Արցախի դատախազությունից հաղորդում են՝ Անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկը պետությունից 25 միլիոն դրամ է հափշտակել՝ ակնհայտ կեղծ-հաշիվ-ապրանքագրերի միջոցով։ Ըստ գերատեսչության՝ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին, իսկ քրեական գործը հարուցվել է օրեր առաջ։ Պաշտոնյայի ինքնությունը դատախազությունը չի բացահայտում։
«2022թ. սեպտեմբերին ԱՀ անվտանգության խորհրդի պաշտոնատար անձը, համաձայնություն ձեռք բերելով առևտրային կազմակերպության ղեկավարի հետ, առանց ապրանք մատակարարելու մտադրության կազմել են անվտանգության խորհրդի գրասենյակին ապրանքներ մատակարարելու վերաբերյալ ակնհայտ կեղծ հաշիվ-ապրանքագիր, դրա հիման վրա պետական բյուջեից առևտրային կազմակերպությանը փոխանցվել է 26 միլիոն դրամ, որից 25 միլիոն դրամը կանխիկացվել ու յուրացման եղանակով հափշտակվել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս», – գրել է հաղորդագրությունում։
Քրեական գործ է հարուցվել առնաձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու ու կեղծ ձեռնարկատիրության հոդվածներով, հետաքննություն է անցկացվում։
Դատախազությունն ավելի վաղ էլ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործի մասին էր հայտնել։ Այն կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։
Արդյոք Վիտալի Բալասանյանին առնչվող քրեական գործն ու նոր հարուցված քրեական գործը նույն դեպքի վերաբերյա՞լ են՝ դատախազությունից չեն մեկնաբանում։ Բալասանյանը հայտարարություններ չի արել։
63-ամյա Վիտալի Բալասանյանը պաշտոնից ազատվել է այս տարվա հունվարին՝ այլևս պաշտոնանկ արված պետնախարար Ռուբեն Վարդանյանի օր։ Հեռացման պատճառները հայտնի չեն։ Բալասանյանի անունը մինչ այդ հիշատակվում էր հիմնականում ղարաբաղա-ադրբեջանական շփումների կոնտեքստում։
Սեպտեմբերին տեղի ունեցած ենթադրյալ յուրացման ժամանակ Արցախի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր հենց Վիտալի Բալասանյանը։