Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան, Վլադիմիր Պուտինը հայտարարեց այսպես կոչված «հատուկ ռազմական գործողության» մեկնարկի մասին, որն ուղղված էր Ուկրաինայի «դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային»։ Հայտարարությանը զուգահեռ ուկրաինական տարածքի վրա հրթիռային հարձակումներ սկսվեցին, ռուսական զորքը ներխուժեց Ուկրաինա։
BBC-ն հավաքել է պատերազմի հիմնական իրադարձությունները ներկայացնող ամենաազդեցիկ ֆոտոներն ու դրանց պատմությունները։
Խարկովի մարզի Չուգուև քաղաքը ռուսական զորքի առաջին թիրախներից մեկն էր։
2022-ի փետրվարի 24-ին Չուգուևի բնակելի շենքերից մեկի վրա արկեր ընկան։ Պարուսույց և ուսուցիչ Ելենա Կուրիլոն ստացավ վիրավորում։ Ապակու բեկորները ընկել էին Կուրիլոյի աչքերի մեջ՝ վնասելով նրա տեսողությունը։
Շուրջ մեկ ամիս Չուգուևում ռմբակոծությունների տակ ապրելուց հետո ուսուցչուհուն հաջողվել էր բուժման համար մեկնել Լեհաստան։ Երեք վիրահատությունից հետո, այնուամենայնիվ, նրա տեսողությունը ամբողջությամբ վերականգնել չհաջողվեց։
Լուսանկարում՝ Կիևում փետրվարի 26-ին ռուսական հրթիռից ավերված բարձրահարկ շենքն է։ Հրաշքով տուժած բնակարանների բնակիչներից ոչ ոք չի մահացել։
Ուկրաինական իշխանությունների գնահատականներով՝ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ ավերվել է շուրջ 140 հազար շենք, որից 18 հազարը՝ բազմահարկ։
Խարկովի բնակիչը իր շան հետ՝ ապաստարանի վերածված մետրոյի կայարանում։ 2022-ի մարտի սկզբներին հազարավոր մարդիկ սկսեցին գիշերել Խարկովի ու Կիևի մետրոների կայարաններում։
2022 թվականի մարտի 7․ բնակիչները տարհանվում են Իրպենից։ Մարդկանց տարհանում են Բուչա գետի ավերված կամրջի երկայնքով տեղադրված բարակ տախտակի վրայով։
Երկու օրվա ընթացքում այս ճանապարհով էվակուացվել են Իրպենի ու Բուչայի շուրջ մեկ ու կես հազար բնակիչ։ Կիևի արվարձանները մեքենաներով լքողներից շատերը մահացան ռմբակոծություններից։
Մարտի առաջին շաբաթվա վերջում ռուսական զորքերը գրավեցին երկու բնակավայրերը, և տարհանումը դադարեց։
Ծուխը Կիևի հյուսիսային արվարձաններում՝ Գոստոմել, Բուչա, Իրպեն: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, ռուսական պլանների մեջ էր մտնում արագ առաջխաղացումը դեպի Կիև։
Սակայն մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում պարզ դարձավ, որ ռուսական զորքերը չեն կարող հասնել անգամ մայրաքաղաքի ծայրամասեր։
Մարտերի արդյունքում ոչնչացված աշխարհի ամենածանր ինքնաթիռը՝ ԱՆ-225 «Մրիյա» (ուկրաիներենից թարգմանաբար «Երազանք»)։
Թեժ մարտեր էին ընթանում Գոստոմելի օդանավակայանի համար, որտեղ ռուսական բանակը պատրաստվում էր համալրող ուժեր տեղակայել։ Արդյունքում ռուս զինվորականներին չհաջողվեց օգտագործել Գոստոմելը՝ դեսանտային զորքեր տեղափոխելու համար։
2022-ի մարտ․ Իրպենի բնակիչը հանգստացնում է հրետակոծության ձայների պատճառով վախից անշարժացած շանը։
Մարտի վերջին ռուսական բանակը լքեց Իրպենն ու Բուչան։ Ապրիլի 1-ին ուկրաինական զորքերը, օտարերկրյա լրագրողների ուղեկցությամբ, մտան արվարձաններ։
Հայտնի դարձավ քաղաքների ճանապարհներին ընկած քաղաքացիական հագուստով մարդկանց բազմաթիվ դիակների մասին։ Ավելի ուշ պարզվեց, որ շատերին գնդակահարել են․ մարդկանց գտել էին կապած ձեռքերով։
Բուչայի եկեղեցիներից մեկի մոտ հայտնաբերվեցին առաջին զանգվածային գերեզմանները։ Աշնան սկզբին նույնականացվեցին 422 բնակիչների մասրունքներ։
Նմանատիպ ողբերգություններ հայտնաբերվեցին նաև ռուսական բանակի կողմից գրավված այլ բնակավայրերում՝ Իրպենում, Բորոդյանկայում։ Զոհերի ընդհանուր թիվը Կիևի արվարձանային քաղաքներում գերազանցեց 1000-ը։
Իրինա Ֆիլկինայի կարմիր մանիկյուրը․ Բուչայում նկարված ամենահայտնի լուսանկարներից մեկը։
Փետրվարի 24-ին Միխայլովկա-Ռուբեժովկա գյուղի 52-ամյա բնակչուհին գնացել էր Կիև, որտեղ աշխատում էր որպես կաթսայատան օպերատոր։ Գնդակոծության պատճառով Իրինան ստիպված եղավ մեկ շաբաթ մնալ Կիևում՝ թաքնվելով ապաստարանում։ Մարտի 5-ին նա որոշեց գնալ տուն՝ չիմանալով, որ Իրպենն ու Բուչան, որոնցով անցնում էր նրա ճանապարհը, արդեն օկուպացված են։ Իրպենում պարզ դարձավ, որ Միխայլովկա մեքենայով հնարավոր չէ հասնել, և որոշեց շարունակել ճանապարհը հեծանիվով։
«Հասնելով Իրպենի կենտրոն, որտեղից նրան 15 րոպե էր մնացել տուն հասնելու համար, Իրինան զանգում է դստերը», – Ֆիլկինայի կյանքի վերջին րոպեների մասին է գրում «Холод» լրատվականը, – «Մամ, հիմա այդտեղ տարհանում է կազմակերպվում Իրպենից, բոլորին տարհանում են։ Թող հեծանիվը, վազիր դեպի գետը, հիմա քեզ էլ կտանեն։ Մի գնա տուն», – հիշում է նրանց հեռախոսազրույցը Իրինայի դուստրը՝ Օլգան։
Նա ասում է, որ այդ օրն առավոտվանից տելեգրամյան ալիքներ էր կարդում և գիտեր ռազմական գործողությունների ու օկուպացիայի մասին։ «Վերջ աղջիկս, մայրիկդ քեզ սիրում է։ Դժվարանում եմ [հեծանիվի] ոտնակները պտտել, կզանգահարեմ», – պատասխանում է Իրինան։ Բայց այդպես էլ չի զանգահարում։
2022-ի մարտի 9․ Մարիուպոլի թիվ 2 ծննդատան ռմբակոծության առաջին րոպեները։ Ազովի ծովի ափին գտնվող Մարիուպոլ քաղաքի համար, որի նախապատերազմյան բնակչությունը կազմում էր 400 հազար մարդ, մարտերն արդեն սկսվել էին։
Բժիշկներին չհաջողվեց փրկել ո՛չ լուսանկարի հերոսուհու, ո՛չ էլ նրա նորածին երեխայի կյանքը։
Օրեր անց քաղաքն արդեն գրեթե լիակատար շրջափակման մեջ էր՝ չկար էլեկտրականություն, ջրամատակարարում, դեղորայք, սնունդ և կապ։ Մարիուպոլում մնացին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ, ովքեր չէին հասցրել լքել բոլոր կողմերից ռմբակոծվող քաղաքը։
Մարիուպոլի պաշարումը տևեց գրեթե երեք ամիս: Ռուսական բանակի վերահսկողության տակ անցնելուց հետո 400 հազար բնակչից քաղաքում մնացել էր 120 հազարը։
2022-ի մարտի 24․ տարհանում Մարիուպոլից։
Երկար շաբաթներ Մարիուպոլի խաղաղ բնակիչները թաքնվում էին նկուղներում, որտեղ կրակի վրա ուտելիք էին սարքում, իսկ ջրափոսերից՝ ջուր հավաքում։ Շատերը (Ուկրաինայի իշխանությունների նախնական գնահատականներով՝ առնվազն 22 հազար խաղաղ բնակիչ) զոհվեցին ռմբակոծություններից, հարևանները նրանց թաղեցին տների բակերում։
Մարտի վերջին սկսեցին աշխատել հումանիտար միջանցքները։ Քաղաքացիական մեքենաներն ու կազմակերպված ավտոբուսները ռուս զինվորականների վերահսկողության տակ դուրս էին գալիս քաղաքից՝ ուղևորվելով դեպի Ռուսաստանին բռնակցված Ղրիմ, Դոնեցկի մարզի օկուպացված բնակավայրեր կամ ուկրաիանական Զապորոժիե։
Կրամատորսկի երկաթուղային կայարանի հրթիռակոծությունը․ զոհվել է 52, վիրավորվել՝ մոտ 100 մարդ։ Ռմբակոծության պահին կայարանում էին կանգնած հազարավոր մարդիկ, ովքեր սպասում էին տարհանման գնացքներին։
Դեպքից ընդամենը մի քանի օր առաջ Ուկրաինայի իշխանությունները, ակնկալելով ռուսական զորքերի առաջխաղացումը, հայտարարել էին Կրամատորսկից խաղաղ բնակչության տարհանման մասին։
Հենց այս քաղաքը դարձավ Դոնեցկի վարչական կենտրոնը 2014 թվականին մարզի փաստացի օկուպացիայից հետո․ այստեղ էր տեղակայված շրջանի ռազմական վարչակազմը։
Սեվերոդոնեցկը 2022-ի հուլիսին՝ ուկրաինական զորքերի նահանջից հետո։
Ռուսական զորքերին պահանջվեց 4 ամիս՝ քաղաքն ամբողջությամբ գրավելու համար։ Ուկրաինական ուժերը մի քանի օր անց նահանջեցին նաև Սևերսկի Դոնեց գետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լիսիչանսկից։ Այս երկու քաղաքները ռուսական բանակի վերջին խոշոր նվաճումն էին 2022 թվականին։
Լիսիչանսկ. Հայրը վազում է դեպի որդու մարմինը, որը մահացել է, ենթադրաբար, կասետային արկերից:
ՄԱԿ-ի տվյալներով, 2023-ի փետրվարի առաջին շաբաթվա դրությամբ, Ուկրաինայում զոհվել է առնվազն 7155 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 11622։ Տվյալները վերջնական չեն։
«Ազովի» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը՝ ռուսական գերությունից ազատվելուց հետո։
Սեպտեմբերի կեսերին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ ռազմագերիների մեծ փոխանակում։ Այն առաջինը չէր, բայց նշանակալից էր․ փոխանակման արդյունքում ազատ են արձակվել Մարիուպոլում հանձնված «Ազովի» 108 զինծառայողներ։
«Ազովի» ու ևս գրեթե 100 ուկրաինացի զինծառայողների դիմաց Ռուսաստանը հետ է վերադարձրել 55 ռուս զինծառայող, ինչպես նաև նախապատերազմական Ուկրաինայում ռուսական քաղաքականության գլխավոր քարոզող, Վլադիմիր Պուտինի կնքահայր, այժմ արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկին։
2022-ի հոկտեմբերի 8․ հրդեհ Ղրիմի՝ Կերչի կամուրջի վրա։ Ամառվա վերջ ու աշնան սկիզբ բռնակցված Ղրիմի մի շարք ռազմական օբյեկտներում պայթյուններ տեղի ունեցան։
Պաշտոնական Կիևն այդպես էլ չընդունեց, որ հարվածներն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ Ռուսաստանը կամրջի պայթեցմանը պատասխանեց ուկրաինական տասնյակ քաղաքների վրա զանգվածային հրթիռակոծությամբ և դա սկիզբ դրեց էլեկտրաէներգետիկայի ենթակառուցվածքների վրա հրթիռային հարձակումներին։
Այրված և ժանգոտած հետևակի մարտական մեքենան (ԲՄՊ) դաշտում, Խարկովի մարզ։
Սեպտեմբերի սկիզբը նշանավորվեց ուկրաիանական զորքերի արագ հարձակմամբ Խարկովի մարզի հարավում և Դոնեցկի մարզի հյուսիսում։ Մեկ շաբաթվա ընթացքում ազատագրվեցին Բալակլեան և Իզյումը՝ ռուսական բանակի երկու հենակետերը։
Շրջափակման սպառնալիքի տակ գտնվող ռուսական զորքերը փախնում էին՝ թողնելով տեխնիկա և զինամթերք։ Հակահարձակման մեկ ամսվա ընթացքում ուկրաինական ուժերին հաջողվեց վերադարձնել մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ հարձակման հարավային թևից՝ Լիմանից, մինչև ուկրաինա-ռուսական սահմանի հյուսիսային թև:
Ազատագրված Լիման քաղաքի բնակիչները՝ իրենց տան դիմաց։
Քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի նախնական գնահատականները վաղուց հասնում են տասնյակ միլիարդավոր դոլարների: Ուկրաինայի իշխանությունները զգուշացնում են բնակիչներին՝ չվերադառնալ լքված տներ։ Բացառված չէ, որ Լիմանը կրկին հայտնվի առաջնագծում։
Ուկրաինացի երաժիշտ և հեռուստահաղորդավար, այժմ զինծառայող Կոլյա Սերգան ելույթ է ունենում Խերսոնի «Ազատության» հրապարակում։
Ռուսական իշխանությունները նոյեմբերի 9-ին հայտարարեցին Խերսոնի հանձնման մասին՝ նահանջելով Դնեպրից։ Ազատագրումից հետո ուկրաինական իշխանությունները, այնուամենայնիվ, հորդորեցին բնակիչներին հեռանալ քաղաքից։ Այժմ մարզկենտրոնն առաջնագծում է դրանից բխող բոլոր հետևանքներով՝ պարբերական հրետակոծություններ, լույսի, ջեռուցման և ջրի բացակայություն:
Մոսկվայի հավաքագրման կետում մոբիլիզացված տղամարդն անցնում է հարազատների ամբոխի կողքով:
Սեպտեմբերի 21-ին՝ մի շարք ռազմական անհաջողություններից հետո, ՌԴ նախագահը սկսեց այն, ինչ իշխանությունները բազմիցս խոստացել էին չանել՝ մոբիլիզացիա։ Այն կոչվում էր «մասնակի», սակայն մինչ այժմ դրա ճշգրիտ պարամետրերը մնում են անհայտ։ (զորահավաքի հրամանագրում նշվում է 300 հազար թիվը): Մոբիլիզացվածներին ռազմաճակատ ուղարկելն ուղեկցվեց բազմաթիվ սկանդալներով. մարդկանց ուղարկում էին վատ զինված ու անպատրաստ:
Տարբեր գնահատականներով՝ հարյուրից մինչև երեք հարյուր հազար զորակոչի տարիքի տղամարդ փախել է Ռուսաստանից հարևան երկրներ։ 2022 թվականի վերջին մոբիլիզացիայի տեմպերը դանդաղեցին, բայց պաշտոնապես այն չհայտարարեցին ավարտված։
2023 թվականի փետրվարի դրությամբ, որոշ աղբյուրների համաձայն, հայտնի է շուրջ 1082 մոբիլիզացվածների մահվան մասին։
2022 թվականի հոկտեմբերի 10-ին Կիևի վրա հրթիռային հարձակումը ևս մեկ անգամ Ուկրաինայի մայրաքաղաքին հիշեցրեց պատերազմի առաջին ամիսներին ապրած սարսափի մասին։ Ընդհանուր առմամբ, այդ օրը մայրաքաղաքում վիրավորվել է շուրջ 50, մահացել՝ 7 մարդ։
Ռուսաստանը սկսեց հարձակվել ուկրաինական խոշոր քաղաքների և կարևոր ենթակառուցվածքների վրա՝ փորձելով ձմռանն ընդառաջ բնակիչներին զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից: Ուկրաինայի իշխանությունների գնահատականներով՝ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Ռուսաստանը ոչնչացրել կամ վնասել է մոտ 700 կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ՝ օդանավակայաններ, կամուրջներ, նավթային պահեստներ, էլեկտրակայաններ։
Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքերը Կիևի երկնքում։
Իրանից գնված ռուսական ԱԹՍ-ները թռչելով խմբերով, ցածր և համեմատաբար դանդաղ, հաճախ շրջանցում են հակաօդային պաշտպանության համակարգերը և պայթում հասնելով թիրախին:
Ուկրաինացի զինվորները կրակ են բացում Բախմուտի առաջնագծում։
Այս քաղաքը, որը ռուսական զորքերը արդեն 6 ամիս է փորձում են գրավել, գտնվում է բռնակցված Դոնեցկի մարզի հյուսիսային սահմանից դեպի Կրամատորսկի ու Սլավյանսկի արդյունաբերական կենտրոններ տանող ճանապարհին։
Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ Բախմուտ քաղաքի գրավումը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է դրանից, էապես կօգնի ռուսական զորքերին տեղափոխվել Դոնեցկի շրջանի հյուսիս-արևմուտք: Ռուսաստանը հսկայական ուժեր է նետել այս հարձակման մեջ, և ծայրահեղ դանդաղ առաջխաղացման հետևանքով զոհերի թիվը հասնում է հազարների:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանը՝ ռուսների կողմից գրավված Սոլեդարում։
Ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պատերազմի համար սկսեց հավաքագրել բանտարկյալների:
Դնեպրի հրթիռակոծության ժամանակ տուժած բնակարաններից մեկը՝ նարնջագույն խոհանոցը, սեղանի խնձորները, փլված պատը։
2023-ի հունվարին ուկրաինական քաղաքների հերթական ռմբակոծության ժամանակ Դնեպրի բնակելի շենքերից մեկի երկու շքամուտքերը (72 բնակարան) ամբողջությամբ ավիրվեցին։ Փլատակների տակ կամ ծանր վնասվածքներից 45 մարդ մահացավ։
Ֆոտոները՝ Getty Images, Reuters, AFP, Shutterstock, AP, ТАСС, Anadolu Agency, DMYTRO ‘OREST’ KOZATSKYI, MAXAR, Planet Lab գործակալություններից։
Ուկրաինայի մասին նորություններին կարելի է հետևել կայքի «Ուկրաինայից» թեմայի մեջ։