Պաշտոնական Երևանն ու Բաքուն ուժի տեսանկյունից են խոսում, «խաղաղության կուսակցություններ» չկան ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում: Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան, Հայաստանի «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Միքայել Դանիելյանը:
Միաժամանակ, նա «խաղաղության կուսակցության անդամների թվին է դասել հակամարտող կողմերի առանձին քաղաքական գործիչներին»:
«Հայաստանի դեպքում կարող եմ ասել, որ նման հասկացությանն ավելի շատ առնչվում են այն քաղաքական գործիչները, որոնք լիբերալ-դեմոկրատական արժեքների կրող են: Այդպիսիններ կան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում և նոր հայտնված «Ազատ դեմոկրատների» մեջ: Վստահ եմ, որ Ադրբեջանում էլ այդպիսինները կան, սակայն, ցավոք սրտի, ոչ իշխանությունում»,- պարզաբանել է իրավապաշտպանը:
Ըստ Դանիելյանի` երկու երկրներում էլ ներկայիս իշխանությունները միայն խոսում են հաշտության և կարգավորման մասին, իսկ գործնականում շարունակում են «պատերազմի» քաղաքականությունը:
Հաշտությունը, իրավապաշտպանի կարծիքով, հնարավոր է միայն հակամարտության կարգավորման դեպքում, որը սկսվում է «տեղի ունեցածը իմաստավորելուց և երկկողմանի զղջումից հետո»:
«Ես չեմ խոսում կույր կրոնական ապաշխարության մասին: Երկրների սահմաններից դուրս հայերն ու ադրբեջանցիները շատ էլ լավ շփվում են, ընկերություն անում, համատեղ բիզնես վարում: Այնպես որ, հարցը, կարելի է ասել, լուծված է, մնում է նվազագույնը անել` փոխել իշխանությունները մեր և ձեր մոտ: Եվ դրա համար բավարար ուղեղներ կգտնվեն մեր երկրներում»:
Հարցին` ինչպես է նա գնահատում Սումգայիթում և Խոջալուում տեղի ունեցած դեպքերը և ով է պատասխանատու այդ իրադարձությունների համար, Միքայելյանը պատասխանել է. «Տարբեր ազգերի պատկանող տարատեսակ ազգայնականները, փորձառու «սադրիչները» …եվ հասարակ լածիրակները…որոնք բավականին շատ են Հայաստանում և Ադրբեջանում»:
Իրավապաշտպանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի համար կարևոր խնդիր է մնում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների բացարձակ արհամարհանքն ու ոտնահարումը իշխանությունների կողմից: «Եվ իշխանության գլխին կանգնածների թողտվության դեմ համատեղ պայքարը, միգուցե, արդեն մոտեցրել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»: