց տարեկան էր, երբ քաղաքում ջարդեր են սկսվել։ Հիշում է, թե ինչպես էին հայերը թաքնվում տեղի եկեղեցու բակում, որտեղ մեծ խարույկ կար։ Ընտանիքը Երևան է փախչում։
Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնության ու հայկական բանակի դեդովշինայի մասին նյութերի համար Մանվելյանն ու խմբագրության մյուս աշխատակիցները վերջին տարիներին բազմիցս հետապնդումների են ենթարկվել։ Անանուն հեռախոսազանգեր է ստացել․ «Պիդըռ, քո Բաքու վերադարձիր»։ Լրագրողը ծիծաղելով նշում է, որ երբեք Բաքվում չի եղել։
«Բա՞րդ է արդյոք ինձ համար հավատալ, որ հայկական Ղարաբաղի համար կռվողները պատրաստ են խաղաղ բնակիչների սպանել։ Ոչ, բարդ չէ»,֊ ասում է Մանվելյանը։
«Փաշինյանը կիրթ ու ոչ հիմար մարդու օրինակ է, ով, ազգայնականության մթնոլորտով ու կրթությամբ ծանրաբեռնված, կարող է կրկնել դավադրության տեսությունները», – կարծում է լրագրողը։
Այժմ Խոջալուն ու Սումգայիթը ոչ թե պարզապես Հայաստանի ու Ադրբեջանի դիմակայության սարսափելի դրվագներ են, այլ երկու ժողովուրդների ազգային ինքնության մաս, ասում է Մարկ Գրիգորյանը։
«Այդ իրադարձություններում սեփական մեղքը հերքելը ևս ազգային ինքնության մաս է դարձել, – շարունակում է լրագրողը։ – Այսինքն, մենք դեռ երկար պիտի ապրենք ու մտածենք այնպես, ինչպես սահմանում է մեր ժողովուրդների հավաքական գիտակցութունը»։
Բի֊բի֊սի֊ն մեկնաբանությունների համար դիմել էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ֊ներին։
Հայաստանի ԱԳՆ֊ն Բի֊բի֊սի֊ի հարցմանն ի պատասխան ասաց, որ Խոջալուում խաղաղ բնակիչների սպանության ողջ պատասխանատվությունը Ադրբեջանն է կրում, ու ադրբեջանական կողմին մեղադրեց այդ իրադարձության մասին ճշմարտությունը թաքցնելու ու աղավաղելու փորձերի մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ֊ն Սումգայիթի դեպքերը Ադրբեջանի դեմ հայերի կողմից մանրակրկիտ մտածված սադրանք որակեց ու հայտարարեց, որ հայկական լրագրողները նախապես եկել էին Սումգայիթ ու սպասում էին ջարդերի սկսվելուն։