Home / Հայաստան / Ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են հանում բնակիչների իրերը

Ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են հանում բնակիչների իրերը

Ոստիկանները ՊՆ նախկին շենքից դուրս են հանել բնակիչների իրերը:

«Իրանք մեզ տվել էին 10 օր ժամանակ, որպեսզի մեր իրերը հանենք էդտեղից։ Նախ, մեկը ես՝ տեղ չունեմ տանելու, ոչ էլ ունեմ գումար, որ ավտոտնակ վարձեմ իմ իրերը տանեմ էնտեղ տեղափոխեմ։ Էսօր առավոտյան եկան, հայտարարություն արեցին, որ՝ ձեր իրերը տանում են Պետական եկամուտների կոմիտե, կգնաք ձեր իրերը էնտեղից կվերցնեք», – ասում է բնակիչներից Ռուզաննան։

Կանայք պնդում են, որ ոստիկանները իրենց իրերից որոշ բաներ գողացել են, այրել են երեխայի շորերը՝ վառարանը վառելու համար, օգտվել են իրենց ուտելիքներից ու ապրանքներից։ Դարպասներից այն կողմ կանգնած տղամարդը՝ քաղաքացիական հագուստով, ի պատասխան առաջարկեց հաղորդում ներկայացնել Եղվարդի Ոստիկանության բաժին։

Երեք կին մոտեցան շենքի դարպասներին ու խնդրեցին դրանց հետևում գտնվող ոստիկաններին ուղեկցել նրանց բնակարաններ՝ տեսնելու ինչ իրեր են մնացել այնտեղ։

Ոստիկան․— Հեսա կհայտարարենք՝ որտեղ ա, «Ազդարարում» էլ գցած ա՝ հասցեով, որտեղ ա, որ համայնքում ա տրամադրվելու տեղ։ Էդտեղ կարաք կարդաք, մոտենաք ձեր վեշերը ստանաք։
Բնակիչ․— Իսկ կարող եմ ես հիմա, մտնեմ տեսնեմ եթե դեռ իրանց ձեռքերը չի հասել իմ բնակարանին, ես իմ վեշերը, թեկուզ կրելով, ձեռքերով, տանեմ դնեմ վրանի կողքը։ Հնարավո՞ր ա։
Ոստիկան․— Տիկին Ռուզան, քանի օր ա խնդրում ենք։
Բնակիչ․— Հասկացա խնդրել եք, բայց ես չէ՞ որ տեղ չունեմ տանելու։ Տանեմ որտե՞ղ լցնեի։

Հիշեցնենք՝ ՊՆ նախկին շենքի բնակիչները փետրվարի 16-ից գիշերում են դրսում։ Ոստիկանները բռնի ուժով դուրս էին հանել շենքում ապրողներին՝ «ներխուժումը» վերացնելու համար։ Արդեն 10 օրից ավել է՝ նրանք ապրում են հարակից փողոցում։

Սոցապ նախարարությունը ժամանակավոր կացարաններ է տրամադրում բնակիչներին և հրաժարվում մեկնաբանել դրանց վատ պայմանները։ Նոր ծրագիր կա, վարձավճարի ժամակավոր փոխհատուցում են խոստանում․․․